▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի խաբվեք մկանների զանգվածին, սեռին. բոլորս ներսում պուճուր երեխա ենք` մեծի շորեր հագած

Մարդիկ հաճախ փորձում են արդարացնել իրենց կամ ուրիշների սխալները` պատճառաբանելով, թե դա դիտավորյալ չէր: Հասկանալի է, քիչ կան այնպիսիք, որ առավոտյան մտածում են, թե օրվա ընթացքում ում և ինչ վատություն անեն: Բոլորն էլ ուղղակի ապրում են, մեկ էլ հոո՜պ, ինչ-որ պահի, ինչ-որ մեկին պա-տա-հա-բար հարվածում են: Զոհը մի անկյունում նվվում է, իսկ ագրեսորը սկսում է արդարանալ, թե` չէի ուզում, մտքովս չանցավ, դե ի՞նչ անեմ, ստացվեց և այլն: Մեծ մասամբ բոլորը դիմում են զոհին` համոզելու, որ ներողամիտ լինի: Արդյունքում, նա հայտնվում է մի վիճակում, երբ նրան խփել են, քիչ է` դեռ նրանից էլ սպասում են արդարություն, կասեն` տես, ինչ չար մարդ է, չի ներում: Բայց հարցը ներել-չներելը չի: Բերեմ մի դաժան, բայց տեղին օրինակ: 
Ասենք, հետիոտնը մայթով քայլում է իր համար: Այդ պահին կողքով անցնող մեքենայի վարորդը կաթված է ստանում ու կորցնելով ղեկավարումը` մեքենայի տակ է գցում հետիոտնին: Վարորդը մեղավոր չի, նա ինքն էլ տուժող է, գուցե ավելի վատ վիճակում: Բաաայց, դրանից հետիոտնի կոտրվածքն անմիջապես չի բուժվում: Նա, միևնույն է, ուժեղ ցավ է զգում: Նրան բավական ժամանակ է պետք, որ վերականգնվի:
Լուրջ վիրավորանքի դեպքում «դե չէր ուզում, լավ, թեթև տար» արտահայտությամբ մի փորձեք սփոփել մարդուն, նա միանգամից հասկանում է, որ ուղղակի ուզում եք գլուխներդ ազատել: Ավելի լավ կլինի, որ սկզբում «կոտրվածքը» բուժեք, հետո նոր արդարացնեք կոտրողին:
Մեկ էլ նույն օպերայից է, երբ մեկը մահանում է, իսկ նրա կողակցին, ծնողին կամ զավակին ասում են` դե դու ուժեղ ես, կդիմանաս, թարգմանաբար ասելով` ես քո հավեսը չունեմ, մոտս չնվնվաս, ու մենակ մնացածն էլ ավելի միայնակ է զգում իրեն, որովհետև հասկանում է, որ իր ուժի մասին խոսելով` դիմացինն ապահովագրում է սեփական ենթադրյալ ուժը: Ենթադրյալ, քանի որ իրապես ուժեղն օգնում է` դրանով ցույց տալով, թե ոնց է պետք ուժեղանալ, ոչ թե փախուստի դիմում` թողնելով մենակ, մտածելով` ոնց կկարողանաս, այնպես էլ ամրացիր…
Չնեղացնենք իրար: 
Մեղք ենք մարդիկ, փխրուն ենք ԲՈԼՈՐՍ: 
Մի խաբվեք մկանների զանգվածին, սեռին, պաշտոնին, փողին: Բոլորս էլ ներսում պուճուր երեխա ենք, որը մեծի շորեր է հագել…

Ալինա Դերձյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее