Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, նախնական տվյալներով, պետք է այժմ գտնվեր օրենքով նախատեսված տարանցիկ գոտու հատուկ կացարանում, սակայն պրն Վարպետյանն այսօր հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հատուկ կացարան, չկան կենցաղային պայմաններ:
«Ոչ ոք չի բացատրում այս խայտառակության պատճառը»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Վարպետյանը: Ըստ նրա` իրեն անգամ քնելու տեղ չեն հատկացրել:
«Մնացել եմ տրանզիտային ընդհանուր սպասասրահում և ստիպված եմ գիշերել երկաթյա աթողների վրա: «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտում դեռ պետք է մնա մինչև այս կիրակի»,- նշեց Վարպետյանը:
Վարպետյանը լուրջ անհանգստություններ ունի, որ կարող են անգամ իր կյանքն ու առողջությունը վտանգված լինել: Նրա հարազատներն ու բարեկամները պահանջում են Վարպետյանին տրամադրել օրենքով և ՀՀ կառավարության 07.02.2008թ. N 127-Ն որոշմամբ սահմանված պայմաններ ու իրավունքներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի գիշերը Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:
«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:
Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները եւ ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղվել է Սերժ Սարգսյանին: