▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են տվել Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարիները

Նոյեմբերի 4-ին լրացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 14 տարին: Գարեգին Բ Հայրապետը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալն է, հաջորդել է Գարեգին Ա Սարգսյան Կաթողիկոսին: Հաճախ կարող ենք լսել, որ Գարեգին Բ Հայրապետին ժամանակակիցները համարում են Շինարար Կաթողիկոս: Հաճախ նաև լսում ենք քննադատություններ վեհափառի հասցեին, որոնք հաճախ նույնիսկ դուրս են գալիս քաղաքակիրթ քննադատության սահմաններն ու վերածվում էժանագին ցեխշպրտոցու: Այնուամենայնիվ, անկախության տարիներին Հայ Եկեղեցու ունեցած մի շարք ձեռքբերումներ առնչվում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեության հետ: Փորձենք ամփոփ ներկայացնել Նորին Սրբության կողմից իրականացված կարևորագույն աշխատանքները: 

Եկեղեցաշինություն. Վերանորոգվել են հարյուրից ավել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքեր ու եկեղեցիներ, Կառուցվել են հարյուրից ավել նոր եկեղեցիներ: Կրթություն. Հիմնվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը, Հիմնվել է Հառիճի Թրբանճյան ընծայարանը (ավագ դրպոց), Բացվել են յոթ Հայորդյաց տներ Երևանում և մարզերում, որտեղ ուսանում են մոտ հինգ հազար երեխաներ, Հանրակրթական դպրոցներում ուսուցանվում է  «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, Գործում է հարյուր կիրակնօրյա դպրոց, Էջմիածնում գործում է  «  Էօրնեկեան»  հանրակրթական դպրոցը, Ներկա պահին կառուցվում է  «Գարեգին Ա» հոգևոր դաստիարակության կենտրոնի, շենքը:

Մշակույթ. Բացվել է «Ռուբեն Սևակ» թանգարանը, Բացվել է §Խրիմյան Հայրիկ¦ թանգարանը, Գործում են  «Շողակաթ» և «Լույս» հեռուստաընկերությունները, Մայր Աթոռում կառուցվել է նոր մատենադարան-գրադարանը: 

Սոցիալական. Գործում են բարեգործական ճաշարաններ, Երևանում բացվել է երեխաների խնամքի կենտրոն, Բանտերի հոգևոր ծառայության հետ մեկտեղ իրականացվում է կալանավորների ընտանիքների աջակցության ծրագիրը, Էջմիածնում գործում է «Բարձունք 5165» ատամնաբուժարանը: 2008-ից «Կառուցենք հավատով» ծրագրի միջոցով Եկեղեցու միջոցով Հայաստանի տարբեր մարզերում կառուցվել է իննսունյոթ բնակարան, Ներեկեղեցական. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ համատեղ՝ ստեղծվել են սրբադասման հարցով և ծիսական խնդիրներով զբաղվող հանձնախմբեր, Վեցդարյա ընդմիջումից հետո գումարվել է Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, Ստեղծվել է Հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակ, Ստեղծվել են նոր թեմեր, Ձեռնադրվել է երեք հարյուրից ավել եկեղեցական, Հոգևորականները պարբերաբար այցելում են հիվանդանոցներ, զորամասեր, բանտեր, ծերանոցներ, ԲՈՒՀ-եր, Իրականացվում են քարոզչական բազմաբնույթ ծրագրեր:

Հայ հոգևորականները՝ Վեհափառ Հայրապետի մասին. 

Վեհափառ Հայրապետին այսօր ներկայացնում են որպես «Շինարար» Կաթողիկոս, այո, այդպես է. Պատմաբաններն ու ճարտարապետներն էլ ասում են, որ հսկայական շինարարական աշխատանք է կատարվել այս 14 տարում, և նույնիսկ երբ համեմատություն են անում, վերջին 300 տարում այդքան աշխատանք չի կատարվել: Ծավալը միանշանակ հսկայական է, որը նաև խոսում է այն մասին, որ Հայաստանում հոգևոր վերածնունդ կա: Բայց եթե ինձ թույլ տամ գնահատել Վեհափառ հայրապետին, ապա առաջին հերթին կգնահատեմ որպես կրթական գործի հովանավոր, որպես Հայ եկեղեցու կրթական առաքինության վերածնող, որովհետև Վեհափառը շեշտը մեծապես դրել է կրթության վրա։ Դրա վառ ապացույցն է Վազգենյան հոգևոր դպրանոցի բացումը, այնուհետև՝ Կաթողիկոս դառնալուց հետո, Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաբանական կարգավիճակի հարցի լուծումը, Քահանայաց պատրաստման լսարանի ստեղծումը, Հառիճի  ընծայարանի բացումը,  «Էօրնեկյան»դպրոցի բացումը, ծրագրերի արմատական վերափոխումը։ Այսօր մեր ծրագրերը համապատասխանում են լավագույն համալսարանների չափանիշներին, և վստահաբար կարող ենք ասել, որ երեք տարի հետո մեր կրթությունը չի զիջելու որևէ հայտնի համալսարանի կրթության: Մեր ուսանողներին ուղարկեցինք արտասահման՝ այնտեղի լավագույն համալսարաններում վերապատրաստելու, և երբ նրանք վերադարձան, իրենց նպաստը բերեցին կրթական գործի բարելավմանը։ Այսօր կրթական հաստատություններում Ճեմարանի համար պատրաստվում են մասնագետներ՝ խորամուխ լինելով կոնկրետ աստվածաբանական ճյուղերի մեջ: Վեհափառն ամենամեծ շեշտը դնում է կրթական գործի վրա, և շինարարական հսկայածավալ աշխատանքներն արվել են առաջին հերթին Հայ Եկեղեցու կրթական ավանդույթները վերականգնելու գործի համար պայմանների ստեղծման նպատակով, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելությունը կարողացել է ի կատար ածել հատկապես կրթության միջոցով: Հոգևոր կրթարանների ուսանողների համար ստեղծված են համապատասխան միջավայր ու անհրաժեշտ պայմաններ՝ որակապես բարձր առաջադիմություն ունենալու համար: Այսօր քննադատություններ են հնչում առ այն, թե ինչ կարիք կար այդքան բան կառուցելու. իրականում այդ ամենն արվում է ոչ թե զուտ մոմավառության, այլ մարդկանց կյանքը փոխելու համար, իսկ դա կարող են անել միայն լավ պատրաստված հոգևորականները, որի համար էլ Վեհափառը ջանք ու եռանդ չի խնայում: 


Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր-Կրթական Հաստատությունների Վերատեսուչ 


Հիշում եմ 1994 թ., երբ Սևանի ճեմարան ընդունվեցի, առաջին հանդիպմանն իսկ որպես հայր ընդունեցի Վեհափառ Հայրապետին: Երբ այցելում էր ճեմարան, իր հայրական խրատն էր տալիս մեզ։ Հիշում եմ մի այսպիսի արտահայտություն «Եթե մեզանից ավելի լավ հոգևորական չեք լինի, ուրեմն այս եկեղեցին ձեր կարիքը չունի»:  Վեհափառ Հայրապետը ուզում էր, որ մենք ավելին լինենք և ավելի նվիրված լինենք եկեղեցուն, ավելի նախանձախնդիր լինենք եկեղեցական գործերը կատարելիս: Վեհափառ Հայրապետի հայրական խնամքը միշտ առկա է մեր կյանքում, և մենք երջանիկ ենք, որ այսպիսի հոգևոր հայր ունենք: Բոլորս առ Աստված աղոթք բարձրացնենք Վեհափառ Հայրապետի առողջության, երկար տարիների հոգևոր անխոնջ գործունեության համար։ Որպես իր հոգևոր զավակ՝ մաղթում եմ, որ Վահափառ Հայրապետը իր հոգևոր այս շինարարության մեջ տեսնի նաև դրա արդյունքը: Այն ներդրումը, որ ունեցավ մեր եկեղեցին վերջին 14 տարիների ընթացքում, կարող ենք փաստել, որ մեր եկեղեցու վերածննդի ժամանակաշրջանն է. թե' կրթական հաստատություննում, թե' եկեղեցաշինության մեջ, թե' բարենորոգչական աշխատանքների մեջ, շատ մեծ է Վեհափառ Հայրապետի ներդրումը, և մագաղաթյա դարերից մեզ հասած այս ժառանգությունը մենք վստահ ենք, որ ապահով ձեռքերում են, և այս ամենը Վեհափառ Հայրապետը արժանավոր փոխանցողը կլինի իր հաջորդին:

Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյան Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման հոգևոր պատասխանատու 


Գարեգին Երկրորդ Վեհափառն այն անձնավորությունն է, ով ինձ առաջնորդեց դեպի եկեղեցի: Ես նրա հիմնադրած Սևանի Վազգենյան դպրանոցի շրջանավարտ եմ, և այն ժամանակ այսօրվա Վեհափառ Հայրապետը դեռևս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն էր: Այն ժամանակվա, նեղ, սուղ և անձուկ պայմանների մեջ Վեհափառ Հայրապետը մեզ համար ավելի շատ դարձավ հայր, որովհետև մենք այնտեղ ընտանիքի նման էինք, և այդ նեղ պայմաններում նա մեզ գոտեպնդողն ու ոգի հաղորդողն էր: Հայաստանի դժվար տարիներին՝ պատերազմական վիճակ, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, նաև Սևանի դժվար կլիմայական պայմաններ, այդ ամբողջը կարծես մարտահրավեր էր նոր-նոր չափահասության հասած երիտասարդի համար, ով գնացել և պետք է սովորեր ճեմարանական կարգ ու կանոնի ռեժիմի ներքո, այդ ամենը շատ դժվար էր մեզ համար, բայց Վեհափառ Հայրապետը իր լուսավոր ներկայությամբ, խորհուրդներով ու խրատներով մեզ փորձում էր հարատև պահել այդ առաքելության պատրաստության ընթացքում: Ես ուրախ եմ այսօր խոստովանելու, որ ինքը ինձ համար եկեղեցականի ուժն ու ոգին հաղորդողներից մեկն է եղել, և կարող եմ ասել՝ նաև որպես հայր է եղել, որովհետև ես որպես հոգևորական ծնվեցի իր մեծ ընտանիքում՝ Հայ Եկեղեցու ծոցում, և իր օրնությամբ էլ շարունակում եմ իմ ծառայությունը մատուցել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: 


Տեր Պարույր քահանա Ավետիսյան 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն 


Այն, որ ամենայն Հայոց Կաթողիկոսն է, և ով էլ լինի գահին, անկախ անձից մենք հարգում և ընդունում ենք՝ մինչ անձի հատկանիշները հաշվի առնելը, պարզ է: Պարզ է նաև, որ կաթողիկոսին ընդունում ենք՝ որպես Եկեղեցու գլուխ, որպես մեկը, որին պետք է ենթարկվես ամբողջությամբ. ձեռնադրության ժամանակ հոգևորականներս խոնարհության ուխտ ենք անում Եկեղեցուն և Եկեղեցու գլխին, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Ես կարող եմ ուղղակի ասել, թե ինչ եմ սովորել Գարեգին Բ Հայրապետից. առաջին հերթին հարգանք մեծերի հանդեպ, խոնարհ վիճակ: Ցանկացած միջոցառման ժամանակ Վեհափառը, երբ տեսնում է իրենից ավագ հոգևորական կա, անկախ տարիքից, պաշտոնից, կամ դիրքից, տեղ ունի Վեհափառի կողքին և ինքն է ղեկավարում միջոցառումը: Երկրորդը աշխատասիրությունն է. եթե նայենք Վեհափառի գրաֆիկը, մեզ համար արդեն պարզ կդառնա: Մեկ բան է ասել, որ պետք է աշխատասեր լինես, մեկ այլ բան դա օրինակով ցույց տալ: Մեզ` բոլոր հոգևորականներիս, Կաթողիկոսը իր օրինակով է ցույց տալիս: Ես իրենից սովորել եմ նաև համակարգված ու կանոնավոր աշխատել, պլանավորել վաղվա օրը և ճիշտ աշխատանքը: Եվ ուզում եմ նաև առանձնացնել այն գործերը, որոնք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արտահայտված կերպով արվել են, բայց իր արյունքներն ու պտուղները կտան շատ ավելի ուշ: Վարչական առումով՝ Հայ Առաքելական Եկեղեցին վերանորոգվեց, զարթոնք ապրեց, խոր ամրապնդեց իր դիրքերը. այսօր ամեն բան արվում է, որպեսզի ներքին կանոնադրությունների հարցը վերջնական կանոնակարգում ստանա, մեծ քայլ էր նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների մեջ ամեն ինչ հստակեցնելը, դրական փոփոխություններ անելը, և այդ ամենը կանոնական հողի վրա դնելը: 

 

Տեր Մարկոս քահանա Մանգասարյան` Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար

 


Հեղինակ`

Հեղինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее