76 տարեկան Էմմա Բայբուրդյանը բերման է ենթարկվել Երևանի կենտրոնի ոստիկանություն, որտեղ մոտ 6 ժամ պահվել և հարցաքննության է ենթարկվել: Այդ «փայլուն» օպերացիայի համար, ըստ տիկին Էմմայի՝ «հիմք» է ծառայել ԼԱՐԿՈ ՍՊԸ տնօրեն Գագիկ Հախվերդյանի տեղեկությունն ու բողոքն այն մասին, թե, իբր, ինքը՝ Երևանի կենտրոնի բնակչուհի տիկին Էմման ժողովրդի բողոքի ակցիայի ժամանակ ԼԱՐԿՈ ՍՊԸ տնօրեն, հրազդանցի Գագիկից գողացել է Երևանի կենտրոնի բակում քաղաքապետի հաստատած հերթական շինարարության թույլտվությունն ու նախագծային փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սայաթ-Նովա 10, 12, Նալբանդյան 25ա շենքերի բակի փոքրիկ կաթսայատան վրա հսկա հյուրանոց կառուցելու և Երևանի կենտրոնի այդ բակը ավերելու նախագծին, որի դեմ հերոսաբար պայքարում են այդ բակի բնակիչներն ու հարյուրավոր երևանցիներ: Այդ նախագիծը և խիստ կասկածելի այդ գործարքը հաստատվել է Տարոն Մարգարյանի կողմից: Բողոքի ալիքի արդյունքում հնարավոր եղավ կասեցնել շինարարության սկիզբը, սակայն կառուցապատողը չի հանգստանում և շարունակում է օգտագործել իշխանական իր լծակները, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ «մի փեշ» փող է տվել…
Դե ինչ, իսկապես փայլուն է. ոստիկանները, փոխանակ օր առաջ կալանավորեն ակնհայտ հանցագործներին, ովքեր թալանում ու պղծում են Երևանը, ձերբակալում են ազնիվ մարդկանց, այն էլ ում՝ մեր ծերունազարդ ծնողներին: Եթե անգամ մի պահ ենթադրենք, որ 76 տարեկան այդ կինը կարողացել է երիտասարդ և հաղթանդամ տղամարդու ձեռքից խլել այդ «փաստաթղթերը», ապա նա արժանի է հերոսի կոչման, քանի որ կարողացել է կանխել ապօրինությունը և փրկել Երևանը հերթական պղծությունից: Իրականում՝ դրանք փաստաթղթեր չեն, այլ հանցագործության մասին ապացույցներ: Դրանք կեղծիքների և պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով պատրաստված կեղծ թույլտվություններ ու հաստատումներ են, որոնց վրա, ի վերջո, դրվել է Տարոն Մարգարյանի ստորագրությունը:
Ի դեպ, 76-ամյա տիկին Էմմայի առողջական վիճակը երեկվա այդ զազրելի միջադեպից հետո կտրուկ վատացել է: Ամենացավալին այն է, որ նրա հարազատներից ոչ մեկը Երևանում չի եղել, և հարևաններն են ցույց տվել առաջին օգնությունը՝ մինչ շտապ օգնության մեքենայի ժամանումը: Տիկին Էմման ոչ միայն ամբողջությամբ հերքել է իրեն ներկայացված կեղծ մեղադրանքը, այլև պատիվ է պահանջել զրպարտության համար, ինչպես նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարը իր իրավունքների համար և պաշտպանելու է իր բակն ու Երևանը հանցագործներից:
Աղբյուրը` lragir.am: