Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնել ու խայտառակ իրողությունը : Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա լիովին նորմալ, ադեկվատ և ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալ» խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ:
Ցավում ենք, որ մեր երկրում հարցեր լուծելու համար դեռևս օգտագործվում են խորհրդային «լավագույն» տարիներին բնորոշ մեթոդները:
Պահանջում ենք շտապ դուրս գրել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանից՝ միաժամանակ կոչ անելով լրագրողներին և իրավապաշտպաններին պահանջել հանդիպում տիկին Նազարեթյանի հետ և համոզվել մեր հայտարարության իսկության մեջ:
Այս մասին Երևանի Կոմիտաս 56 շենքի 39 բնակիչները նշել են իրենց նամակում` հասցեագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ արդեն մոտ 10 օր է` Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ լուրերի, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին և երկրորդ հարկերի միջև: Ամալյա Նազարեթյանը` որպես բնակիչ, դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Օրերից մի օր հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:
Նշենք, որ այս հարցին արձագանքնել էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա, մասնավորապես բացառել է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ում անունը կապվում է «Իդեալի» հետ, կարող էր ունենալ լծակներ ոստիկանությունում եւ դրանք օգտագործել այս պարագայում: