1981 թվականի ապրիլին Անդրել Տարկովսկին այցելել էր Շվեդիա: Դեռ այն ժամանակ արդեն երևում էր, որ նրան տիրել էին կասկածները՝ վերադառնալ Խորհրդային Միություն, թե ՝ոչ: Նա մեկ գալիս էր Խորհրդային Միության դեսպանատուն, մեկ կորում էր այդտեղից, մի քանի օր չէր վերադառնում, ապա նորից հետ էր գալիս: Խորհրդային Միության դեսպան Մ. Յակովլեվը փորձում էր համոզել նրան հետ վերադառնալ, բայց, վերջիվերջո, որոշ ժամանակ անց Տարկովսկին տեղափոխվում է Իտալիա:
Ֆինն լրագրող Վեյկո Կորկալան ռեժիսորից հարցազրույց է վերցնում, որ մի փոքր սեղմագրված տարբերակով լույս է տեսնում ապրիլի 10-ին շվեդական «Դագես Նյուհեթեր» թերթում: Ներքևում ներկայացված է այդ տեքստը:
Վայկո Կորկոլա (Վ.Կ.) – Ինչպե՞ս եք դուք նայում մեր ժամանակին և մեր ապագային:
Անդրեյ Տարկովսկի (Ա.Տ.) – Նախկինում ապագան ինչ-որ տեղ հեռվում էր, հորիզոնից այն կողմ: Այժմ այն միավորվել է ներկայի հետ: Կարելի է արդյո՞ք ասել, որ մարդիկ պատրաստ են դրան: Մեր ժամանակը տարբերվում է նախկինից նրանով, որ այժմ ապագան անմիջապես մեր դիմացն է, այն գտնվում է մեր ձեռքերում: Ինչպիսին այն կլինի ամբողջովին կախված է նրանից, թե ինչ ենք անում մենք հենց հիմա: Մենք ապրում ենք մեր մոլորակի համար ամենակարևոր ժամանակահատվածում և պետք է հասկանանք, որ սա բեկումնային ժամանակաշրջան է: Շատ բան է կախված հենց մարդկանցից: Պատմությունն անընդհատ փորձում է մեզ ներքաշել իր շրջապտույտի մեջ: Բայց մենք նախկինի պես, չպետք է անընդհատ հանգստանցնենք մեզ այն մտքով, որ պատմությունը գնում է ինքն իր հունով և ապագան կգա ինքն իրեն: Այժմ վճռորոշ ժամականեր են, պետք է գործել և հասկանալ, թե ինչի համար է դա հարկավոր:
Վ.Կ. – Ձեր ֆիլմերում հաճախ կարելի է հանդիպել պատրազմների: Հավանաբար, այն շատ մեծ ներգործությո՞ւն է ունեցել Ձեր կյանքի և հայացքների վրա:
Ա.Տ. – Ես տեսել եմ պատերազմը բավականին մոտ և գիտեմ, թե այն ինչ է: Ես ատում եմ պատերազմը, և ինչպես ցանկացած նորմալ մարդ վախենում եմ նրանից: Ամեն անգամ, երբ ես մտածում եմ պատերազմի մասին, իմ աչքերի առջվում սկսում է սևանալ: Պատկերացրեք մենք հիմա նստած ենք Ձեզ հետ այս սեղանի շուրջը և հանգիստ զրուցում ենք: Ահա սեղանը, նրա վրա դրված է ձայնագրիչը, հարցազրույց է ընթանում, բայց ինչ-որ պահի մենք հանկարծ հայտնվում ենք տան փլատակների տակ՝ մահվան կրակում: Մի խոսքով, պատերազմի ժամանակ քեզ կարող են վերացնել ցանկացած պահի: Այնպես, որ ցանկացած մարդուց պահանջվում է դրա գիտակցումը: Բայց ես այնպիսի մտավախություն ունեմ, որ մարդն այսօր սկսում է կասկածել իր ինտելեկտուալ հնարավորությունների վրա և կորցնում է հարգանքն ինքն իր նկատմամբ:
Վ.Կ. – Ձեր ֆիլմերում կենտրոնական տեղ է գրավում բնությունը, բայց մահվան մասին դուք համարյա ոչինչ չեք ասում:
Ա. Տ. – Մահվան խնդիրն ինձ չի հուզում և չի հետաքրքրում, քանի որ ես չեմ հավատում մահվան: Այսօր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ մարդն ընդհանրապես չի վստահում բնությանը: Եվ չնայած դա ակնառու է, բայց ընդհանուր առմամբ, մարդը չի հասկանում, որ գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Մարդկությունը շատ քիչ է մտածում տեխնոլոգիական զարգացումների հավասարակշռման մասին, որը գոնե ինչ-որ չափով կկարողանա միավորվել կենդանի բնության հետ:
Վ.Կ. – Դուք սովորաբար պատմում եք մարդկանց մասին, ովքեր ապրում են մեծ ճնշումների պայմաններում:
Ա.Տ. – Այո, դա այդպես է: Այնպես է ստացվում, որ իմ ֆիլմերի կերպարները գտնվում են պատերազմական իրավիճակում: Եվ այդ միտումը, երևում է, ստացվում է ենթագիտակցաբար: Չէ, որ հենց այդպիսի պայմաններում է բացահայտվում մարդկային բնավորության էությունը, նրա ուժն ու թուլությունները:
Վ.Կ. – Ձեր ֆիլմերը իդեալիստական են, բայց ոչ սովորական, ավանդական իմաստով: Այսինքն դուրս է գալիս, որ իդեալիզմն ու ռեալիզմը կարելի՞ է միավորել:
Ա.Տ. – Հենց արվեստի մեջ է կարելի լրջորեն խոսել իդեալիզմի և ռեալիզմի միավորման մասին: Միավորել ինչ-որ մի բան, որն անհասանելի է, որին չի կարելի դիպչել, նրա հստակ արտահայտությամբ ՝ այդպիսի բան հնարավոր է միայն արվեստում, քանզի արվեստը համարվում է մարդկային մտածողության միակ ձևը, որտեղ մարդը կարող է հասնի որոշակի կատարելության և դա արտահայտել գեղարվեստական պատկերներում:
Վ.Կ. – Ձեր ֆիլմերն հաճախ կարողանում են ստիպել մարդուն դառնալ պատասխանատու սեփական կյանքի համար:
Ա.Տ. – Մարդու պատասխանատվությունը, կայանում է նրանում, թե ինչպես է նա վերաբերվում ինքն իրեն: Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակում: Մեզանից շատերը կարևոր չեն համարում հետևողական, պատասխանատո լինել: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ իդեալիների բացակայությունը կամ ուղղակի զուտ ձգտումը դեպի օգտակար մատերիալիզմը: Որքան էլ պարադոքսալ լինի, բայց և հասարակությունը , և հասարակական կարծիքը բավականին զուսպ են իրենց պահում իրական և հետևողական բարեսրտության նկատմամբ: Բայց, երբ մարդիկ դադարում են գործել իրենց խղճի համաձայն, ապա գլուխ են բարձրացնում հիասթափությունն ու անբավարարության զգացումը:
Վ.Կ. – Կարելի է արյդո՞ք ընդդիմանալ այդ միտումներին:
Ա.Տ. – Դրա համար հարկավոր է մարդու մեջ արթնացնել սեփական արժանապատվության զգացումը: Պետք է ցույց տալ, որ մարդը հիասքանչ է, երբ նա գործում է ազնիվ, և որ նրա ճակատագրի բանալին նրանում է, որ նա անընդհատ պետք է զարգանա և գնա առաջ:
Վ.Կ – Իսկ ինչպիսի՞ հարաբերակցության մեջ են գտնվում Ձեր ֆիլմերը Ձեր սեփական կյանքի հետ:
Ա. Տ. – Ես մեծացել եմ ստեղծագործող ընտանիքում: Այդ իսկ պատճառով շատ վաղ, մինչդեռ կսկսեի զբաղվել կինոյով, հասկացա, որ արվեստի մեջ կարևոր է, ինչպես իրենց ցույց կտա նկարչի անհատականությունը:
Երբ ես սկսեցի աշխատել կինեմատոգրաֆում, իհարկե չէի կարող դատել, թե ինչպիսի հասարակական հետաքրքրություն կարող է ունենալ իմ սեփական անհատականությունը: Այն ժամանակ ես ապրում էի ինչպես մարդ, «գրելու ծարավ», և դժվար թե ինչ-որ հիմք ունենայի ինքս ինձ դուրս մղելու համար:
Բայց, նկարահանելով ֆիլմեր Խորհրդային Միությունում հնարավոր չէ չզգալ իշխանությունների ընդդիմացումը, հեռու մնալ քեզ շրջապատող մարդկանց հետ վեճերից: Բայց միևնույն ժամանակ պետք է ընդունեմ, որ դա արվեստի բոլոր մեծ գործիչների ճակատագիրն է:
Բոլոր տարիների աշխատանքների արդյունքում իմ ստեղծագործական ճակատագիրը եղավ այնքան դրամատիկական, որ կարծում եմ, ես իրավունք ստացա ստեղծել այնպիսի նկարներ, ինչպիսիք անհրաժեշտ եմ համարում: Այդ իսկ պատճառով ինքս ինձ ներկայացնում եմ ամենաբարձր պահանջները: Ցանկացած ստեղծագործական աշխատանք պետք է դիտարկվի, որպես նկարչի պարտք:
Բայց ամենակարևորը, որ հետևել նրան, որպեսզի չապրել մի ստանդարտներով, իսկ ստեղծագործել՝ մեկ այլ: Փարիսեցիությունը երբեք ստեղծագործության ուժեղ կողմը չի եղել:
Վ.Կ. – Դուք գո՞հ եք Ձեր ձեռքբերումներից:
Ա.Տ. – 20 տարվա ընթացքում ես նկարահանել եմ հինգ ֆիլմ: Իհարկե, ես ունեի հնարավորթյուններ ավելի արագ իրագործելու իմ մտահաղացումները, և իհարկե ես կցանկանայի ավելին անեի: Բայց, մյուս կողմից էլ, ես չէի ցանկանում շտապել: Ես գիտակցաբար էի ընտրում «ինքդ քեզ մեջ մնալու» եղանակը: Իմ ելքային դրքորոշումը շատ հստակ և պարզ էր՝ որպեսզի պահպանեմ ինքս ինձ, որպես անհատականություն և նկարահանեմ այնպիսի ֆիլմեր, ինպիսիք ես եմ ուզում, ինձ հարկավոր է համբերություն:
Վ.Կ. – Իր ժամանակին «Հայելին» ընդունվեց շատ բացասական: Որոշ քննադատներ և գործընկերներ պնդում էին, որ Ձեզ մոտ առաջացել են խնդիրներ: Ինչպե՞ս եք դուք այսօր վերաբերվում այդ քննարկումներին:
Ա.Տ. – «Հայելու» քննադատությունը ինձ ամենևին չի վիրավորում: Միևնույն ժամանակ ես գոհ չեմ վարձույթի կազմակերպումից: Ֆիլմը կարող էր հավաքել շատ ավելի հանդիսատես, քան նրան թույլատրված էր: Ժողովուրդը հերթ էր կանգնում, որ գներ մյուս օրվա տոմսեր ֆիլմի համար: Չնայած դրան այն շատ արագ դուրս եկավ էկրաններից: Դրա պատճառն ինձ համար մնաց անհասկանալի:
Վ.Կ. – Բայց չէ ո՞ր արվեստի ցանկացած ոլորտ էլ կապված է գումարի հետ:
Ա.Տ. – Ինչ վերաբերվում է արվեստի մյուս ճյուղերին, ապա այնտեղ վճարը կատարվում է պատրաստի արտադրանք տալուց հետո: Իսկ կինոյում այն վճարվում է նախորոք: Դա էլ իր հերթին նշանակում է, որ պրոդյուսերները կամ որոշ մարդիկ ունենում են որոշիչ ձայն: Գումարի միջոցով պրոդյուսերները «վարձում են» գեղարվեստական ստեղծագործությունը, վերցնելով պատրաստի արտադրանքն ու եկամուտները, որն այն բերում է ժամանակի ընթացքում: Իսկ նկարիչը դրա հետ ոչ մի կապ չի ունենում: Կան նաև այնպիսի նկարիչներ, ովքեր փորձում են շրջանցել այդ օրենքները, նրանք սկզբում ստեղծում են նկարը, ապա հետո փորձում վաճառել այն: Բայց ներկա պայմաններում դա ոչ մի արդյունք չի տալիս:
Վ.Կ. – Այսինքն հեղինակային անկախությունն անհնա՞ր է:
Ա.Տ. – Ես կարծում եմ, որ աշխարհում կան ընդամենը հինգ ռեժիսորներ, ովքեր հասել են այնպիսի ցանկալի դիրքի, որ ունեն արժանի իրավունք և հնարավորություն ստեղծել այնպիսի ֆիլմեր, ինչպիսին, որ ցանկանում են: Դա Բրեսսոնը, Բերգմանը, Ֆելլինին, Անտոնիոնին…անգամ դժվար է հինգ մարդու հաշվել: Իհարկե, նաև Բունյուելը, բայց և նա հաճախ ստեղծում է կոմերցիոն աշխատանքներ: Ես ի նկատի ունեմ հասարակ և բնական կարիքը գումարից: Դա ոչ թե գաղափարական, այլ զուտ գործնական հարց է:
Վ.Կ. – Ձեր «Հայելին » դժվար է հասկանալ: Այն ստեղծված է երազների, հիշողությունների հոսքի, պատմական իրադարձությունների միջոցով…
Ա.Տ. – Այն պնդումը, որ «Հայելին» դժվար ընկալելի ֆիլմ է , կառուցված է ավանդական պատկերացումների հիման վրա: Ֆիլմերը , որոնք ես ստեղծել էր նախքան այն ուրիշ էին, հորինված էին, «Հայելին» ընդհակառակը կառուցված է իրականում գոյություն ունեցած իրադարձությունների հիման վրա: Ֆիլմը մաքուր կենսագրական է, անգամ ինքնակենսագրական: Բոլոր իրադարձությունները հիմնվում են փաստերի վրա, անգամ երազները:
Հանդիսատեսը սովոր է հավատալ ստին էկրանի վրա: Դա ընդունվում է, որպես բնական: Մյուս կողմից հանդիսատեսը իրեն պահպանում է ճշմարտությունից: Այդ իսկ պատճառով «Հայելին» համարվում է դժվար ֆիլմ: Բայց կյանքն ինքն իրեն բավարար ֆանտաստիկ է, քան ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն: Այն այնքան հարուստ է, որ հանդիսատեսը չի կարող հավատալ նրան, ինչ որ նա տեսնում է էկրանին: Դա մարդկանց արձագանքն է ճշմարտությանը:
Ֆիլմում ես չեմ կարող ցուցադրել միայն դերասանին: Ժապավենը պետք է ցույց տա այն ամենը, ինչ գոյություն ունի, որպես իրականության մաս: Բավարար չէ տեղ թողնել միայն գործողությունների համար:
Վ.Կ. – Ձեր եղանակը աշխատատար է, հավակնոտ :
Ա.Տ. – Իմ նկարները ամբողջովին ստեղծված են իմ սեփական փորձի հաշվին: Իմ պարտքն է, ինչպես նկարչի, որ կարողանամ հասցնել հանդիսատեսին այն, ինչպես ես, հենց ես, ընկալում եմ կյանքը: Եթե ես ցանկանայի հասցնել ինչ-որ այլ բան, ապա ես կհեռանայի ճշմարտությունից: Եթե ես ինքս չգիտեմ, ինչպես վարվեն սցենարի ինչ-որ մի հատվածում, ապա ես ընդհանրապես ոչինչ չեմ կարողանա անել: Այդ իսկ պատճառով իմ ստեղծագործական եղանակը այդքան էլ բարդ չէ՝ ես խոսում եմ հանդիսատեսի հետ իմ սեփական լեզվով, և հույս եմ ունենում, որ այն կհասկացվի: Միայն այն բանի համար, որ դուր գամ հանդիսատեսին, ես չեմ կարող փոխել իմ լեզուն և հարմարվեմ հասարակությանը: Եթե ես դա անեմ, ապա չեմ հարգի, ոչ հանդիսատեսին, ոչ ինձ:
Նաև, ես ուզում եմ նշեմ, որ արվեստի գլխավոր նպատակը, դա հոգու ճգնաժամի հաղթահարումն է ողջ աշխարհում: Հասարակության մեջ պետք է լինի այնպիսի բան, որը մարդու մեջ կխթանի հոգևոր զարգացումը և մարդու մեզ կզարգացնի սեփական «ես»-ի զգացումը, կդրդի նրան ձգտել դեպի անհատականություն և հումանիզմ:
Այն, ինչ ես անում եմ արվեստում, հիմնված է իմ հավատի վրա դեպի այն մարդիկ, որոնց ուղղված են իմ ֆիլմերը, և նաև դեպի այն արժանապատվությունը, որը պետք է կրի նկարիչը:
Վ.Կ. – «Սոլյարիս» –ի աշխատանքային անվանումը «Կոնտակտ» էր: Մեր ժամանակներում մարդկանց միջև փոխադարձ կապը բավականին ակտիվ քննարկումների պատճառ է դառնում:
Ա.Տ. – Մարդու մեծ դժբախտությունը նրանում է, որ նա իրեն համարում է փակ համակարգ: Օրինակ, նա կարծում է, որ ինքն իրեն վնաս չի հասցնում, երբ թաքուն չար բան է անում, և չի մտածում, որ հենց դրանով ինքն իրեն ենթարկում է ինքնաոչնչացման:
Մարդը կապված է տիեզերքի հետ: Ես համոզված եմ, որ մարդու էությունը, նրա ինտելեկտն ու էներգիան կապված են ոչ միայն այլ մարդկանց հետ. այդ կապերն անցնում են մեր մոլորակի սահմանները, և անգամ մեր արեգակնային համակարգի սահմանները:
Կարևոր է, որ մարդիկ հասկանան իրենց գոյությունը ավելի լայն տիրույթում, ոչ թե միայն տեսողական: Դա նրանց կազատեր անբավարարության զգացումից, որը հանդիսանում է մարդկանց միջև հաղորդակցության առաջին դժվարությունը:
Վ.Կ. – Ձեզ չի թվում, ո՞ր այսօրվա զարգացումը միևնույնն է տանում է դեպի մարդկանց միջև կապերի թուլացման:
Ա.Տ. – Այո, մարդը պաշտպանված չէ, բայց նա շատ ուժեղ է: Նա շատ ավելի ուժեղ է, քան կարելի է պատկերացնել: Նա պետք է հույսը դնի իր սեփական ուժերի վրա: Իհարկե, խոսքը գնում է ոչ թե ֆիզիկական ուժի մասին, այլ ներքին ուժի: Միայն այն ժամանակ, երբ մարդը դա հասկանա, նա կկարողանա թեքվի դեպի արտաքին աշխարհը: Ապագա հասարակոթյան գլխավոր խնդիրը կայանալու է նրանում, որպեսզի արթնացնի մարդու մեջ սեփական արժանապատվության զգացումը: Դա կստեղծի պայմաններ, որոնց դեպքում նրա ներքին աշխարհն արժանի կլինի հարգանքի: Այլ տարբերակ չկա, ապագայի հանդեպ հավատը, որը կառուցվում է կեղծ ազատության և սեփական արժանապատվության զգացումի ճնշման հիմքի վրա, հավասարազոր է ինքնասպանության:
Թարգմանությունը ռուսերենից` Վահան Խաչատրյանի
«Իսկուստվո կինո» ամսագիր, 2002, N12