▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում միայն հույսի պակաս կա. հոլիվուդյան դերասան Քեն Դավիդյան

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, Հոլիվուդում հայտնի դերասան, պրոդյուսեր բազմաթիվ ֆիլմերում տարբեր կերպարներ մարմնավորած Քեն (Գեղամ) Դավիդյանը  գործընկերոջ՝ Արսեն Բաղդասարյանի հետ այս օրերին Հայաստանում են՝ մի շարք ծրագրերով:

Քեն Դավիդյանը 100-ից ավելի կերպարներ է մարմնավորել, սկզբնական շրջանում` հիմնականում երկրորդական («Հաճախորդը միշտ մահացած է», «Միայնակը», «Կարմիր արևածագը» և այլն): 2006 թվականին նկարահանված «Բորատ» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի կերպարը շրջադարձային դեր ունեցավ Քեն Դավիդյանի համար, ինչպես ինքն է ասում` նոր դուռ բացեց և դարձավ դերասանական կարիերայի կարևորագույն քայլերից մեկը:

 Քեն Դավիդյանը, ծնված և մեծացած լինելով ԱՄՆ-ում, երբեք անտարբեր չի եղել  Հայաստանի նկատմամբ: Սա արդեն 5-րդ այցելությունն է:

Մեր հայրենակիցները Հայաստանում են մի քանի ծրագրերով, որոնց ASEKOSE.am-ը կանդրադառնա առաջիկայում:

Իսկ դերասանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.

-Բարի գալուստ, Հայաստան, պարոն Դավիդյան: Տեղեկացա, որ կարևոր ու հետաքրքիր ծրագրերով եք այստեղ, որոնց մենք անպայման կանդրադառնանք: Բայց նախ կխնդրեի պատմել Ձեր արմատների մասին: Դուք ծնվել և մեծացել եք ԱՄՆ-ում: Ե՞րբ են այնտեղ հաստատվել Ձեր ծնողները:

 -Մայրս Հենց ԱՄՆ-ում է ծնվել: Ծնողները Գյումրիից են,  1920 թվականին  հաստատվել են Լոս Անջելեսում և սկսել են աղբահանության գործով զբաղվել: Հայրս Հայաստանի Արևշատ գյուղից է: Ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել պատերազմին, գերեվարվել: Հայերի համար հատուկ ճամբար կար, որտեղ գերիները տարբեր աշխատանքեր էին կատարում` կոշիկներ, շապիկներ և այլ իրեր էին կարում: Շուրջ 1000 հայ կար այնտեղ, նրանք ազատ շրջում էին, բայց ճամբարի սահմաններից  դուրս գալ չէին կարող: Եվ ահա հայրս այդ ճամբարում էր: Երբ ամերիկացիները գնացել են, նրան անմիջապես նկատել է գեներալներից մեկը, քանի որ հայրս շատ լավ արդուկում էր: Ամերիկացի գեներալը հորս տեղեկացրել է, որ Ջորջ Մարտիկյանը մի խումբ մարդկանց ԱՄՆ է տանում, կցանկանա՞ արդյոք գնալ: Հայրս համաձայնում է: Նախ հաստատվել է Բոստոնում, ապա Լոս Անջելեսում, որտեղ էլ ծանոթացել է մորս հետ: Հայրս պապիս աղբի գործը շարունակել է՝ այն ավելի ընդլայնելով: Լավ են ապրել, ապահովված էին, սակայն դժվար աշխատանք էր: Ես հանգամանքների բերումով մորական տատիս հետ էի ապրում: Տատիս տունը մեր տնից մի քանի տուն էր հեռու: Ինչ-ինչ խնդիրներ էին ծագել: Բժիշկը հորդորել էր ինձ լավ կերակրել: Տատիկս շատ համեղ էր պատրաստում, մինչև հիմա հիշում եմ կարագով փլավի համը: Տատս դերասանուհի էր: Ռուբեն Մամուլյանի մայրն ու հայրը խմբով եկել էին ԱՄՆ՝ ելույթներ ունենալու: Տարբեր քաղաքներում շրջում ու ելույթներ էին ունենում: Հիշում եմ՝ «Անուշ» օպերան էին ներկայացնում: Ես այդ ժամանակ երեխա էի` 10-12 տարեկան, մտածեցի, որ տատիս գործն ավելի լավն է: Մեկ այլ  մարդ գրում է խոսքերը, դերասանը  բեմի վրա արտասանում է, հանդիսատեսը ողջունում և ծափահարում է, իսկ պապս ու հայրս դժվար աշխատանք են կատարում: Որոշեցի դերասան դառնալ ու բռնեցի այս դժվարին ուղին:

 -Եվ ինչպինի՞ն էր այդ ճանապարհի սկիզբը.. Հիշու՞մ եք Ձեր առաջին դերը, առաջին ապրումները, հուզմունքը

 -Երբ ավարտեցի ուսումնարանը և արդեն մասնագիտական կրթություն ունեի, գնացի հայտնի դերասան, ռեժիսոր Ալբերտ Բրուկսի մոտ: Իր առաջին ֆիլմն էր նկարահանում, ինձ ևս մասնակից դարձրեց: Ես անսահման երջանիկ էի: Այդ ժամանակ 22 տարեկան էի և ինձ թվում էր` կյանքս միանգամից փոխվել է: Բայց… ֆիլմի  ցուցադրման ժամանակ ընկերներիս հետ ներկա էի, սակայն այն հատվածները, որտեղ ես էի խաղում, կտրել էին: Դա առաջին հարվածն էր: Սիրտս կոտրվեց առաջին անգամ: Այդպիսն է իմ աշխատանքը. մի օր սիրտդ կոտրվում է, մի օր էլ ամպերը բացվում են, և արևը շողում է: 24 տարեկանում ամուսացա, հայրս իր գործից ինձ բաժին տվեց: Ամսեկան 2700 դոլար եկամուտ էի ունենում, սակայն կարողացա գործում առաջընթաց ունենալ և եկամուտը ավելացնել: Շատ լավ էի աշխատում, սակայն իմ սերը տեսախցիկն էր ու բեմը…

 -Պարոն Դավիդյան, բազմաթիվ կերպարներ եք մարմնավորել, կարո՞ղ եք առանձնացնել  ամենակարևորը… 

-Հաջողությունը երբեք որևէ մեկի հեշտությամբ չի տրվում: Մինչ այդ բազմաթիվ դժվարությունների ես բախվում: Շատերը մտածում են Լոս Անջելեսում հայտնվելով` արդեն իսկ հաջողակ են: Ես այնտեղ էի ծնվել, ուսում ստացել և ուզում էի մեծ դերասան լինել, 22 տարեկանում ձախոխվեցի: 54 տարեկանում արդեն 100-120 դեր էի մարմնավորել` հիմնականում փոքր դերեր: Եվ Աստված նորից ամպերը բացեց, 2006-ին նկարահանվեցի «Բորատ»  ֆիլմում: Դրանից հետո կանգ չեմ առել: Արդեն Հոլիվուդը ճանաչեց ինձ` որպես կատակերգական կերպարներ մարմնավորող դերասան: Շուտով մեկ անգամ ևս  ամպերը բացվեցին, արևը շողաց: «Արտիստ» ֆիլմում նկարահանվելու հրավեր ստացա: Իմ դերն ընդամենը 45 վայրկյան է այս ֆիլմում` առանց ձայնի, առանց գույնի: Մի փոքր անհասկանալի էր այդ ամենը, սակայն երբ ֆրանսիացի ռեժիսորը խորհուրդ տվեց սցենարը կարդալ, որ նվիրել էր կնոջը, ամեն ինչ պարզ դարձավ: Անգամ հուզվեցի սցենարին ծանոթանալիս: Ֆիլմը լայն ընդունելության արժանացավ և համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Ինչ վերաբերում է ամենակարևրո դերին, շատ են հարցրել,  և միշտ դժվարացել եմ պատասխանել: «Բորատ»-ը դռներ բացեց,  բայց «Արտիստն»  ավելի լայն ընդունելության արժանացավ և իմ կարիերայում դա ամենաբարձր քայլերից մեկն էր: Ես սիրում եմ իմ աշխատանքը: Ես սիրում եմ տեսախցիկը: Սիրում եմ աշխատել: Բայց երևի առանձնացնեմ այդ երկու դերը,  որովհետև դրանք կյանքս փոխեցին:

-Կարծիք կա, որ կատակերգական կերպարներ ավելի դժվար է մարմնավորել, համամի՞տ եք... 

-Այո, այդպես է: Մարդը երբ առավոտյան արթնանում է, պատրաստ է ամեն ինչի, բայց պատրաստ չէ ծիծաղել: Դու պետք է ծիծաղ բերես,  ստիպես, որ մարդը մոռանա ամեն ինչ և սկսի ծիծաղել: Եթե երեկ զայրացել ես ինչ-որ մեկի վրա, դու կարող ես հիշել դա և տեսախցիկի դիմաց ևս զայրանալ, բայց հումորն այդպես չէ: Մարդիկ  այնքան հոգսեր ունեն: Իսկ ամենադժվար պահն այն է, երբ բեմի վրա մենակ ես... ու պիտի հանդիսատեսին ստիպես ծիծաղել: Ավելի հեշտ է ստիպել արտասվել, քան ծիծաղել: Ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուրի ժպիտը:

-Նշեցիք, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում: Այս անգամ ի՞նչ փոփոխություն եք նկատել:

- Հայրս թույլ չէր տալիս ինձ գալ Հայաստան խորհրդային իշխանության տարիներին: Մի քանի անգամ ինքը խմբով եղել է Հայաստանում, բայց ինձ թույլ չէր տալիս: 13 տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ պետք է գար Հայաստան: Մեծ պայուսակ ուներ, որի վրա կատակով  հայհոյանք էի գրել ռուսների մասին: Բնական է` ամերկացիներն այդ ժամանակ ռուսներին չէին սիրում, լարված հարաբերություններ էին: Կատակով էի գրել,  բայց Հայաստան մեկնող 32 հոգու համար դա կատակ չեղավ, քանի որ նրանց առաջին կանգառը Մոսկվայում էր, որտեղ լուրջ խնդիրների են բախվել: Նրանցից շատերն իմ բարեկամներն էին, ու երբ վերադարձան, ուզում էին ինձ սպանել (Ժպտում է): Հայրս այդ օրվանից որոշեց, որ ինձ Հայաստան չի ուղարկելու: Ասաց՝ դու մեծ բերան ունես, քեզ Սիբիր կուղարկեն: ԽՄ կարգերի փլուզումից հետո որոշեցի, որ պետք է Հայաստանը տեսնեմ: Առաջին անգամ 1992-ին եմ եմ եկել՝ ամենածանր  շրջանում: «Արմենիա»  հյուրանոցում էի իջևանել:  Լողանում էի, մազերս դեռ փրփուրի մեջ`  ջուրը կտրվեց, հեռախոսով ասացի ջուրը կտրվեց, պատասխանեց ՝ գիտեմ ու ավելացրեց, որ վաղը ջուր կլինի: Իսկ այսօր Հայստանը փոքր Եվրոպա է դարձել, շատ է փոխվել բոլոր առումներով: Միայն կուզեմ, որ ժողովուրդը հույս ունենա: Միակ պակասությունը Երևանում հույսն է: Նույնիսկ այնպիսի  վայրեր կան, որ ավելի գեղեցիկ են, քան այլ երկրներում, բայց հույսը պակասում է: Չեմ կարող մեղադրել որևէ մեկի: Այստեղ մասնագիտանում են, աշխատելու հնարավորություն չկա: Մեր ամենակարևոր առավելությունը, հարստությունը  մեր խելքն է: Ցանկացած վայրում երբ երկու հայ  միացել են, կարողացել են լուրջ հաջողությունների հասնել, առաջ գնալ՝ խելքի և աշխատասիրության շնորհիվ: Երբ հայերը միանում են, կարող են աշխարհը փոխել:  Բոլոր երկրներում  հայերը կարևոր տեղեր են զբաղեցնում, ինչը ինձ շատ է ոգևորում և հիացնում:

-Հետաքրքիր է՝ հայաստանցի հայերի ո՞ր հատկանիշն է Ձեզ ավելի շատ գրավում:

-Եթե նեղության մեջ ես հայտնվում, կարող ես հանգիստ օգնություն խնդրել և մերժում չես ստանա… եթե երեխան հայտնվում է փողոցում,  անծանոթ մարդը նրան կարող է տուն հասցնել,  այլ վայրերում այդպես չէ: Շատերի եմ հանդիպել, ովքեր իսկապես նվիրված են Հայաստանին, ովքեր անկախ ամեն ինչից մտածում են, որ սա իրենց հայրենիքն է և երբեք չեն հեռանում: Մի հատկանիշ, որ ինձ շատ է զայրացնում, բաբմասելն ու անիծելն է, որն իհարկե միայն մեզ չէ բնորոշ: Պետք է իրար օգնել, աջակցել: Թեև մի փոքր առաջընթաց կա այդ առումով: Երբեմն էլ նվիրվելուց ու օգնելուց հետո փաստի առաջ ես կանգնում, քանի որ փորձում են շահագործել: Կյանքը աստիճան է: Երբ մեկը խնդրում է օգնել, մեր բնավորությունն է, ասել այո և հրել, ցած նետել... իսկ կան ժողովուրդներ, որ կասեն անցիր, բարձրացիր,  բայց ձեռքդ տուր, ես էլ բարձանամ: Հիմա շատ բան է փոխվել, յուրաքանչյուրն իր գլխի ճարն է տեսնում միայն: Մինչդեռ պետք է միմյանց թիկունք լինենք և օգնենք:

 

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Ստորև կարող եք դիտել ամերիկյան ռադիոկայաններից մեկի հարցազրույցը Քեն Դավիդյանի հետ` «Բորատ» ֆիլմի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее