▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ կառավարությանը` Վայքում տիրող «հին և բարի» ավանդույթի մասին

Վայքի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում տխուր վիճակի մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: Ժամանակին, երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրեց այն դաժան իրավիճակը, որ տիրում է մարդկանց հաշմանդամության կարգ տալու ոլորտում և հայտնաբերեց խոշոր կոռուպցիոն ռիսկեր, անգամ հանրապետական գործակալության պետը ազատվեց աշխատանքից, թվում էր, թե իրավիճակը կշտկվի, և մարդիկ վերջապես առանց քաշքշուկների կստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է հաշմանդամ մարդկանց նկատմամբ:

Վերջերս վայքեցի հայրենակիցներիցս մեկի հետ խոսակցությունից պարզ դարձավ, որ նախագահի և վարչապետի հանձնարարությունը` բարեփոխել համակարգը, անցել է Վայքի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ֆիալկա Խուդինյանի կողքով և ասես հատուկ հրահանգով նրան չի վերաբերվում: Նրա ղեկավարած հանձնաժողովում որևէ կերպ չեն վերացել այն երևույթները, որոնք մատնանշված են վարչապետի վերահսկողական ծառայության ներկայացրած զեկույցում:

Բավականին տխուր վիճակ է տիրում, որի վերացման համար հարկավոր է կառավարության և նախագահի աշխատակազմի գործուն ջանքերը: Գործում են հստակ սակագներ, օրինակ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ:

Ըստ համապատասխանյ ուսումնասիրության` հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել 1 ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն» իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: Ըստ կատարված հարցումների՝ դիմումատու-թոշակառու մի շարք քաղաքացիներ տարիներ շարունակ հերթական փորձաքննության ժամանակ վերը նշված ձևով հանձնաժողովին են փոխանցել իրենց ամսական թոշակի չափին համապատասխանող գումար և ստացել հաշմանդամության խումբ, իսկ որոշ դեպքերում էլ՝ թոշակից պակաս գումար փոխանցելու պատճառով, հաշմանդամ լինելով հանդերձ, զրկվել են հաշմանդամության խմբից: Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է«ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին:

Միգուցե վարչապետի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգումների և նախարար Արտեմ Ասատրյանի կողմից հանձնարարականի կատարման արդյունքում որոշ տարածաշրջաններում իրավիճակը շտկվել է, սակայն Վայքի հանձնաժողովը, իր ղեկավար Խուդինյանի գլխավորությամբ, շարունակում է "հին և բարի" ավանդույթը` իր գործառույթները իրականացնել բվացառապես սեփական ախորժակի շրջանակներում: Վայքեցիները պարզապես շոկի մեջ են ընկնում, երբ տեղեկանում են, որ գործ են ունենալու այս մարդու հետ: Նախագահական նստավայրն ու ՀՀ կառավարությունը մեծ լավություն կանեն Վայքի տարածաշրջանի բնակիչներին, եթե իրենց հսկողության տակ առնեն Վայքի ԲՍՓՀ-ն և ազատեն առանց այն էլ հաշմանդամ և ծանր պայմաններում ապրող մարդկանց հրեշային տանջանքներից և վերջին կոպեկը "մուծվելու" պարտավորությունից:

 

Արմինե Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее