a1plus.am-ի փոխանցմամբ` Հայաստանում վերջին տարիներին թռչունների վերաբնադրման գործընթացը ավելի շուտ է սկսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են Հայաստանի թռչունների պահպանման միության անդամները։
«Օրինակ՝ Սարդարապատում արոսները, որոնք 25 տարի առաջ շատ էին, հիմա կարծես թե չկան»,-նշել է միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։
Թռչնատեսակների նվազման պատճառները շատ են. «Որսը, մարդկային գործոնը, հանքաարդյունաբերությունը, կլիմայական փոփոխությունները։ Հանքաարդյունաբերությունը ընդհանրապես ազդում է էկո համակարգի, կարմիր գրքում գրանցված տեսակների վրա»։
Նրանց տեղեկացմամբ, Հայաստանում գիշատիչ թռչուններ են վերացման եզրին.
«Հիմնական սպառնալիքը ապօրինի որսն է։ Այդ հարցը լուծելու համար կան օրենքներ, որոնք սակայն չեն գործում։ Սա գիշատիչների ամենամեծ խնդիրն է»։
Ինչ վերաբերում է ջրլող ֆաունային, ապա այստեղ վիճակն ավելի լավ է։ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրլող ֆաունայի դրական աճ է նկատվում՝ հատկապես բնադրող ֆաունայի։
«Ձկնկուլը, որը 30 տարի առաջ է բնադրել լճում, այսօր նրան կրկին կարելի է տեսնել։ 2010թ. ի վեր մենք դիտարկեցինք առաջին զույգը»,-ասել է Լյուբա Բալյանը։
Ինչ վերաբերում է Երեւանում վերջին տարիներին ագռավների շատանալուն` Թռչունների պահպանման միության անդամները նշել են.
«Պատճառը քաղաքի աղտոտվածությունն է։ Ագռավները Երեւանում ունեն իրենց բնադրավայրը, այստեղ տաք է, սնունդ կա եւ իրենք էլ բազմանում են։ Ագռավները շատացել են նաեւ Արմավիրում եւ Արարատի մարզում։ Նախկինում ագռավները, որ հայտնվում էին քաղաքում, առավոտյան գալիս էին, երեկոյան՝ հեռանում։ Իսկ հիմա քանի որ ծառերը եւ երկրորդական անտառները կտրվել են, էլ չեն հեռանում, մնում են քաղաքում»,-ասել է միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում