▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ ավելի մեծ, դառն ու անբուժելի կորուստներ ունեն իրենց կյանքում, որոնց սուգը չի կարող համեմատվել մահվան սգի հետ

«ԵՐԱՆԻ ՍԳԱՎՈՐՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ՊԻՏԻ ՄԽԻԹԱՐՎԵՆ» (ՄԱՏԹ. 5:4):

Սուգը թանկագին կորուստների առթիվ զգացված ցավն է, որը մարդկանց իրապես տխրեցնում է և շատ անգամներ լացացնում: Կյանքը մարդու թանկագին հարստությունն է, երբ նա առողջ է և հոգով և մարմնով ու մանավանդ այդ նույն կյանքը նրան սգավոր չի դարձնում:

Մահը երբեմն սարսափեցնում է մարդկանց: Պատմության ընթացքին մեռնողների գերեզմանների վրա կամավոր մարդիկ էին մեռնում: Հայոց Արտաշես թագավորի մահը մեծագույն սուգը պատճառեց իր ժամանակակիցներին և այնքան կյանքեր զոհվեցին նրա մահվան առթիվ, որ ծաղկող Հայաստանն ավերակի պես էր երևում գահաժառանգ Արտավազդի աչքին: Այսպես կամ այնպես, մարդիկ վերջապես մխիթարվում են, ինչքան էլ ծանր լինի նրանց սուգը: Բայց Ավետարանի «երանին» ուղղված չէ միայն հարազատի մահ ունեցող սգավորներին:

Մարդիկ ավելի մեծ, դառն ու անբուժելի կորուստներ ունեն իրենց կյանքում, որոնց սուգը չի կարող համեմատվել մահվան սգի հետ: ՀԱՎԱՏԻ ԿՈՐՈՒՍՏԸ` մարդու ներսում ավելի սգավոր է դարձնում նրան: ՀՈՒՍՅԻ ԿՈՐՈՒՍՏԸ` ամենածանր դժբախտության և թշվառության է տանում հուսահատվածին: ՍԻՐՈ ԿՈՐՈՒՍՏԸ` դատապարտում է մարդուն մենակության տառապանքներին: ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ` ողջ-ողջ սպանում է մարդուն: ՍՐԲՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ ՄԱՐԴՈՒ ՀՈԳՈՒՑ` մեղքերով է լցնում նրան ու նա դառնում է ամենաանմխիիթար սգավորը:

Սգավոր ենք այսօր բոլորս, որովհետև մահամերձ է` մեր հավատը: Շատերը նույնիսկ այն կորցրեցին: Հավատը անսպառելի գանձն է հայ քրիստոնյա ժողովրդի համար, որը այդ հրաշալի ուժով կառուցեց իր տունը, գրկեց ու փայփայեց նրան, իր գոյությունն ու պատիվը պաշտպանելու համար և դրանով ամրացրեց իր ԵԿԵՂԵՑԻՆ, ԴՊՐՈՑԸ, ՇՈՒԿԱՆ ՈՒ ԻՐ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՅԼ ԲԵՐԴԵՐԸ:

Մեր Փրկիչը Իր երանիների երկրորդը ուղղում է սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիիթարվեն, բավական է, որ գան Ավետարանի լույսին և չխարխափեն խավարում: Սխալ ըմբռնումները և կյանքի իրականությունների մասին մարդկանց սխալ մոտեցումները, իրապես նրանց սգավոր են դարձնում:

«Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն», մի պայմանով, երբ նրանք նետվեն Փրկչի գիրկը և ամբողջությամբ զգան Նրա ներկայությունը իրենց մեջ:

Արևելյան առածն ասում է. «Չկա մարդ առանց վշտի, բայց եթե կա մեկը, որ վիշտ չի ունեցել, նա մարդ չէ»: Հետաքրքիր և տարօրինակ խոսք է, բայց հակառակ դրան ինչ որ տեղ նաև ուսանելի:

Սբ. Ներսէս Շնորհալի Հայրապետն ասում է. «Ինչքան ժամանակ, որ մարդը մեղքի մեջ է, չի կարող հեշտությամբ սգալ»: Սուգը, ըստ նրա, մարդու մեջ այն վիճակն է, որով զգում ու ապրում է իր մեղավորությունը: «Կույրը, որն արևը չի տեսնում, երբ բանտում նստի չի զգա լույսից իր զրկվածությունը, մինչդեռ նա, ով տեսել է արևի գեղեցկությունը, կզրկվի նրանից, գիտի թե ինչ բան է զրկված լինելը»:

Այսօր դժբախտաբար աշխարհը սգի մեջ է« որովհետև.-

ա. Հավատը թուլացել է.
բ. Հույսը հուսահատության է փոխարինվել.
գ. Սերը դարձել է «պղնձյա շեփոր հնչյուն և ղողանջ` ծնծղաների».
դ. Սրբության երանական վիճակը տեղի է տվել մեղքի առջև:

Մեր Տերը շատ տարօրինակ խոսքերով քարոզեց Լերան վրա: Այդ արտահայտություններից մեկն այն էր, որ «Երանի է տալիս սգավորներին, որովհետև նրանք մծիթարություն պիտի գտնեն»: Կողքից մեկը կարող է այսպես մտածել ու թերահավատորեն գլուխը շարժել, «Ինչպե՞ս կարող է մարդ իր հարազատին կորցնի ու մխիթարվի»:

Փորձենք այս հարցին պատասխանել Ընդհանրական Եկեղեցական Հայրերից Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի բերանով. «Երբ Աստված մխիթարում է, այնուհետև եթե սուգերը ձյունի փաթիլների նման հազարներով իսկ իջնեն ձեր վրա, բոլորին էլ պիտի կարողանաք ոտքերով տրորել»:

Մեր Տերը սգավորներին խոստանում է լրիվ մխիթարություն, պայմանով, որ նրանք իրենց հավատը ամրացնեն Աստծու վրա:

Աստծուց հեռանալն արդեն ինքնին մահ է:

Պողոս Պատրիարք Ադրիանապուլսեցին մահվան մասին.

«Մահը մարդկանց վրա Աստծու կողմից նշանակված անհրաժեշտ ոստիկան է, որը ծննդյան օրվանից բռնած պահում է յուրաքանչյուր մարդու օձիքը` տանելու և կանգնեցնելու Աստծու առաջ…»:

«Երեք պատճառով է մահը դառը թվում` աշխարհի սիրո, խղճմտանքի և փրկության անստուգության: Ուստի մի իմաստասեր ասում է. «Քանի որ չգիտես թե որտեղ ու երբ է քեզ մահը սպասում, դու նրան ամեն ժամ սպասիր, որպեսզի անպատրաստ չլինես նրա գալստյան ժամանակ…»:

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆՆ ԱՅՆՊԻՍԻ ԴՊՐՈՑ Է, ՈՐՏԵՂ ՄԵՌՅԱԼՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ, ՀԱՄՐԵՐԸ` ԽՈՍՈՂՆԵՐԻՆ»:

«Մահը բարիներին երկու շնորհ է անում. Մեկը` նրանց ազատում է աշխարհի չարիքներից, որոնցում տառապում էին, և մյուսը` նրանց հասցնում է իրենց փափագած երկնային բարիքները ժառանգելուն»: Ամեն:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее