ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐԸ
Որդը կտուցն առած` կարմրակատարը թևեց դեպի բույնը, բայց ձագերն այնտեղ չէին: Մինչ ինքը որսի էր ելել` չարամիտ մարդիկ տարել էին ձագերին: Վայնասուն դնելով` կարմրակատարն սկսեց փնտրել անհետացած թռչուններին: Անտառով մեկ տարածվել էին նրա ողբն ու կականը, բայց պատասխան չկար ու չկար:
Մյուս օրն առավոտյան դժբախտ ծնողին հանդիպեց սերինոսը և հայտնեց, որ դեռ երեկ նրա ձագուկներին տեսել է մի գյուղացու տան մոտ: Ուրախությունից իրեն կորցրած կարմրակատարը ինչքան ուժ ուներ` թռավ դեպի գյուղ և շուտով հայտնվեց այն տան մոտ, որի մասին ասել էր բարի սերինոսը:
Կարմրակատարը տեսավ մարագի լուսամուտի դրսի կողմից կախված վանդակը: Նրա մեջ կծկվել էին իր գերված ձագուկները: Կարմրակատարը սրտապատառ նետվեց դեպի վանդակը: Հորը ճանաչելով` ճտերը սկսեցին աղեկտուր ծլվլալ` աղերսելով ինչքան հնարավոր է շուտ ազատել իրենց գերությունից: Գործի դնելով ճանկերն ու կտուցը` կարմրակատարն սկսեց հուսահատ ջանալ երկաթյա վանդակաճաղերը բացելու համար: Բայց նրա բոլոր ճիգերն ապարդյուն անցան:
Հաջորդ օրը վշտից ու կարոտից խենթահար կարմրակատարը նորից երևաց վանդակի մոտ, ուր տառապում էին տարաբախտ ձագուկները: Կաթոգին հայացքով նա երկար-երկար զննեց ձագուկներին, ապա կտուցը հերթով մտցրեց նրանց լայնաբաց բերանները:
Ծնողը կտուցով թունավոր խոտ էր բերել, և քիչ անց բոլոր կարմրակատարիկները ոտքերը ձգեցին…
- Լավ է մեռնել, քան տապակվել գերության մեջ,- դառնակսկիծ մրմնջաց հպարտ թռչունը և թևին տալով թռավ դեպի անտառ: