ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ուղեղ լվանալ, թե՞ օղի թորել
Մի փոքր ինֆոգրաֆիկա, դոկումենտալ կադրեր, լուսանկարների շարք ու ընդամենը 5-6 հանրահայտ աղբյուրների օգտագործում և մի կլորիկ գումարով հնարավոր է մտնել վավերագրական ֆիլմերի փրադաքշնի ոլորտ: Հենց այդպես Թաթուլ Հակոբյանը համառորեն փորձում է իրացնել իր կարողությունները օղի թորելու, ֆուտբոլի ակումբ ու լեգեոներներ պատրաստելու, ինչպես նաև «ցնցիչ» պատմագիտական հայտնագործություններ անելու ոլորտներում:
Թաթուլ Հակոբյանին հանգիստ չեն տալիս Թոմաս դե Վաալի ու Լեոնիդ Պարֆյոնովի դափնիները: Նույն պատճենաորված ոճն է, ուղղակի Թաթուլն իր «փառքի ճեմուղին» հարթում է շատ կարճ ու հեշտ ճանապարհներով` դասագրքային ու հանրահայտ փաստերն ու իրադարձությունները ներկայացնելով որպես իր դարակազմիկ մտքեր ու գիտական պրպտումների արդյունքում արված հայտնագործություն:
Ես «Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը» վավերագրական ֆիլմի վերաբերյալ կարծիք ու գրախոսություն չեմ պատրաստի, երկու պատճառով.
ա. Հայ-թուրքական հաշտեցման համար նախատեսված դրամաշնորհով պատրաստված պատմավավերագրական ֆիլմում հայ հեղինակը խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:
բ. Մտքի այս «գոհարը» Թաթուլ Հակոբյանի հեղինակային տեքստից է. «Հայ և թուրք պատմագրությունը չի կենտրոնացել այն հարցի վրա, թե ո՞րն էր դեպի Արարատյան դաշտ թուրքական զորքի արշավանքի նպատակը, գրավե՞լ Երևանը…» (27-րդ րոպե): Ողբերգությունն այն է, որ ֆիլմի հեղինակը ինքն էլ չի նկատել, որ հենց նույն ֆիլմում, մի քանի րոպե անց, պատասխանել է իր իսկ հարցադրմանը. թուրքերի համար այդ օրերին No. 1 խնդիրը երկաթուղուն և դրա միջոցով Բաքվի նավթահանքերին տիրանալն էր:
Թաթուլ Հակոբյանն առանձնակի հրճվանքով է խոսում թուրքերից պետականություն ստանալու մասին և այս թեզը նա հետևողականորեն առաջ է տանում բոլոր հարթակներով` դրա դիմաց ստանալով ցանկալի կլորիկ գումարները:
Ի՞նչ չի ցանկանում խոստովանել Թաթուլ Հակոբյանը:
Ահավասիկ:
1918 թ. հուլիսի 4-ին Օսմանյան կայսրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչումն ընդամենը ժամանակավոր հանգրվան էր երիտթուրքերի համար, ովքեր Բաքուն գրավելուց և Առաջին աշխարհամարտում Գերմանիայի հետ միասին հաղթանակ տանելու դեպքում, ժամերի ընթացքում կվերացնեին իրենց իսկ կողմից ճանաչված հայկական կղզյակը` ավարտին հասցնելով հայերին իրենց հայրենիքում բնաջնջելու գլխավոր ծրագիրը:
Հայաստանի Հանրապետություն անունով պետություն ճանաչելն ընդամենը հիմնական նպատակին հասնելու ճանապարհին ավելորդ զոհեր չտալու ու ռեսուրսներ չվատնելու նպատակ էր հետապնդում, ԸՆԴԱՄԵՆԸ:
Լուսանկարը մի կադր է ֆիլմից, որտեղ Թաթուլ Հակոբյանը Սարդարապատի հուշահամալիրում կարդում է 1918 թ. մայիսի 24-ին հրապարակված զորավար Սիլիկյանի մարտակոչը` ձեռքին 1960-ականներին ռամկավարների տպագրած թերթը, որի հակառակ երեսին հնչակյան գործիչ Սարգիս Տխրունու անունն է:
Ճիշտը` օղի թորելն է…»։