Երկու պատճառով շատ է դժվարացել հարսանիքը:
Նախ որ խմիչքը շատ է թանկ, հետո էլ հարսնքավորներն այնքան տխուր են լինում, որ խմելով էլ չեն ուրախանում:
Մեր բակում այս տարի ընդամենը երկու հարսանիք եղավ: Պսակվողներից մեկը գիտական աշխատող էր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, որի հարսնևորները բացառապես դոկտորներ, փիլիսոփաներ ու ճարտարապետներ էին: Այսինքն մարդիկ, որոնք տասը չափում, նոր մեկը կտրում են, այն էլ մարքս-լենինյան մկրատով:
Խեղճ փեսացուն մեռավ թանկ կոնյակի շշեր բաց անելուց՝ դահլիճում ոչ «տաշի», ոչ «տուշի»: Խմում ու լռում են: Լռում են, որովհետև Լենինը իր 46 հատորների մեջ մի հիշատակություն անգամ չունի այն մասին, թե հարսանիքում ինչ ձայներ կարելի է հանել:
Մեր բակի երկրորդ ամուսնացողը մի թեթևսոլիկ երիտասարդ էր և իր նման թեթևսոլիկների էլ կանչել էր հարսանիքի:
Շատ քիչ խմիչքով ստացվեց շատ ճոխ քեֆ: Մարդիկ դեռ չխմած «տաշի-տուշի» էին կանչում և թռչկոտում:
Եվ որովհետև հարսանիքը շատ էժան նստեց իր վրա, դրանից քաջալերված, ամսական մի կին է բաց թողնում և նորից ամուսնանում՝ ասելով.
-Հարսանիքից էժան ի՞նչ կա:
----------
Հարսանիքը կարելի է ձրի կատարել, հրավիրելով գժանոցի բոլոր գժերին:
Առանց մի կաթիլ անգամ խմելու այնպիսի հիմարություններ դուրս տան, այնպիսի թռիչքներ կատարեն, այնպես պոռան ու կանչեն, որ լսողների նախանձը շարժեն:
Այդ դեպքում ոչ թե ամիսը մի անգամ, այլ ամեն օր և օրական երկու անգամ կարելի է պսակվել:
Լեռ Կամսար, 1958թ.