Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում Ավարայրի ճակատամարտի և պատմական այլ իրողությունների խեղաթյուրված լինելու վերաբերյալ քննադատությունները տեղին չեն»,- մամուլի ասուլիսում այս հայտարարությունն արեց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ դասագրքում կոնկրետ Ավարայրի ճակատամարտի հատվածում տվել է վերջին շրջանի գիտական ձևակերպումներ։
«Ես այդպես եմ վարվել, որովհետև երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը։ Ես այս ճանապարհով եմ գնացել, և այստեղ պատմությունը բոլորովին խեղաթյուրված չէ, մանավանդ որ դա դրված է գիտական հիմքերի վրա»,- պարզաբանեց նա։
«Հիանալի» է, դավաճանին արդեն չենք ասում դավաճան: Կարճ ասեմ՝ չենք պիտակավորում, պարոն Հովհաննիսյան, ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԵՆՔ ԿՈՉՈՒՄ:
Ստորև հատուկ Սմբատ Հովհաննիսյանի համար դնում եմ Վասակ Սյունու դավաճանական գործունեության ցանկը՝ գրավոր և վիդեոֆորմատով:
Եվ այսպես, պարոն Հովհաննիսյան, Վասակ Սյունին.
ա) չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները՝ ոչ մի ջանք չխնայեց հայ-բյուզանդական հնարավոր և հայ-վիրա-աղվանական կայացած դաշինքը վիժեցնելու ուղղությամբ (Ավարայրի ճակատամարտից մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց Վիրք, Աղվանք և Կոստանդնուպոլիս, թե իբր պարսիկները հրաժարվել են իրենց նպատակներից և այլևս կարիք չկա օգնության հասնել հայերին) և ի վերջո հասավ իր նպատակին, թեև Գուգարքը, որը մինչ այդ միացվել էր Իբերիայի թագաորությանը, անուհանդերձ մասնակցեց ապստամբությանը, քանի որ Տաշիրն ու Աշոցքը ներկա էին,
բ) չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները՝ նույն ձևով խոչնդոտեց նաև Խաղկտիքից, Տմորիքից, Աղձնիքից և Կորդույքից եկող հնարավոր օգնությանը: Վասակը փորձեց խոչնդոտել նաև Արցախից եկող օգնությանը, սակայն քանի որ Արցախը ավելի սերտ կապերի մեջ էր Վարդանանց հետ, Վասակի քայլը չհաջողվեց և, ըստ Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության , Արցախի Առանշահիկների ու նրանց հետ էլ նաև Ուտիքի և Գարդմանքի հեծելագնդերը ու ժողովրդական աշխարհազորերը, որպես Առանշահիկների կրտսեր և քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող նախարարներ, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին,
գ) Խաղխաղի ճակատամարտից առաջ տեղեկացրեց Պարսից թագավորության բանակի հրամանատարությանն այն մասին, որ հայկական բանակը արշավում է իր վրա՝ սրանով ըստ էության ոչ միայն ուղղակիորեն առաջնակարգ կարևորության տեղեկատվություն հայտնելով, այլև խախտելով հակառակորդին անակնկալ հարված հասցնելու մարտավարական մտահաղացումը: Արդյունքում հայկական բանակն ինքը մարտավարական անակնկալի եկավ, երբ, գտնվելով երթարշավի մեջ, տեսավ մարտին պատրաստ հակառակորդին,
դ) Վարդանի Աղվանք գնալուց հետո գերեց որոշ առաջատար նախարարների երեխաների՝ թշնամուն ուղարկելու համար,
ե) հավաքագրեց լեռնային և դաշտային որոշ վայրենի ցեղեր, որոնք հետագայում հանդես եկան հայերի դեմ,
զ) պարսկական զորամասերով փակեց հյուսիսից Աղվանք մտնող կիրճերը և արգելեց հոների մուտքը Պարսից թագավորության տարածք, ինչը բավականին կհեշտացներ հայերի վիճակը Ավարայրում՝ շեղելով թշնամական բանակի մի մասը,
է) Ավարայրի ճակատամարտից անմիջապես առաջ մի քանի անգամ ներկայացավ Փայտակարանում գտնվող Միհրներսեհին և տեղեկություններ հայտնեց հայկական բանակի քանակի, զորքի տեսակի ու զինվածության մասին,
ը) Սյունյաց գնդի մի մասով Ավարայրի ճակատամարտի ժամանակ հանդես եկավ հայերի դեմ՝ գտնվելով Պարսից բանակի աջ թևում:
Նման արարքները ԾԱՅՐԱՀԵՂ ՊԱՐՍԱՎԵԼԻ ԵՆ և՜ քրեաիրավական, և՜ բարոյական տեսանկյունից, պարոն Հովհաննիսյան, այդ մասին ես չէ, որ ձեզ պետք է ասեմ: Դրանք խստորեն դատապարտվել և պատժվել են ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԵՐՈՒՄ: Ի վերջո, եթե Վասակ Սյունին համաձայն չէր ապստամբության հետ, նա կարող էր գոնե չեզոք դիրք բռնել, այլ ոչ թե ամեն կերպ ակտիվորեն վնասեր իր ժողովրդին: Ի դեպ, այդպես մեծապես վարվեցին նույն Բագրատունիները, ինչը հեշտ է նկատել, քանի որ Եղիշեն Տիրոց Բագրատունու նկատմամբ ատելություն գործնականում չի դրսևորում: Իմ խորին համոզմամբ այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա:
Նա ով պատերազմող երկրում ամեն կերպ վնասում է կենաց ու մահու մարտի ելած իր ազգին, նա ով պատերազմող երկրում հանդես է գալիս իր ազգակիցների դեմ մարտի դաշտում, ԴԱՎԱՃԱՆ Է - պարզ, հստակ ու կոնկրետ: Վասակ Սյունին վարվեց հենց այսպես, հետևաբար նա դավաճան է: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես է կարելի արդարացնել նման մարդու:
Կրկնում եմ, պատերազմող բանակի և ժողովրդի թիկունքում այնպիսի քայլեր անելը, ինչպիսին արեց Վասակ Սյունին, միանշանակ մեզ բերում է միակ և անխուսափելի մի հետևության՝ ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆԻՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԻ ԴԱՎԱՃԱՆ ԷՐ»:
|