Երբ հայաստանյան իշխանությունները հայտարարեցին, որ գնում են մաքսային միություն, շրջանառության մեջ դրվեց այն տեղեկությունը, թե բա կտեսնեք Հայաստանը երկու պայմանագիրն էլ ստորագրելու է՝ համ ասոցացումը համ մաքսային միությանն ադմակցելը:Դրան սակայն հետևեց Եվրոպական միության «և- և»-ի բացառումը, ինչից հետո հայաստանյան իշխանությունները՝ ինչպես սիրտը կոտրած օրիորդը իրենից հեռացող սիրեցյալի ետևից բղավում է. «Աշոտ, ես քեզ միևնույն է սիրելու եմ». սկսեցին ասել, թե «Հայաստանը միևնույն է հետևողական է մնալու իր Եվրոպական ինտեգրման գործընթացին» ու գնաց դեպի ՄՄ:
Հետևողականությանը զուգահեռ իշխանությունները բռնվեցին Հայաստանը ՄՄ միացնելու «սուրբ» գործընթացին: Ջանք չխնայվեց: Գործարարները հերթով պատմում էին, թե ինչ մեծ շուկա է բացվում , ինչ լայն հնարավորություններ մեր երկրի համար, տպավորություն էր ստեղծվում, թե մինչ օրս ռուսական կամ բելառուսական շուկաները անհասանելի էին, իսկ հիմա կբացվեն դրախտի դռները և մենք ականատես կլինենք Նյու Վասյուկիի:
Կառավարությունը` հնգամյակը երեք տարում ոճով, ժամանակից շուտ ավարտեց ճանապարհային քարտեզը, որով Հայաստանը պետք է միանա ՄՄ-ին: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իշխանության հրամանով նույնիսկ ծեծի ենթարկվեցին ՄՄ-ի դեմ բողոքի մասնակիցներ: Մի խոսքով ամեն ինչ թռչած պատրաստ էր, երբ սկսեց ակնհայտ դառնալ, որ ՄՄ-ն ոնց որ թե կարող է ընդհանրապես չիրականանա, ինչպես օրինակ Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունը այդպես էլ մնաց թղթի վրա:
Դրան նպաստում են, թե Ուկրաինայի դեպքերից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, թե ՄՄ-ի այլ երկրների ակնհայտ դժգոհությունը` մի տեղ նավթի գնի հետ կապված, մյուս տեղում Հայաստանի անդամակցության, տպավորություն է, որ նույնիսկ Պուտինն արդեն իրեն նոր զբաղմունք գտնելով այնքան էլ չի ձգտում այս միությունը կյանքի կոչել:
Կարելի է վիճել այս թեմայի շուրջ, բայց ինչ տեղի կունենա, եթե ես, այնուամենայնիվ, ճիշտ դուրս գամ և մաքսային միություն ուղղակի չլինի: Մենք կմնանք 2 կոտրած տաշտակների դիմաց: Մի կողմից հրաժարվելով ասոցացումից ՝ անիմաստ վարկաբեկեցինք մեզ որպես գործընկեր, մյուս կողմից ռուսները կրկին խաղացին մեր հետ և կրկին «չամուսնացան» : Ու , միգուցե, լավն էլ դա է…