Միացյալ Նահանգներում մահացել է 1999-ին Հայաստանի ազգային հեռուստատեսության մեկնաբան Տիգրան Նազարյանը, ով Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից էր ու եղել է Նաիրի Հունանյանի մտերիմ ընկերը:
Տիգրան Նազարյանը ահաբեկության օրը գնացել էր Ազգային Ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաև Ռոբերտ Քոչարյան - Նաիրի Հունանյան հանդիպմանը:
2000 թվականի նոյեմբերին Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել էր ԱՄՆ ու այլեւս չի վերադարձել: Ըստ նրա, ինքը սկզբում «վիզան երկարացրել է կնոջ հղիության պատճառով», ապա որոշել է ընդհանրապես չվերադառնալ Հայաստան: Դրանից հետո Ազգային հեռուստաընկերությունը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից:
Լոս Անջելեսի հեռուստաընկերությանը 2002-ին տված հարցազրույցում Տիգրան Նազարյանը, չնայախ ասել է, որ Հայաստանում իր նկատմամբ ճնշում չի եղել, բայց նշել է, որ իրեն ակնարկել են. «ինչ գործ ունի գա, գնացել է, թող մնա…»:
Տիգրան Նազարյանը բազմիցս էր հայտարարել, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ` նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչվելու դեպքում. «Այնտեղ չեմ գնա, թող գան այստեղ, ինձ հետ զրուցեն»,-նշել էր նա:
Ավելի ուշ, մամուլում տարբեր հրապարակումներ եղան, թե Տիգրան Նազարյանն ԱԱԾ-ի աշխատակիցներից սպառնալից հեռախոսազանգեր էր ստացել ու հենց այդ պատճառով էլ հայտարարում էր, թե ինքը Հայաստան չի վերադառնալու, քանի որ գոյություն ունի իր անվտանգության խնդիրը:
Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից: