«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը ձգում է Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնը համալրելու գործընթացը, ինքնառաջադրվողների միջեւ թեժ պայքար է ընթանում։ Երեկ տեղեկացանք, որ այդ պաշտոնի վրա աչք ունի նաեւ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը: Ավելի ճիշտ՝ ՔՊ-ական նախկին պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Վաղարշակ Հակոբյանն են փորձում առաջ տանել նրա թեկնածությունը, քանի որ Ծաղկաձորում էլիտար շենքեր կառուցելու համատեղ բիզնես ունեն եւ կարծում են, որ եթե քաղաքապետը մարզպետ դառնա, իրենց բիզնես գործունեությունն անխափան կծավալեն մարզում։
Ավելի վաղ գրել էինք, որ մարզպետական հավակնություններ ունի նաեւ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան` Վասակ Վարդանյանը, խոսվում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածության մասին, որը Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է: Թե ում վրա կկանգնի Փաշինյանի ընտրությունը, դժվար է ասել։
***
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Կոտայքի մարզպետի հարցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ»-ը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել և տեղափոխվել խորհրդարանական աշխատանքի, իսկ Կոտայքի մարզպետի պաշտոնի հիմնական թեկնածուն ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։
Ստեփանյանը նախկինում զբաղեցրել է նաև Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց նրա թեկնածությունն է քննարկվելու ՔՊ վարչության այսօրվա նիստում»։


