pastinfo.am-ը գրում է. Ֆինանսների նախարարությունը հաստատեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆինանսական չարաշահումների մասին լուրերը:
Հիշեցնենք՝ շուրջ 1 ամիս առաջ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե նրա այդ քայլը հատկապես օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների հետևանք էր:
Պարզվում է` հիմնարկի անցած տարվա ծախսերում չարաշահումներ իրոք եղել են, և դրանք արդեն իսկ կառավարության որոշմամբ հաստատված փաստ են:
Երեկ կառավարությունը հաստատեց պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2013 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որում բավական մեծ տեղ է հատկացված նաև «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական գործունեությանը:
ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել է, որ թատրոնի տնօրինությունը, օրինակ, կանխամտածած ցածր եկամուտ է ցույց տվել, ինչի արդյունքում մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել:
Օրինակ` տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր: Արդյունքում` էականորեն նվազեցվել է տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը, որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը:
Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում ստացված եկամուտներն զգալիորեն գերազանցել են կանխատեսված չափը:
Պարզվել է նաև, որ թատրոնը որոշ ներկայացումների դիմաց գումար է ստացել, բայց բեմադրությունը չի իրականացրել: