▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ը Հայաստանին իրավիճակային լուծում է առաջարկում

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ը պատրաստ է Ուկրիանայի հետ ստորագրել ԵՄ ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի միայն քաղաքական մասը, Հայաստանում կրկին ակտիվացրեց Ասոցացման համաձայնագրի հետ կապված քննարկումները:

Բանն այն է, որ դեռ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի` նախագահի հայտնի հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, ԵՄ-ն արձագանքեց, որ առկա իրավիճակում անհնար է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը: ԵՄ չինովնիկները մասնավորապես նշում էին, որ համաձայնագրի տնտեսական մասն ու Մաքսային միության անդամակցությունից բխող պարտավորությունները հակասության մեջ են, ինչի պարագայում անհնար է ստորագրել համաձայնագիրը:

Ստեղծված իրավիճակում, Հայաստանը Եվրոպային առաջարկեց` ստորագրել համաձայնագրի միայն քաղաքական մասը, սակայն դեռ այդ ժամանակ ԵՄ-ն արաձագանքեց` համաձայնագրի երկու հատվածները պետք է դիտել որպես մեկ ամբողջություն, որի պարագայում անհնար է համաձայնագրից քաղաքական մասի առանձին ստորագրումը:

Ստացվում է այն, ինչը բացառվեց Հայաստանի դեպքում, ԵՄ պաշտոնյաները առաջարկում են Ուկրաինային:

Անդրադառնալով Հայաստանի ու Ուկրաինայի հարցում՝ բացարձակապես նույն թեմային վերաբերող տարբեր որոշումներին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այս կապակցությամբ հայտարարել է, որ պետք չէ Հայաստանն ու Ուկրաինան համեմատել:

Տրամաբանորեն այն, ինչ կիրառելի է Արևելյան գործընկերության ծրագրի մի անդամի համար, պետք է կիրառելի լինի նաև մյուսների դեպքում, սակայն Ուկրաինայում ստեղծված քաոսային իրավիճակը, որի պատասխանատուներից է նաև Արևմուտքը, Եվրամիությանը ստիպել է բացել խաղաքարտերը ու մարտի նետել ռեզերվային ուժերը:

Ուկրաինայի հարցում այս խաղաքարտի օգտագործումը միաժամանակ ցույց է տալիս, որ ԵՄ-ն Արևելյան գործընկերության ծրագիրը նախևառաջ դիտել է որպես իր աշխարհաքաղաքական նպատակները առաջ մղելու միջոց: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի «գերհետաքրքրությունը» Ուկրաինայի իրադարձություններին, ստիպում է կարծել, որ այս խաղում հիմնական խաղացողը ոչ այդքան ԵՄ-ն է, որքան ԱՄՆ-ն:

Եթե ուշադրություն դարձնենք Ուկրաինայում նկատվող իրադարձությունների ընթացքին, ապա ակնհայտ է դառնում, որ Եվրոպայի կողմից, ոչ արդյունավետ գործիքների օգտագործման պայմաններում, ԱՄՆ ձեռնամուխ է եղել խաղն իր վրա վերցնելու ու ՌԴ-ի հետ անմիջական կոնտակտի մեջ մտնելու դերակատարությունը:

Ինչևէ, վերադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշենք, որ ԵՄ-ը Հայաստանի հարցում ևս որոշում ունի. առաջարկվում է հարաբերությունների զարգացումը տեղափոխել Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի արդիականացված հարթություն, որի առաջնային նպատակն է այս փուլում ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակականության ապահովումը: Սա իրականում իրավիճակային լուծում է ու սպասելի է, որ հետագայում` նաև կախված Եվրասիական տնտեսական միության կայացման հանգամանքով ու գործունեության բնույթով, Եվրամիությունը հանդես կգա առավել ընդգրկուն ծրագրով: 

 

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее