Այսօր մեռավ իմ ամենամոտիկ բարեկամը։ Զարմանում եմ թե Գաբրիել հրեշտակապետը ինչպես կրակեց նրա վրա, որ գնդակը ինձ էլ չբռնեց։ Նա ազատվեց՝ ես մնացի գերության մեջ։
Բայց ոչինչ, մխիթարում եմ ինքս ինձ, նշանակում է հերթը հասել է մեզ. այսօր նա մեռավ, վաղն էլ ես կմեռնեմ։
Եթե քնելն էլ հաշվենք անէանալ՝ ես օրվա մեջ ութ ժամ մշտական մեռնում եմ, բայց դա քիչ է այս տառապանքով լցված աշխարհից ազատվելու համար։
Առավոտներն, երբ մոտենում է արթնանալուս ժամը, սարսափը տալիս է վրաս, չգիտեմ առաջս շարված դժբախտություններիցս առաջ որը վայելեմ։ Վարժվող ձիու նման ես պետք է թռչեմ բարձր արգելքների վրայից, փոսեր պիտի անցնեմ, սարեր մագլցեմ ու իրիկունը դարձյալ անկողին գլորվեմ։ Եվ այսպես ամեն օր։
Եթե գեթ մի անգամ կառավարությունը թույլ տար ինձ «ապո՜ւշ» գոռալ իր երեսին՝ ցավերս կամոքվեին։ Ճիշտ է, 1931 թվականին ամբիոնից պոռացի՝ թուրք կառավարությունը լավ է սովետականից, բայց դա քիչ է, տարին մեկ անգամ գեթ պետք է կրկնել, այնքան որ խեղդված եմ։
Ի՛մ հանգուցյալ բարեկամ Սիփա՛ն, քո կողմից ապերախտություն էր երջանկությանդ պահին ընկերոջդ մոռանալ։ Ճիշտ է, այսօր մեռար, վաղը կարող ես ծնվել։ Աշխարհում անփոփոխ ոչինչ չկա...