Արդեն տեղեկացրել ենք, որ «Ինեկոբանկի» գլխավոր մասնաճյուղում այսօր միջադեպ էր գրանցվել:
Ավելի ուշ, ի պարզաբանում մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, Ինեկոբանկը պաշտոնապես հայտնել է.
Այսօր` մայիսի 6-ին, առավոտյան ժամը 11.15-ի սահմաններում Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղում վճարում կատարող տղամարդու ձեռքում Բանկի աշխատակիցները տեսել են ատրճանակ, ինչի վերաբերյալ անվտանգության պատասխանատուները և Բանկի աշխատակիցներն ամիջապես տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:
Տղամարդը կարճ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ անձի կողմից ակնհայտ բռնարարք կամ սպառնացող գործողություն չի իրականացվել: Դեպքի վերաբերյալ և տղամարդու անձը հաստատելու ուղղությամբ կատարվում է նախաքննություն, իսկ Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղը գործում է բնականոն ռեժիմով: