▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուջիկայի» և «յուփի» հյութերի ժամանակներից տարածված պրիմիտիվ կատակներ էին. Արմեն Վարդանյան

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է հումորիստ, սցենարիստ, հաղորդավար, սոցիոլոգ Արմեն Վարդանյանն, ով իր գործունեությունը տեղափոխել է բեմ. նախկինում «Արմենիա» հեռուստաընկերության ռեյտինգային հումորային թոք-շոուների վարողն ու սցենարիստն այլևս որոշել է զբաղվել անտրեպրիզային ներկայացումներով: «Քիթ-քաթ», «Գլամուրային չոբաններ». բեմական լուրջ գործունեության առաջին քայլերն արդեն իսկ դրական արդյունք են ապահովել. գոհ է և՛ սցենարիստը, և հանդիսատեսը:

-Ժամանակին ապրիլի 1-ը ավելի աղմկոտ էր, ուրախ, ինչպես, օրինակ, վարդավառը: Երեխաները մանկական ու անմեղ ստեր էին հորինում, բոլորին «խաբում»: Այսօր կարծեք թե օրն ավելի սովորական է դարձել:

-Այո, այն ժամանակ շատ տարածված էր, օրինակ, ռեպլիկ թողնել, որ «այս դեղին կոշիկներով աղջիկն ինչ սիրում է», ու բոլոր աղջիկներն անմիջապես նայում էին իրենց կոշիկներին՝ հուսալով, որ ամենագեղեցիկն իրենք են: «Ֆուջիկայի» և «յուփի» հյութերի ժամանակներից տարածված պրիմիտիվ կատակներ էին:

-Այսօր մեր հեռուստադաշտն էլ հարուստ է հումորով, գուցեև պրիմիտիվ: Ի՞նչ կարծիքի եք ժամանակակից հեռուստահումորի մասին:

-Եթե չեմ սխալվում, վերջին շրջանում հումորային ծրագրերն ավելի քչացել են, թեև, գիտեմ, որ նոր ծրագրեր են նախապատրաստվում: Գիտեք, շատ քանակության միջից միշտ էլ հնարավոր է գտնել որակյալը: Այսօր ավելի տարածված են իրավիճակային հումորները՝ սիթքոմները: Ե՛վ լավը կա, և՛ վատը, բայց, կարծեք թե ամեն ինչ դեպի լավն է գնում: Ի դեպ, առաջին սիթքոմը ես եմ արել «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Հենց այդպես էլ կոչվում էր՝ «Սիթքոմ»:

-Բայց Ձեր հեղինակային նախագծերից առաջինը հիշում եմ Զսպանակը:

-Դրանից առաջ էլ «Ջոկ-շոու»-ն է եղել: 1992-93 թվականներին առաջին Stend Up-ը Հայաստանում մենք արեցինք: Հումորիստները միմյանց հետ մրցում էին, ժյուրին, որի կազմում բավական ազդեցիկ և հանրահայտ մարդիկ էին՝ Աշոտ Ղազարյան, երջանկահիշատակ Արմեն Խոստիկյան, երիտասարդներին օգնում ու աջակցում էր:

-Ինքներդ չե՞ք ցանկանում հեռուստահումորային դաշտն ավելացնել ևս մեկ նախագծով, հատկապես, որ երկար տարիներ բարձր վարկանիշային նախագծեր եք իրականացրել Արտյոմ Մարկոսյանի հետ:

-Մենք թոք-շոուի ժանրում էինք հանդես գալիս, 5 տարի շարունակ ամեն օր ուղիղ եթերում էինք, ինչը չէր եղել մինչ այդ: Գուցե հետագայում լինի, բայց այն, ինչ մենք անում էինք երկու հոգով, կանեն սցենարական մեծ խմբերով: Մեր ծրագրում հայ մարդը տեսնում էր իրեն, ճանաչում: Նշում էինք մեր ժողովրդի բացասական կողմերը, որոնք նաև դրական կողմեր են բնութագրվում: Օրինակ, ինչպե՞ս է ռուսն իր խմելը ուժ սարքում՝ ասելով՝ «խմեցինք, պատերազմը հաղթեցինք»: Հրեաներն իրենց «քծիբությունը» ներկայացնում են որպես խելացիություն, մենք էլ մեր նմանատիպ կողմերն ունենք, այդ պատճառով էլ ասում էինք «Ա դե լավն ենք էլի, լավը»: Իսկ այսօրվա սիթքոմներն ավելի շատ ամերիկյան, եվրոպական ոճի մեջ են: Ինչ վերաբերում է նոր նախագծին, անձամբ ես հիմա հեռուստատեսային ոչ մի պրոյեկտի հավես չունեմ, ինձ ավելի շատ դուր է գալիս կատակերգական ներկայացումների սցենարներ գրելը: Այստեղ հստակ տարբերվում է լավն ու վատը: Չէ՞ որ, եթե մարդիկ երկրորդ անգամ տոմս են առնում ու գալիս ներկայացմանը, ծափահարությունները ներկայացումից 10 րոպե հետո էլ դեռ չեն դադարում, այ դա ռեյտինգ է: Բեմը շատ արդար ու դաժան է, ապացուցում է՝ ով է լավը, ով ոչ:

-Ի դեպ, չե՞ք կարծում, որ Արմենիա հեռուստաալիքի հեռուստադիտողը Ձեզ և Արտյոմին հասցրել է կարոտել: Հնարավո՞ր է Ձեզ մեկ օր կրկին այնտեղ տեսնենք:

-Կասեմ այսպես՝ երբեք մի ասա երբեք: Բայց անձամբ ես հիմա հետաքրքրված չեմ հեռուստատեսային ծրագրով: Գուցե, եթե պատվեր լինի, բայց տվյալ պահին չեմ ցանկանում ստեղծագործել, գրել հեռուստատեսության համար: Հետո չգիտեմ, ինչպես կլինի:

-Դուք հիմա առավել լուրջ գործունեության եք անցել՝ կոմերցիոն ներկայացումների սցենարներ եք գրում: Քաղաքական, տնտեսական, կենցաղային, ո՞ր բնագավառն է Ձեզ մուսա ներշնչում:

-Որևէ հստակ բնագավառ չկա: Մեր կենցաղը, բնավորությունը կարող է թեմա դառնալ: Մուսան կարող է նաև վերելակի մեջ այցելել: Յուրաքանչյուր երևույթ, մարդ կարող է մուսա բերել: Ամեն ինչ կախված է նրանից, թե գրողն ի՞նչ է ուզում ասել:

-Ժամանակին հաճախ էին խոսում այն մասին, որ Արմեն Վարդանյանն ավելի լավ սցենարիստ է, քան դերասան՝ պատճառաբանելով, որ շատ ավելի լավ գրում եք, քան խաղում Ձեր գրածը:

-Ես ինձ երբևիցե դերասան չեմ էլ համարել: Խաղացել եմ որոշ տեսարաններում ու երբեք մեծ դերեր չեմ վերցրել ինձ վրա: Միշտ եղել եմ խմբագիր, սցենարիստ, 7,5-ում՝ հաղորդավար: Միշտ էլ շատ քիչ դերասանական ծանրաբեռնվածություն եմ վերցրել ինձ վրա: Բոլորն էլ ինձ որպես հեղինակ են ճանաչում: Նաև ես գտնում եմ, որ լավ հաղորդավար եմ ուղիղ եթերում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее