Եթե վերջին, ապա տրամաբանական է, որ այն լինի ամփոփիչ:
Նախևառաջ պետք է նշել, որ քաղաքական տարին բավականին բուռն էր, որը պայմանավորված էր ԱԺ ընտրություններով և նախագահական ընտրությունների շուրջ ներքաղաքական գործընթացներով:
Տարին աննախադեպ էր եվրոպական ինտեգրացիայի գործընթացում մեր երկրի շոշափելի առաջընթացով: Այս առումով զգալի բեկում արձանագրվեց ասոցացման համաձայնագրով նախատեսված գործողություններում ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շրջանակներում: Բավականին ինտենսիվ էին տարբեր ֆորմատներով ու մակարդակներով շփումներն ու բանակցությունները հեղինակավոր և ազդեցիկ Եվրոպական կառույցների հետ: Իսկ դեկտեմբերի սկզբին Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոսոյի Երևան այցելությունը, առհասարակ պետք է դիտարկել որպես Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցության և լիակատար փոխըմբռնման առհավատչյա:
Դե իսկ ներքաղաքական գործընթացները, ըստ էության, ստեղծեցին նոր քաղաքական կոնյունկտուրա, որը կարելի է բնորոշել որպես ընդդիմության բազմատրոհում և մարգինալացում: Ցավոք, այս իրավիճակը իր ազդեցությունն ունեցավ նախագահական ընտրություններին որոշ մրցունակ թեկնածուների չառաջադրման վրա: Թեպետ, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին, ո’չ Հրանտ Բագրատյանին և ո’չ էլ Պարույր Հայրիկյանին որևէ կերպ չի կարելի դասել թույլ թեկնածուների շարքին:
Տարին նշանավորվեց մեծագույն խայտառակությամբ, որի հեղինակները դարձան առաջադեմ Եվրոպայի մաս կազմող Հունգարիան և ակնհայտ բռնատիրական հակումներ դրսևորող Ադրբեջանը: Առաջինը` աչք փակելով մարդկային, բարոյական և իրավական նորմերի վրա և տուրք տալով Ադրբեջանի մի քանի միլիարդանոց ներդրումների խոստումներին արտահանձնեց մեր սպային կացնահարած ստահակին, իսկ երկրորդի բանականության հետ տեսանելի խնդիրներ ունեցող ղեկավարը ոչ միայն ներում շնորհեց, այլ նաև հերոսացրեց նրան: Սրան հաջորդած Նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ քայլերը ոչ միայն ադեկվատ էին իրավիճակին (Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցում, Ադրբեջանի նախագահի քայլերի դատապարտում, Միջազգային հանրության ուշադրության կենտրոնացում և այլն), այլ նաև համոզիչ և միանշանակ ընդունելի առաջադեմ հասարակությունների կողմից:
Բնականաբար, տարվա ընթացքում մենք ականատես եղանք այլ իրադարձությունների նույնպես, բայց դրանց հիշատակումը մեկ այլ, գուցե ոչ այս տիրույթում ներկայացնելու խնդիր է:
Ինձ մնում է շնորհավորել բոլորին Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և ցանկանալ ամենայն բարիք, երջանկության ու դրվատանքի անսահման պահեր…
ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյան