▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ամենահին մարզահամալիրը վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն

Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։

«Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։
«Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունն ստեղծվել է 1935 թ-ին` որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։

Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։

Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Դրանց մի մասը հետագայում առանց շահույթ ստանալու նպատակի փոխանցվել է համայնքներին։ Օրինակ, Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։ Եղել է նաև օտարում։ Վաճառվել է Երևանում գտնվող հեծանվավազքի դպրոց-համալիրը, որի տեղում 2015 թ-ին վեր է խոյացել «Հիլթն» հյուրանոցը։

«Հայաստան» մարզական միության երկարամյա նախագահ Ռազմիկ Ստեփանյանին 2019 թ.-ին փոխարինեց ՀԿ-ի ենթակա կառույցներից մեկը ղեկավարած Սոկրատ Պետրոսյանը։ Կազմակերպության նախագահ դառնալուց ընդամենը 2 տարի անց նա ստորագրեց «Սպարտակ» մարզահամալիրը վաճառելու պայմանագիրը։ Մինչ այդ կազմակերպության ղեկավար մարմնի՝ 21 հոգուց բաղկացած նախագահության կազմն է փոխվում, և նախագահությանն իրավունք է վերապահվում ՀԿ-ի գույքը գրավ դնել։ ՀԿ-ի նախագահության կազմում է հայտնվում Սոկրատ Պետրոսյանի ծանոթ, «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արսեն Հովհաննիսյանը, որն էլ արտոնյալ պայմաններով ձեռք է բերում համալիրը։
«Հայաստան» մարզական ՀԿ-ի 2021 թ-ի հուլիսի 14-ի արտահերթ ընդհանուր ժողովից մեկ ամիս անց կազմակերպության նախագահության կազմում հաստատված գործարար Արսեն Հովհաննիսյանը «Էվոկաբանկից» 1 միլիոն դոլար վարկ է վերցնում։ Որպես երաշխիք` գրավադրվում է «Սպարտակ» մարզահամալիրը։ Համալիրը «Հայաստան» մարզական ՀԿ-ն սեփականաշնորհել է պայմանով՝ վաճառելու դեպքում Երևան համայնքին պետք է վճարեր սեփականաշնորհման պահի կադաստրային արժեքը՝ 500 միլիոն դրամ։ Մարզահամալիրի գրավադրումից հետո համայնքային բյուջե է վճարվում 500 միլիոն դրամը։

2023 թ-ի սեպտեմբերի 4-ին ստորագրվում է մարզադաշտը և մարզադահլիճները վաճառելու պայմանագիրը։ Գնորդը «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանի որդու՝ Սերգեյ Հովհաննիսյանի հիմնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն է։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գումարը ՀԿ-ին պետք է վճարվի մինչև 2028 թ-ը՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։

Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

Երևանի Ագանթանգեղոս 6 հասցեում գտնվող Սպարտակ մարզահամալիրը զբաղեցնում է 2 հեկտար հողամաս։ Մարզադաշտից բացի, անշարժ գույքի կազմում է ներառված 10 հազար 844 քմ մակերես ունեցող մարզադահլիճը, 836 քմ մակերես զբաղեցնող վարչական շենքն ու ևս մեկ մարզադահլիճ, ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը՝ 539 քմ, սուսերամարտի դահլիճը՝ 275 քմ, ևս մեկ վարչական շենք՝ 1701 քմ, թեթև ատլետիկայի մանեժը՝ 1509 քմ և այլ շինություններ։
«Էկո պետրոլ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկը հիմնադրումից հետո ընդլայնվել է։ ՍՊԸ-ն այժմ 4 բաժնետեր ունի։ Նրանք են՝ Արսեն Հարությունյանի որդին՝ Սերգեյ Հարությունյանը, Լևոն Բաբոյանը, Արամ Գևորգյանը և Ալբերտ Երիցյանը։ Վերջին բաժնետերը տարիներ առաջ ողջ ունեցվածքը կորցրած գործարար, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի թոռն է՝ գործարարի որդիներից Ռոբերտ Երիցյանի որդին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее