Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Խաչվերացի տոնը նշում է սեպտեմբերի 15-ին: Այդ առիթով սուրբ և անմահ Պատարագ է մատուցվելու բոլոր եկեղեցիներում: Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Օրն առավել տոնական ու հանդիսավոր դարձնելու համար Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը Ս. Պատարագի ավարտին Ներքին Չարբախի դպրոցի առաջին դասարանցիների օրհնության կարգ կկատարի: Փոքրիկներն Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի կողմից տոնը խորհրդանշող օրհնված խաչեր կստանան:
Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար`գլխավոր, տոներից վերջինն է: Տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին: Սա Սուրբ Խաչի նվիրված տոներից գլխավորն է: Այն նվիրված է Տերունի Խաչի` գերությունից վերադարձին ու փառաբանությանը: Հայոց Եկեղեցում, տոնի հաջորդ երկուշաբթի ննջեցյալների հիշատակի օրն է:
Հ.Գ.
Սուրբ Պատարագի սկիզբը` 11:00:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան