Հյուսիսային պողոտայում, ուրբաթ երեկոյան, տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ առառնց դնչկալի պիտբուլը հոշոտել էր ավելի փոքր շնիկին, Երևանում այսօրվա խոսակցության հիմնական թեմաներից էր:
Հիշեցնենք, որ պիտբուլն ու տերը փախել են դեպքի վայրից, իսկ փոքրիկ շանը փրկել չի հաջողվել:
Շնիկի լուսանկարը` տիրոջ` Ստելլա Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից է, ով նաև հետևյալ գրառումն է կատարել:
Մայիսի 10, ժամը 22:00.. ու իմ Մաշան էլ չկա: Գտնելու եմ էդ անտեր պիտբուլի տիրոջը,որ իրա ձեռքերով խեղդի իրա համբալին: Էսի փոքր քաղաք ա ու սաղ ծանոթ ա, փախնելու ձև չունեք: Ոնց իմ շան պոչկեքը տվեցիք ձեռներս... նենց ձեր շան սիրտը դնելու ենք դեմներդ: Երդվում եմ:
emedia.am-ը մանրամասներ է ներկայացրել դեպքից. շանը փրկել փորձող ականատեսներից մեկն ասել է, որ ոստիկանները պիտբուլի հարձակման պահին պարզապես շվարել են և չեն կարողացե ինչ-որ բան ձեռնարկել:
Անցորդները ստիպված են եղել վերցնել նրանց ձեռքից ոստիկանական մահակներն ու ծեծել պիտբուլին, որ նա բաց թողնի շնիկին, սակայն ապարդյուն:
Պիտբուլի երախից փոքրիկ շանը փորձել են խլել միայն շան տերն ու անցորդները:
Նշվում է նաև, որ մահակով ծեծելուց բացի ինչ-որ մեկը նաև դանակով է հարվածներ հասցրել պիտբուլին, ինչի արդյունքում երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայի մի հատված արյունոտ էր:
Իսկ երբ մեկը սառը ջուր է լցրել պիտբուլի երախին, վերջապես գազազած շունը բաց է թողել իր զոհին:
Պիտբուլի զոհ դարձած շան տերն ու անցորդները փորձել են անասնաբուժական կլինիկա տեղափոխել շնիկին, սակայն սկզբում տաքսիստները չեն համաձայնել, իսկ ավելի ուշ շունն արդեն սատկել է:
Նշվում է նաև, որ միջադեպին ներկա մի քանի կանանց ինքնազգացողություն տեղում վատացել է:
Դեպքի մասին ոստիկանությունն իրազեկվել է: