▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական TV. քրեական աշխարհը գովերգող սերիալներ և հոգեկանի վրա ազդող հաղորդումներ

Ներկայիս եթերն, ինչ խոսք, բավականին տարբերվում է խորհրդային տարիների եթերից: Տարբերվում է իր տեխնիկական որակով, հագեցվածությամբ, հեռուստաալիքների և հաղորդումների բազմազանությամբ և ինչու ոչ նաև տեղական արտադրության սերիալների ու հաղորդումների առատությամբ:

Սակայն այդ ամենը միշտ չէ, որ լավ է կամ ծառայում է հասարակության շահերին: Դիտելով խորհրդային ժամանակների մուլտֆիլմերը, երեխաները գոնե կատաղի վարք ու բարք ձեռք չէին բերում: Դրանք այն մուլտֆիլմերն էին, որոնք լուրջ ուսումնասիրությունների էին ենթարկվում ու որոշակի չափանիշների համապատասխանելուց հետո միայն ցուցադրվում:

Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ բարոյախրատական ու դաստիարակչական իմաստ էր պարունակում: Իսկ ի՞նչ է դիտում այսօրվա մատղաշ սերունդը, որը վաղն այս երկրի հասարակությունն է կռելու. մուլտեր, որոնք միայն թշնամություն և ագրեսիա են գովերգում, սերիալներ, որտեղ կրիմինալ աշխարհն է փառահեղ կերպով նկարագրվում, «հումորային» հաղորդումներ, որոնցում ծաղրվում են վերացող տեսակի մարդկային որակները և մի շարք հաղորդումներ, որոնք ուղղակի դիտելը խիստ վնասակար է մարդու հոգեկան աշխարհի նորմալ զարգացման համար:

Եվ կարծես այս ամենն էլ քիչ է, սրանց է միանում ևս մեկ կործանարար արհավիրք. դա այն լեզուն է, որ ամեն օր ու ամեն պահ հնչում է մեր էկրաններից: Դրանք այն ժարգոնային արտահայտություններն են, որ ամեն օր հնչելով, կարծես կաթեցնում են խոցելի խմբերի ուղեղներում: Իսկ այդ խմբերում ամենավառն արտահայտվում են երեխաները, որոնց ուղեղը սպունգի պես կլանում է այն ամբողջ ինֆորմացիան, որ ստանում է օրվա ընթացքում, և ամրանալով, նրանք ակամայից սկսում են կրկնօրինակել այն ամենն, ինչ տեսել են հեռուստատեսությամբ: Այս ամենով սնված սերունդն ի՞նչ հասարակության է վերածվելու.... դժվարանում եմ նույնիսկ պատկերացնել.... Լավ է, որ գոնե այն սակավաթիվ ինտելեկտուալ ու հայապահպանմանը միտված հաղորդումները դեռևս շարունակում են գոյատևել եթերում...

Մարիամ Արուշանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее