Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը կառավարության առաջարկով և ՔՊ ընտրությամբ 2022 թվականի դեկտեմբերից ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը, 2023 թվականին նոր գույք է գնել։ Գնումն արժեցել է 49 միլիոն դրամ։
Այս բարի լուրի մասին 168․am-ը տեղեկացել է 2024 թվականին դատավորի կողմից ներկայացրած նրա տարեկան հայտարարագրից՝ արձանագրելով, որ, փաստորեն, պաշտոնն ու տարին բարեբեր են եղել Սեդա Սաֆարյանի համար։ Ի դեպ, սա ՍԴ դատավորի միակ անշարժ գույքը չէ․ նա հայտարարագրել է ևս 4 գույք։
2023 թվականի տարեվերջին գույքերի ցանկը հետևյալ տեսքն է ունեցել՝
2012 թվականին իբրև նվիրատվություն ստացած բնակարան մայրաքաղաք Երևանում, որը տնօրինում է միանձնյա, 2013 թվականին գնված անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, 2014 թվականին գնված ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, 2022 թվականի հունիսին գնված բնակարան մայրաքաղաքում, որոնք տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով և 2023 թվականին Երևանի Արաբկիր համայնքում գնված բնակարանը նորակառույցում։
Նախկին փաստաբանը հայտարարագրում տեղեկացրել է նաև 2020 թվականին գնված 2004 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենայի մասին։
Սեդա Սաֆարյանի բանկային հաշիվների մնացորդները 2023թ․ սկզբին կազմել են 956.466 դրամ, իսկ տարեվերջին՝ 276.654 դրամ, իսկ հաշվետու տարվա՝ 64 միլիոն 862.028 դրամ եկամուտը գոյացել է ՍԴ-ից ստացած 20 միլիոն 862.028 դրամ աշխատավարձից և «Ամերիա բանկ» ՓԲԸ-ից ստացած այլ եկամուտներից։
Պաշտոնատար անձի՝ Երևանում Կոմիտաս 60 նորակառույց շենքից անշարժ գույքի ձեռքբերման համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդի չափն էլ կազմել է 32 միլիոն 064.060 դրամ։ ՍԴ դատավորը տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 12 միլիոն 320.820 դրամ, 5.000.000 դրամ միանվագ ծախսի բովանդակությունն էլ չի գաղտնազերծել։
Սեդա Սաֆարյանի ամուսինը՝ Սեյրան Կյուրեղյանը ևս իր հայտարարագրում նշել է համատեղ սեփականություն հանդիսացող 4 գույքերի, համատեղ վարկերի ու համատեղ աշխատավայրի մասին։ Նա 2023 թվականի հայտարարագրում արձանագրել է՝ շարունակում է աշխատել ՍԴ-ում․ հիշեցնենք՝ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Սեդա Սաֆարյանը հենց իր ամուսնուն է նշանակել սեփական վարորդ։
Այսպիսով, Սեյրան Կյուրեղյանի հաշվետու տարվա՝ 51,496,949 եկամուտները գոյացել են «Ամերիա Բանկ» ՓԲԸ-ից ստացած 44 միլիոն դրամ և ՊՆ-ից ստացած 1 միլիոն 180.000 դրամ այլ եկամուտներից, ՍԴ-ից ստացած 2 միլիոն 076.949 դրամ աշխատավարձից, «Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների և «Երեք խնձոր» մանկական զարգացման կենտրոններից ստացած վարձակալության դիմաց ստացված վճարներից։
Սեդա Սաֆարյանի որդին՝ Կորյուն Կյուրեղյանը, պարզվում է, դարձյալ սերտ առնչություն ունի դատական համակարգի հետ։
ՍԴ դատավորի որդին գույքի ու եկամուտների իր հայտարարագրում հիշատակել է 2018 թվականին գնված 2009 թվականի արտադրության «Լեքսիուս» մակնիշի մեքենայի մասին։ Նրա՝ հաշվետու տարվա 3 միլիոն 372.004 դրամ եկամուտներն էլ գոյացել են Հակակոռուպցիոն կոմիտեից ստացած 3 միլիոն 268.022 դրամ և Արդարադատության նախարարությունից ստացած 103.982 դրամ աշխատավարձից։
Սեդա Սաֆարյանի հարսը՝ Մարիամ Գզողյանն էլ, պարզվում է, վարչապետի աշխատակազմում է գրանցված փորձագետի հաստիքով։
Նա իր հայտարարագրում նշել է, որ հաշվետու տարվա՝ 2 միլիոն 050.140 դրամ աշխատավարձը գոյացել է վարչապետի աշխատակազմից ստացած՝ 1 միլիոն 836.717 դրամ և ՀՀԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտից ստացած՝ 213.423 դրամ աշխատավարձերից։
Ի դեպ, դեռ 2022 թվականին ներկայացրած իր հայտարարագրում Սեդա Սաֆարյանի հարսը նշել է 2021 թվականին միակ աշխատավայրի՝ իր ամուսնու քեռու, Սեդա Սաֆարյանի եղբոր՝ Ստյոպա Սաֆարյանի կողմից նախկինում ղեկավարվող կառույցի՝ Հանրային խորհրդի մասին։
Հիշեցնենք նաև՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախորդ տարի շրջանառության մեջ դրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, սակայն իշխող խմբակցության ջանքերով այն մերժվեց: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում էր, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: ՍԴ-ն ոչ մի գործընթաց այդպես էլ չսկսեց։ Իսկ Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակում փաստաբանությամբ էր զբաղվել, ինչն արգելված է օրենքով։