Խոսքս ուղղում եմ Հակոբ Ինջիղուլյանին քննադատողներին:
Ես ինքս, ծառայելով ամենադժվարին պայմաններում գտնվող սահմանային առաջին կարգի զորամասում ու այդքան ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ հետ շփվելով, (ի պաշտոնե եղել եմ դասակի հրամանատարի տեղակալ), երբեք չեմ նկատել, որ ինչ որ զինվոր, անկախ դժվարություններից, նման քայլի դիմելու ցանկություն ունենա: Դժվարությունը ամեն մարդու համար սուբյեկտիվ հասկացություն է. մեկի համար դա կարող է լինել ծանր բնակլիմայական պայմանները, մյուսի համար՝ խիստ կանոակարգային ռեժիմը կամ սպայակազմի հետ բարդ հարաբերությունները։ Քանի որ մեր զորամասում ցայտուն արտահայտված ոչ կանոնակարգային հարաբերությունների դեպքեր չեմ նկատել, այս տարբերակին չեմ անդրադառնա, բայց մյուս երկու գործոնները թույլ հոգեկերտվածք ունեցող մարդու համար հաստատ կարող էին աֆեկտիվ գործոն հանդիսանալ ու ասենք՝ մեր սահմանից էլ ինչ որ զինվոր անցներ ադրբեջանական կողմ, բայց նույնիսկ բնավորությամբ ամենանվնվան ու թույլ զինվորը դա չարեց, քանի որ այդ ծայրահեղ քայլին դիմելն ավելի դժվար է, քան ցանկացած դժվարություն բանակում:
Երբ քննադատում են մարդիկ, ովքեր նույնիսկ չեն պատկերացնում, թե հայ զինվորը ինչ պայմաններում ու դժվարություն կրելով է պաշտպանում հայոց սահմանները, դա արդեն հայրենասիրություն չէ: Հայ զինվորը, հավատացեք՝ պատկերացնում է թե ինչի համար է ծառայում ու պատրաստ է դիմագրավել ցանկացած դժվարության: Դա ոչ ոք չի կարող փաստել ավելի լավ քան մարդ, ով ծառայել է ու տեսել այդ ամենը: Բոլոր սուտ հայրենասերներին, ովքեր ուղղակի առիթից օգտվելով ուզում են մոնիտորի մյուս կողմից իրենց համար հայրենասերի կերպար ստեղծել, խորհուրդ կտամ մի քիչ շրջահայաց լինել ու ավելի ուշադիր նայել տեսանյութերը. նույնիսկ պահի տակ Հակոբը մոռանում է տեքստը, որ ստիպողաբար սովորեցրել են: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ գործոնների ազդեցության տակ է Հակոբը այդպես խոսում, նույնիսկ եթե վախը լինի պատճառը, չեք կարող մեղադրել. մի պահ Ձեզ պատկերացրեք նրա տեղում:
Գագիկ Մամուլյանի գրառումը
Ֆեյսբուք