DIY ակումբի նախկին տնօրեն, Ծոմակ Օգանեզովան «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
«Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոգևորվածությունս մեծ է: Նա բարի է, խելացի, սիրո հատկություններ ունի, այդ սերը տարածվում է մարդկանց վրա: Բայց ես շոկ ապրեցի, երբ պայքարի երրորդ օրը նա ասաց, որ Դաշնակցությունը միանում է շարժմանը: Ես սրա հետ կապված խնդիր ունեմ, քանի որ ես Րաֆֆի Հովհաննիսյանին ընկալում եմ մեկը, ով կարող է փոփոխություններ իրականացնել Հայաստանում: ես չեմ կարող հասկանալ մի բան. Ինչպե՞ս է Դաշնակցությունը միանում Րաֆֆիին»,- իր տարակուսանքն է հայտնել Ծոմակը, ապա հավելել.
«Եթե Րաֆֆին ասում է որ յուրաքանչյուր մարդ, ով բռնություն է կիրառում մարդկանց նկատմամբ, պետք է պատժվի, խոսում է ֆաշիզմի, բռնության դեմ, ասում, որ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի դիմացինի ազատությանը, պետք է պատասխան տա օրենքի առջև: Մինչդեռ Դաշնակցության մեջ կան մարդիկ,(Արծվիկ Մինասյան, Հրայր Կարապետյան), ովքեր պետք է պատասխանատվություն կրեն: Այդքանով հանդերձ Րաֆֆին միանում է Դաշնակցությանը որ ի՞նչ անի: Միանում է նրանց, ովքեր քաջալերում և աջակցու՞մ են բռնություններ անողներին: Ովքեր ատելության հողի վրա նման ակցիանե՞ր են կազմակերպել: Այդ տեսակի մարդկանց, որոնց Դաշնակցությունը քաջալերում և օգնում է և մեդիայով խոսում է նրա մասին, որ այո, տղաները ճիշտ են արել, որ պայթեցրել են DIY-ը, որովհետև Ծոմակի նմանները պետք է վերանան»: