Մայիսի 15-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանիներ և ստանում են մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և Հայաստանի առաջին տիկինը, ուղեկցությամբ կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի, շրջել են կենտրոնում, ծանոթացել են երեխաների համար ստեղծված պայմաններին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպել են կենտրոնի փոքրիկ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առօրյան և ծրագրերը: Մտերմիկ զրույցից հետո պատանիները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` կատարելով ազգային ու հոգևոր երգեր և ասմունքելով իրենց հեղինակած բանաստեղծությունները:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկնոջը «Նագգաշյան մանուկների տուն» այցելելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ սպասված հանդիպումը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին և իրենց հանդեպ տիկին Սարգսյանի դրսևորած սերն ու հոգատարությունը մշտապես պիտի կրեն իրենց սրտում:
Վերջում տիկին Ռիտա Սարգսյանը կենտրոնի 15 սաներին հանձնեց նվերներ, առանձնաբար ծանոթացել է յուրաքանչյուրի հետ: