Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին: Միջոցառումը գրադարանային շաբաթվա մեկնարկն էր: Ներկա էին Արմեն Հովհաննիսյանի հարազատները, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ամենաավագ մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը, գուսան Հայկազունը, այլ հյուրեր...
1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին Արմեն Հովհաննիսյանի հիշատակը, և դահլիճում թևածեց հերոսական ոգին…
«Ասում են՝ հայ մայրերը որդիապաշտ են, և դա ճշմարտություն է: Ես դա թերություն չեմ համարում, ես ինքս էլ այդպիսին եմ: Դա պարզապես հայ մայրերն բնորոշ առանձնահատկություն է: Տղայիս ծնունդն իսկական հրաշք էր մեր գերդաստանում: Որդիս ծննդյան պահից դարձավ իմ աշխարհի կենտրոնը: Նա փարթամ, գեղեցկադեմ, աշխույժ երեխա էր: Ծիծաղը երեսից չէր իջնում»,- Արմենի մասին հուշերով իր խոսքը սկսեց հերոս զինվորի մայրը՝ տիկին Մարինեն, ապա հավելեց.
«Այսօր իմ տղան հանգչում է փառքի պանթեոնում՝ բոլոր այն քաջազուն հայորդիների կողքին, ովքեր իրենց սեփական արյունով գծեցին մեր հայրենիքի նսահմաները»:
Խոսելով թուրքերի՝ դեռևս անցյալ դարից սկիզբ առած վայրագությունների, ադրբեջանցի ստահակի կողմից Եվրոպայի սրտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու և մերօրյա թուրքի կերպարի մասին, հերոսի մայրը նշեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ևս նույն ծանոթ ձեռագիրն էր: Եվ սարսափելի է անգամ մտածել, թե ինչ տեղի կունենար, եթե թշնամին դիմադրության չհանդիպեր:
«Որդիս, ատամերը սեղմած, անցավ անհավասար մարտի թշնամու դեմ: Նա նույնիսկ կարողացավ սանձահարել սեփական սարսափը: Իսկ մենք հասկանում ենք՝ չկա այնպիսի մարդ, որ չվախենա: Նրա մեջ ինչ-որ գերբնական ուժ էր արթնացել: Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս ինչ-որ առաքելությամբ: Իմ որդու առաքելությունն ավարտվեց այն պահին, երբ իր սեփական արյունով գծեց հայրենիքի սահմանի այն հատվածը, մի քանի մետրը, որի պաշտպանությունը հանձնված էր իրեն և ընկերներին»,- նշեց տիկին Մարինեն, ապա հավելեց.
«18-20 տարեկան տղաները խրամատում մեծանում են: Սկսում են կյանքին այլ աչքերով նայել: Տղաս էլ էր այդպիսին դարձել: Գիտեք՝ Արմենի մարտական ընկերները մեզ հետ կիսվեցին հուշերով, և ես սարսափում էի՝ լսելով նրանց զրույցները: Մի՞թե դրանք 19 տարեկան տղայի խոսքեր էին: Մի՞թե նրա սիրտն ինչ-որ բան է կանխազգացել: Զրույցներից մեկի ժամանակ Արմենն այսպիսի խոսք է ասել, որ վախենում է անիմաստ մեռնելուց: Եվ սա ասել է ընդամենը 19 տարեկան տղան: Ես սարսափած էի: Հիմա իմ ձեռքում են նժդեհյան ասույթները, որոնցից մեկը հետևյալն է՝ «ճշմարիտ հերոսը ճանաչում է մի հատիկ մահ. դա փոքրիկ մահով մեռնելու վախն է»: Մեկ ուրիշ անգամ Արմենին հարցրել են,թե ինչու է պահում դիրքը, այդ հարցին նա հստակ պատասխան է տվել: Ասել է, որ դիրքը պահում է այն երեխայի համար, ով քնած է, և իր համար նշանակություն չունի այդ երեխան Մարտակերտում է, թե՞ Երևանում»:
Արմենը մի առիթով ընկերներին ասել էր, որ երազում է զորամասում մատուռ կառուցել, իսկ դիրքերում խաչքար տեղադրել: Տիկին Մարինեն տեղեկացրեց, որ Արմենի հայրն իրականանցում է նրա երազանքը: Խաչքարերից մեկը կտեղադրվի Արմենի զորամասում, մյուսը՝ դիրքերում: Իսկ խաչքարի վրա գրված է Արմենի՝ արդեն հայտնի միտքը՝ «Բոլորդ դիրքապահ տղերքը թագավոր տղերք են»:
«Երբ թշնամին կրկին փորձի հատել մեր սահմանը, թող ծեծված շան նման ետ շպրտվի…. արմենների կողմից»,- իր խոսքը եզրափակեց հերոսի մայրը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության համար Արմեն Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ «Արիության համար» մեդալներով:
Փառք Արմենին և հայրենիքի համար կյանքը զոհած բոլոր հերոսներին
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան