▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ հայկական շունչ ու ոգի կա. պատմություններ Դիարբեքիրի մասին և ոչ միայն

Օրերս թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի շենքի վրա տեղադրվել  է քառալեզու ցուցանակ, որտեղ տեղ է գտել նաև հայերենը: Առաջին հայացքից կարելի է զարմանալ, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային՝  հատակապես 2015-ին ընդառաջ Թուրքաիայի իշխանության որդեգրած մերժողական քաղաքականության ֆոնին:  Սակայն երբ խոսքը Դիարբեքիրի մասին է…

Դիարբեքիրը, թերևս այն վայրն է, որն առանձնանում է հայերի նկատմամբ ընդգծված հանդուրժողական վերաբերմունքով:

Մի քանի տարի առաջ վերանորոգված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում ( Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է) տարին մի քանի անգամ պատարագ է մատուցվում: Իսկ  եկեղեցու մի հատվածն օգտագործվում է որպես թանգարան, որտեղ ներկայացված են  քաղաքի հայկական անցյալի մասին ցուցանմուշներ:

Ի վերջո՝ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը մեկ անգամ չէ հայտարարել, որ Դիարբեքիրը նաև հայերին է պատկանում:

Այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է դեպի Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների  հիմնադիր «Անիտուր» տուրիստական գործակալության ղեկավար Վոլոդյա Առուշանյանի հետ: Մարդ, ով շուրջ 150  անգամ խմբերի հետ, շուրջ 20 անգամ՝ առանձին, այցելել է մեր պատմական հայրենիք, ով կարսեցու թոռ է, սակայն իրեն համարում է թե կարսեցի, թե մշեցի ու  սասունցի… չկա այնպիսի վայր, որտեղ նա ոտք չի դրել: Եվ ահա սեփական աչքով պատմական հայրենիքի ամեն մի անկյունը տեսածի ճշգրտությամբ է մեր զրուցակիցը  ներկայացնում իր տպավորություններն ու ուշագրավ պատմությունները.

-Պարոն Առուշանյան, զուտ տպավորություններով կարելի է եզրակացնել, որ Դիարբեքիրը՝ հայկական մյուս քաղաքների հետ համամատած՝ աչքի է ընկնում հայերի  նկատմամբ հադուրժողականությամբ: Դուք հաճախ եք լինում այնտեղ: Դա իսկապե՞ս այդպես է:

-Հանդուրժողականությունը հայերի նկատմամբ այստեղ  նոր երևույթ չէ: Ի վերջո,  այդ ամբողջ տարածքը հիմնականում բնակեցված է քրդերով, ովքեր, գիտակցելով իրենց պապերի  մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, մեղքի մեծ  բաժին են շալակել իրենց ուսերին: Հիմա կարծես թե ամեն հարմար առիթով փորձում են դա թոթափել: Առաջին անգամ երեք տարի առաջ Դիարբեքիրում  բացվեց Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մեր ընկերությունը  վերաբացման արարողություններին և պատարագներին պարտադիր մասնակցում է: Չնայած արդեն 18-20 տարի Արևմտյան Հայաստանում շրջագայություններ և ուխտագնացություններ եմ կազմակերպում, ինքս էլ անակնկալի եկա: Հայտնի է, որ Թուրքիայում բոլոր քաղաքների մուտքերի մոտ ցուցանակներ կան, որոնք ծանուցում են, թե որքան բնակչություն է ապրում այդտեղ,  քանի մետր է ծովի մակերևույթից բարձրությունը և այլն: Դիարբեքիրի մուտքի մոտ եռալեզու ցուցանակ էր՝  «Բարով եկած եք» հայերեն գրությամբ:  Իսկ շենքերի կտուրներին հայերեն գրված էր՝ «Բարով եք եկել ձեր տուն»: Ես զբաղվում եմ նաև հայ-թուրքական հարաբերություններով, և անակնկալի եկա, թե ինչպես կարող էր Թուրքիայում նման պաստառ լինել:

Անձամբ ծանոթ եմ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի և Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ, վերջինիս հետ անգամ մտերիմ եմ:

Չգիտեմ հայկական ծագում ունեն թե ոչ,  երբեք չեն խոսել այդ մասին, սակայն երկուսն էլ հայերի նկատմամբ բնդգծված ջերմ վերաբերմունք ունեն:

Անցյալ տարի Աբուլլահ Դեմիրբաշը կնոջ հետ Երևանում էր, ես իրենց տարա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն: Այնտեղ ելույթ ունեցան: Անակնկալի եկա, երբ ներողություն խնդրեցին  հայերից ՝ քուրդ ժողովրդի անունից:

Դիարբեքիրում կա հայկական դպրոց, որն արդեն ունի առաջին շրջանավարտները: Դա քիչ բան չէ: Դիրաբեքիրում հայկական շունչ կա՝ մանավանդ Սբ. Կիրակոս եկեղեցու բացումից հետո: Ի դեպ՝ մեկ միլիոն դոլար հատկացրել է հենց Սուրի քաղաքապետը:

 Դիարբեքիրում հայկական ոգի ու շունչ կա, չնայած հայերը շատ քիչ են՝  մի քանի ընտանիքներ:

-Միայն Դիարբեքիրու՞մ է այդպես:

-Վանն էլ չի կարելի առանձնացնել: Վանում էլ  քաղաքապետ Բեքիր Քայան նույն ջերմությամբ ընդունեց մեզ՝ նույնկերպ նշելով՝ բարով եք եկել, սա ձեր երկիրն է: Այնպես որ, չի կարելի առանձնացնել, Վանն էլ հայաշունչ է: Վանից և Դիարբեքիրից ընտրված պատգամավորների հետ հանդիումներ եմ ունեցել, բոլորն էլ դրական են արտահայտվում հայերի նկատմամբ:

- Ի՞նչ հետաքրքիր ծրագրեր ունեք առաջիկայում:

-Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝   և այս և հաջորդ տարի բավական լուրջ ծրագրեր ունենք: Հատկապես Սփյուռքից շատերն են ցանկություն հայտնել լինել պատմական հայրենիքում՝  սկսած Ավստրալիայից մինչև Կանադա, Եվրոպա, Իրան, Ռուսաստան: «Անիտուրի» մասին բոլորն էլ գիտեն. մենք այս շրջագայությունների հիմնադիրն ենք: Շուրջ 18 տարիների ընթացքում ոչ մի փոքրիկ միջադեպ չի գրանցվել: Մեզ մոտ ամեն ինչ բարձրակարգ է: Մենք գտնում ենք, որ գնում ենք մեր տուն: Եվ տանտիրոջ իրավունքով էլ պետք է այդ օրերն անցկացնենք լավագույն պայմաններում:

Մայիսից շրջագայություններն  սկսվում են և շարունկավում մինչև հոկտեմբեր: Պարտադիր կրկին մասնակցելու ենք և Դիարբեքիրի,  և Աղթամարի պատարագներին:  Մեր խորին համոզմամբ՝  պարտավոր ենք պատարագներին մասնակցել: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է գոնե մեկ անգամ կյանքում լինել այնտեղ: Թող ասածս  չկապվի ընկերության շահի հետ: Ինձ շատերն են ճանաչում: Իսկ մեր ընկերության գործունեության հիմքում ազզգային գաղափարախոսությունն է: Այսինքն՝  լինենք մեր նախնիների ծննդավայրում: Եթե մենք չգնանք, ո՞վ է գնալու:  Ունենք 4-14-օրյա շրջագայություններ՝ դեպի Կիլիկիա, Կապադովկիա, Փոքր Հայք, Մեծ Հայք, Պարսկահայք, Իրան, Թավրիզ, Սալմաստ, Թադեի վանք:

Հաջորդ  տարի հատուկ ծրագիր ունենք՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված: Առաջին անգամ կկազմակերպվի շրջագայություն դեպի Շապին-Գարահիսար՝ մեծն զորավարի ծննդավայր:  Ի դեպ՝ հաջորդ տարի Զորավար Անդրանիկի ծննդյան  150-ամյակն է:  Այդ շրջագայության մեջ ընդգրկելու ենք նաև Սեբաստիան: Սեբաստիայում է ծնվել մեկ այլ զորավար՝ Սեբաստացի Մուրադը: Այնպես որ,  մենք հարգանքի տուրք ենք մատուցելու և զորավար Անդրանիկին և Սեբաստացի Մուրադին: Դա հատուկ շրջագայություն է լինելու: Եվս մեկը պլանավորված է  դեպի Ակն:  Հավանաբար քչերը գիտեն՝ Ակնը արևմտահայ գրականության ամենահզոր դեմքերից Գրիգոր Զոհրապի, Միսաք Մեծարենցի, Սիամանթոյի, Արփիար Արփիարյանի, Մինաս  Չերասի,  Նիկոլ Գալանտերյանի ծննդավայրն է: Կարծում ենք՝ շատերի կհետաքրքրի: Վերջիվերջո ներկայիս սփյուռքահայությունը հիմնականում արտագաղթածների սերունդն է: Ես օրինակ 5 տարի Գլենդելում եմ եղել՝ տարվա կեսը: Շրջելիս  հաճախ նկատում էի կտուրներին  գրված Վասպուրական, Վան, Ադանա բառերը: Սակայն պետք է սեփական աչքով տեսնես: Մեր նպատակը դա է, որ կարողանանք կազմակերպել այցելություններ և այդ ամենը փոխանցել սերունդներին: Սակայն այսպիսի մի արատավոր երևույթ եմ նկատել. մեր արժեքները մոտ 40-50 տոկոսով ավելի ցածր են, քան թուրքական ընկերություններինը: Մեր ծառայությունները բարձր են, արժեքը՝ ցածր, մենք հաշվի ենք առնում, թե ում ենք տանում: Մեր շրջագայությունները հենց հայակական են: Սակայն լինում են հայեր, ովքեր գերադասում են թուրքական ընկերության հետ գնալ:

-Միգուցե մանրուք թվա, բայց թեկուզ այն փաստը, որ ցանկացած քաղաքի մոտենալիս, ավտոմեքենայում հնչում են հենց այդ քաղաքին նվիրված երգեր, արդեն իսկ շատ բան է ասում:  

- Այո, միայն ազգագարական երգեր են հնչում: Յուրաքանչյուր քաղաքի մոտենալիս, հենց այդ քաղաքաին նվիրված երգերի շարանն է հնչում: Ունենք ուսուցողական ֆիլմեր, որոնք մի քանի լեզուներով պատմում են այդ վայրերի մասին: Շրջագայությունների ամենակարևոր բաղկացուցիչը  հենց ճիշտ տեղեկատվությունն է:  Ես հասարակ օրինակ բերեմ: Կան վայրեր, որոնք բավական մեծ հեռվորության վրա են գտնվում և միգուցե  ուխտավորը զարմանա, թե ինչու այդքան տարածքը կտրեցինք: Այդպիսի վայր ունենք՝ Բագավանը՝ Բայազետից դեպի Էրզրում ճանապարհի 40-րդ կիլոմետրի վրա: Սա անչափ կարևոր վայր է: Երբ հասնում ենք այնտեղ՝ մի փոքրիկ գետ է, սար ու լայնարձակ դաշտ, մի քանի գերեզմանաքարեր: Եթե պատմությունը չիմանան, կմտածեն, թե ինչու ենք մարդկանց հասցրել այնտեղ: Այդտեղ հասնելու անհրաժեշտությունը հասկանում են պատմությունն իմանալուց հետո միայն: Այդտեղ Բագավանի հզոր վանական համալիրն է եղել: Գետը Արածանին է, որտեղ 301 թվականին Գրիգոր Լուսավորիչը մկրտել է Տրդատ թագավորին և ժողովրդին:  Սարը Նպատ սարն է, իսկ դաշտը՝ Ձիրավի դաշտը, որտեղ տեղի է ունեցել Ձիրավի նշանավոր ճակատամարտը: Այսինքն՝ այդ վայրը արդեն դարձավ արժեք:  Պատկերացրեք՝ թուրքերն ինչ պետք է պատմեն դրա մասին, եթե անգամ չգիտեն:

-Արևմտյան Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելացե՞լ է:

-Ինֆորմացիան  հիմա այնքան շատ է: Ֆիլմերի մասին խոսեցի արդեն: Բազմաթիվ հոդվածներ են գրվում: Մոսկվայում  40-50 հազար տպաքանակով ամսագիր է լույս տեսնում, որտեղ շարք ենք ներկայացնելու: Առաջին հոդվածը Անիի մասին է: Մարդկանց մեջ իհարկե հետաքրքրություն է առաջանում և ցանկանում են տեսնել այդ վայրերը:

-Պարոն Առուշանյան, ես ինքս ականատես եղա, որ շեղվեցիք երթուղուց ուխտավորների պապենական գյուղ հասնելու համար:  Հաճա՞խ են լինում նման դեպքեր:

-Մենք հատուկ անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուրին: Չի եղել այնպիսի դեպք, երբ որևէ մեկի չընդառաջենք: Ճանապարհից շեղվում ենք՝ առանց որևէ մեկի անհագստություն պատճառելու: Մարդը եկել է, և ենթադրենք իրենց գյուղը հիմնական երթուղուց  20 կմ հեռու է, ասենք երթուղու մեջ չկա՞: Անպայման շեղվում ենք: Մի անգամ Լաս Վեգասից  բայբուրդցի ընտանիք էր  եկել մեզ հետ շրջագայության: Մեծ մայրը հայերեն գիտեր: Խնդրել էր, որ  մահվանից առաջ իրեն Բայբուրդ տանեն:  Եվ ամբողջ ընտանիքը ՝ 12 հոգի, ասացին, որ ցանկանում են հենց իրենց գյուղը տեսնել: Իրենց շրջագայությունը չէր հետաքրքում: Իհարկե, գնացինք գտանք:  Ոչ ոք իմ չափ չի հասկանում  իրենց հոգեվիճակը: Մենք անգամ տներ ենք գտել: Այս տարիների ընթացքում ինչքան նման տեսարանների եմ ականատես եղել: Այնքան դեպքեր կան, հաճախ հարցնում են, թե ինչու՞ գրի չեմ առնում:

-Հետաքրքիր է՝ տարիքային որ խումբն է ավելի հետաքրքրված շրջագայություններով:

-Շատ մեծահասակներ են միանում մեզ՝  հիմնականում Սփյուռքից:  Իսկ այստեղ մենք կարողացել ենք այսպես ասած «երիտասարդացնել» ուխտագնացությունները: Ուսանողներ են հաճախ գնում, երիտասարդական խմբեր են եղել մեզ հետ: Ունեցել ենք նորապսակ զույգ: Պսակադրություններ  ու մկրտություններ  ենք կազմակերպել:

-Որտե՞ղ են  եղել պսակադրության ու մկրտության արարողությունները:

-Առաջին անգամ  2000 թվականին էր:  Լուսահոգի Մեսրոպ Աշճյանի ուխտագնացությունն էր դա: Մեծ խումբ էր, ճանաչված մարդիկ էին: Այդ ժամանակ Աղթամարում սրբազանը մեր առաջարկով կատարեց առաջին պսակադրությունը: Հուզվեց, արտասվեց: 90 տարի դադարից հետո Աղթամարում պսաադրություն եղավ: Ապա՝ Աղթամարում, Անիում, Վարագավանքում: Այսպես... փորձում ենք շարունակել այս ավանդույթը: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու: Եթե չգնաս, կմեռնի այս գաղափարը: Իսկ  վաղը... Աստված մեծ է. ո՞վ գիտեր, որ 2000 տարի հետո Իսրայելը պիտի ստեղծվի, ով կենթադրեր,  որ հսկայական ԽՍՀՄ-ը կփուզվի: Ոչ ոք չգիտի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գյոզալյանի

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее