Սերգեյ Աբազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոմանց կարող է թվալ, թե ռուսների հետ հարաբերությունները չսրելու ցանկությունը խոսում է իմ ռուսամետության մասին։ Ո՛Չ։ Եվ դարձյալ Ո՛Չ։ Պարզապես նրանցից հեռանալով տնտեսապես քայքայված և թշնամական երկրներով շրջափակված մեր փոքրիկ հողակտորը այդպիսով մի թշնամի էլ է վաստակում։ Եվ արդեն քաղել ենք առաջին պտուղները ՝ գազի թանկացում, Ադրբեջանին մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի վաճառում...և դա դեռ վերջը չէ։ Նա կարող է ավելի դաժան ու անկանխատեսելի լինել, քան թուրքը։ Նրա այս հատկանիշն է, որ աշխարհի հզոր տերություններին վախ է ներշնչում։ Ֆ. Տյուտչևի «Ռոսիյու ումոմ նե պոնյած» արտահայտությունը հենց այնպես չի ասված։
Եթե Հայաստանի կառավարողները ցանկանում էին արահետ բացել դեպի Եվրոպա, դա պետք է արվեր ոչ թե ռուսների հետ հարաբերությունները սրելով, այլ այնպես, որ, ինչպես ասում են, ոչ միսը այրվեր, ոչ շամփուրը։ Դիվանագիտությունը նման է շախմատային խաղի, երբ հակառակորդը, արդյունավետ քայլեր չգտնելով, սպասում է դիմացինի սխալին։ Սխալը թույլ տրվեց, և հակառակորդը նրբորեն կարողացավ օգտվել դրանից. արդյունքում ունեցանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների ծաղկում, դրանից բխող բազում անցանկալի և անկանխատեսելի հետևանքներով։ Առջևում դեռ չլուծված ղարաբաղյան խնդիր էլ ունենք, որի խաղաղ լուծման երաշխավորներից մեկը հանդիսանում էր Ռուսաստանը։ Ելնելով տյուտչևյան «Ռոսիյու ումոմ նե պոնյած» բանաձևումից, չենք կարող ասել, թե այդ հացում այժմ ռուսն ինչ դիրք կընդունի։
Չմոռանանք, որ խորհրդային իշխանության փլուզումից հետո, հանձին նախկին հանրապետությունների, Ռուսաստանը կորցրեց իր հենարանները տարածաշրջանում և ամեն կերպ ջանում է վերագտնել այն։ Նկատենք, որ Հայաստանը Ռուսաստանի համար ավելի պրոբլեմատիկ երկիր է, քան Ադրբեջանը, որը և ծովային, և նավթային տերություն է։ Նրա հետ բարիդրացիական հարաբերություններով Ռուսաստանը շահում է նաև Թուրքիայի բարյացակամությունը։ Իսկ այնտեղ՝ ցեղասպանության խնդիրը։ Այսպես թե այնպես, Ռուսաստանի, որպես հզոր ռազմական տերության հետ մեր դաշնակցությունը մեզ տալիս էր որոշակի ապահովության երաշխիք։ Այսօր արդեն չենք կարող համոզված լինել դրանում։
Իսկ նրա հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու ցանկությունս բխում է սոսկ մեր ժողովրդի հետագա ճակատագրի մասին ունեցած անհանգստությունից»: