Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանը չունի արդարադատության նախարար: Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ), ոչ մի կերպ չի կարողանում իր միջից նախարարացու գտնել:
Այն մասին, որ հաջորդ նախարարը պիտի պարտադիր ՔՊ-ից լինի, առաջին անգամ հանրայնացրեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ով Գրիգոր Մինասյանի դեմ Անդրանիկ Քոչարյանի համահեղինակությամբ կազմակերպված ստորագրահավաքի նախաձեռնողն էր:
Հիմա արդեն արդարադատության նախարարի՝ պարտադիր ՔՊ-ական լինելու պայմանը չեղարկվել է, քանի որ ՔՊ-ականների մեջ դժվար է գտնել տառաճանաչ իրավաբանի, իսկ եղածն էլ Ազգային ժողովում ավելի է անհրաժեշտ:
Այն, ինչ տեղի ունեցավ արդարադատության նախարարի ֆավորիտ թեկնածու Արփի Դավոյանի հետ, թերևս, մեծ դաս եղավ նրա ու բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կարող էին մտածել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական ուժը որևէ կարմիր գիծ ունի:
Արփի Դավոյանին նվաստացրեց ու «գցեց» սեփական կուսակցության վարչությունը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ու առնվազն նրա լուռ համաձայնությամբ: Իսկ Արփի Դավոյանն այդ կուսակցության գրեթե միակ երդվյալ նիկոլականն է:
«168»-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ խորը անձնական պատճառներ ունի:
Պարզվում է՝ Արփի Դավոյանի հետ անձնական մտերմություն ունեցող ՔՊ-ի նախկին աուդիտորներից մեկը՝ Սամվել Եղիազարյան անունով, աշխատել է Արդարադատության նախարարությունում ու զբաղեցրել ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Հենց նրան է աշխատանքից ազատել Գրիգոր Մինասյանը, ինչից հետո Գրիգոր Մինասյանին զբաղեցրած պաշտոնից ազատելն Արփի Դավոյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր:
«Ինչ վերաբերում է Գրիգոր Մինասյան-Անդրանիկ Քոչարյան հակամարտությանը, դրա տեսանելի հատվածի մասին գրել էինք դեռևս այս տարվա մարտի 26-ին, երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերածեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի անձի կամ, ավելի ճիշտ, այդ պաշտոնը ձեռք գցելու փորձի շուրջ բացահայտ առճակատման արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:
Ուշագրավ էր, որ Անդրանիկ Քոչարյանը հատկապես կենտրոնացել էր ՔԿԾ պետի նշանակման, նրա մինչհեղափոխական աշխատանքային կենսագրության ու դրա առանձին դրվագների վրա: Բանն այն է, որ ՔԿԾ պետը Մարտի 1-ի գործով քննիչներից է եղել, և Անդրանիկ Քոչարյանը փորձում էր սլաքները շեղել իրական պատճառից ու ցույց տալ, որ դա անհաղթահարելի խոչընդոտ է նրա հետագա պաշտոնավարման համար այս կամ այն պաշտոնում»,- գրում է աղբյուրը: