«Այսօր նշանակալից օր է բոլորիս համար. մեկ տարի առաջ ընտրվեցինք և Երևանի ավագանի դառնալով` ստանձնեցինք այդ պատասխանատու պարտականությունը: Քանի որ ես ֆինանսաբյուջետային և տնտեսական հանձնաժողովի նախագահն եմ, կարող եմ ասել, թե ինչ է արվել 2013-ին և վստահեցնել, որ այն խոստումները, որ տվել էինք նախընտրական շրջանում, մեծ թափով փորձում ենք կատարել: Տեսնում եք մեր գեղեցիկ ու կանաչապատ Երևանը... նախորդ տարի տնկվել է մոտ 50 000 ծառ և թուփ, կառուցվել է 20 կմ ոռոգման ցանց: 2014-ին նախատեսված է կառուցել 23 կմ ոռոգման ցանց և տնկել 65 000 ծառ և թուփ: Ամենակարևորն այն է, Երևանն ամբողջ տարի կլինի կանաչապատ: 2013-ին կառուցվել է 400 բակային տարածք և մինչև տարվա վերջ ևս 400-ը կկառուցվեն և կհանձվեն երևանցիներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամների խնդրին. 2013-ին բյուջեից նախատեսված էր 23 միլիոն թեքահարթակներ կառուցելու համար և հիմա արդեն կարող եք տեսնել, որ քաղաքի յուրաքանչյուր հատվածում դրանք կառուցված են, իսկ 2014-ին բյուջեից տրամադրվել է ևս 40 միլիոն, և այն շենքերը, որոնք ենթակա են նոր հանձնման, հարմարեցված են հաշմանդամների տեղաշարժմանը»,-ամփոփելով իր` Երևանի ավագանու անդամ լինելու մեկ տարին` Asekose.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը:
Տիկին Նահապետյանը հատուկ շեշտեց Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետ, մարդկանց հասանելի լինելու հանգամանքը.
«Քաղաքապետն ամեն օր հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու համար` թե ֆեյսբուքյան էջով, թե այլ միջոցներով: Ցուրաքանչյուր ոք կարող է կապ հաստատել քաղաքապետի հետ և իրեն հուզող հարցն ուղղել հենց նրան: Մեկ տարվա ընթացքում քաղաքապետին ուղղել են 14 000 նամակ, որոնք ստացել են լիարժեք պատասխաններ: Կարծում եմ, որ երևանցիների հավատը դեպի քաղաքապետ և քաղաքապետարան լիարժեք վերականգնվել է»:
Ինչ վերաբերում է ավագանու ընդդիմադիր անդամների հետ աշխատանքի արդյունավետությանն, ապա Նաիրա Նահապետյանն ընդգծեց.
«Մենք քաղաքապետարանում չենք ընդունում ընդդիմություն ասվածը: Եվ «ԲՀԿ»-ն և «Ժառանգություն»-ը մեզ հետ շատ կառուցողական են աշխատում, քանի որ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրված ենք երևանցիների կողմից և հաշվետու ենք հենց նրանց: Ավագանու նիստերի ժամանակ որևէ հակասություն չենք ունենում միմյանց հետ, և բացի այդ բոլոր խնդիրները լուծվում են ի շահ քաղաքացու»: