Մասնագետների և հեռուստադիտողների կողմից հաճախ է քննարկվում եթերից հնչող հայերենը՝ մասնավորապես հումորային հաղորդումներում և սերիալներում հնչող արտահայտությունները: Մի փոքր ուսումնասիրություն անցկացնելուց հետո պարզեցի, որ կարելի է կատակել գրագետ հայերոնով: Ստորև ձեզ եմ ներկայացնում Ժիրայր Անանյանի «Տաքսի-տաքսի» ներկայացումից, «Վիտամին» և «32 ատամ» ակումբների մեր օրերում ստեղծված ժամանակակից հումորային մանրապատումներից հատվածներ («32 ատամ»-ը փորձել է համադրել գրականը ժամանակակից խոսակցականի հետ և ստացվել է ավելի ծիծաղելի): «Տաքսի-տաքսի»-ն նկարահանվել է 1983թ.-ին և ներկայացման ընթացքում հնչում է բացառապես գրական, գեղեցիկ և գրագետ հայերեն, չկա ոչ մի գռեհիկ արտահայտություն, փողոցային բառ, բայց սյուժեն անսպառ ծիծաղ է պարգևում հանդիսատեսին և հեռուստադիտողին: Նույն հայերենով են խոսում և՛ տնօրենը, և՛ վարորդը, և՛ պաշտոնյան ու տանտիկինը, և զոքանչն ու բանվոր դասակարգը: Այս ամենին, երբ ավելացնում ենք վարպետներ Կարպ Խաչվանքյանի, Մելինե Համամջյանի, Սվետլանա Գրիգորյանի և այլոց գրագետ ու պրոֆեսիոնալ խաղը, ապա հանդիսատեսին մատուցվող ծիծաղը դառնում է ավելի որակյալ ու բարձրարժեք: Ինչո՞ւ էր 30 տարի առաջ հնարավոր կատակել գեղեցիկ հայերենով, իսկ հիմա հնարավոր չէ: Ինչո՞ւ մեր օրերում չեն ստեղծվում նմանատիպ հումորային ներկայացումներ, ինչո՞ւ են այսօր եթերից հնչում միայն ժարգոնային և փողոցային բառապաշարով հագեցած «հումորներ», և փորձում են անբովանդակ և չստացված էպիզոդները համեմել ծամածռություններով և անտաղանդ «խաղով»: Ի՞նչն է փոխվել, մի՞թե 30 տարի առաջ չկար հասարակություն, այդ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները ինչպե՞ս էին հասկանում գրական հայերոնով ներկայացված ֆիլմերն ու ներկայացումները: Ինչո՞ւ են հիմա եթերային անորակություննները պատճառաբանում հեռուստադիտողների կողմից պահանջված լինելով, մի՞թե մենք այդքան ցածրաճաշակ և անգրագետ ենք դարձել: Ժիրայր Անանյանի և մերօրյա սցենարիստների կողմից գրված ներկայացումների և մանրապատումների տարբերությունը լեզվական տեսանկյունից և գրագետ լինելուց բացի նաև այն է, որ «Տաքսի-տաքսի» և այլ համարժեք գործերը մնայուն են և դիտվում են նաև 30 տարի անց՝ նույն ոգևորությամբ, իսկ այսօրվա «հումորները» կյանք չունեն և մոռացվում են օրեր անց:
Հեղինակ` Ալեքսան Սարգսյան
Աղբյուրը` ԲլոգՆյուզ