▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է մշակույթի նախարարությունն ընտրել «Սլավյանսկի բազար»-ի անհայտ մասնակցին

 

Օրեր առաջ Վիտեբսկում մեկնարկեց «Սլավյանսկի բազար» էստրադային կատարողների միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնը: Փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից:

Տարբեր տարիներ մեր երկիրն այդ մրցույթում ներկայացրել են Միստր Իքսը, Անի Քրիստին, Կարինե Ասիրյան, Անդրեն, Սերգեյ Խաչատրյանը, Սոնա Գյուլխանյանը, Լիլուն, Անահիտ Շահբազյանը, Նարեկ Մակարյանը, Ռուսլան Էլյազյանը և Վրեժ Կիրակոսյանը: Նայելով այս ցանակին` մի շարք անծանոթ ու նորահայտ կատարողների անուններ ենք տեսնում, ում մասին լսել ենք միայն այդ տարվա «Սլավյանսկի բազար» մրցույթի օրերին և վերջ... Եվ չնայած մեր երկրից մասնակիցները ստիպել են ինձ ամեն տարի անտարբեր գտնվել այս մրցույթի հանդեպ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքով է մշակույթի նախարարությունը ընտրում մեր մասնակիցներին, ովքե՞ր են նրանց ընտրում ու ներկայացնում որպես ամենաարժանիներ:

Օրինակ՝ այս տարվա մասնակիցը` Տիգրանուհի Շահինյան, որևէ մեկը լսե՞լ է նրա մասին, ո՞վ է 28-ամյա այս աղջիկը: Փորձում եմ համացանցում գտնել ինձ հետաքրքրող հարցի պատասխանը. խեղճ գուգլ, դե արի ու ինֆորմացիա տուր մշակույթի նախարարությունում ինչ-որ մեկի բարեկամ այս նորելուկ երգչուհու մասին. միակ ինֆորմացիան, որ կա նրա մասին, վերջին ամիսներին հրապարակված հոդվածներն են, որ Հայաստանը «Սլավյանսկի բազար» 2014-ին ներկայացնելու է Տիգրանուհի Շահինյանը, «Ընծա» ծանոթ-բարեկամների երգի մրցույթից մի ջարդված ֆրանսերենով երգ է կատարում, որի համար արժանացել է «Վարդուհի Վարդանյանի» անվան մրցանակի, ու մի տեսահոլովակ, որտեղ տարօրինակ զուգադիպությամբ Տիգրանուհին դուետ է կատարում 2012 թվականին նույն մրցույթում Հայաստանը ներկայացրած ոչ պակաս անհայտ Ռուսլան Էլյազյանի հետ:

ՎԵՐՋ, ահա այն ամենը, ինչ կա այս աղջկա մասին: «Սլավյանսկի բազար» մրցույթի պաշտոնական կայքում կարդում եմ նրա միքանիտողանոց կենսագրությունը, և ով զարմանք, պարզվում է՝ Տիգրանուհին երգեր և երաժշտություն է գրում, և ոչ միայն իր համար, այլև մեր էստրադայի շատ ներկայացուցիչների համար: Ու՞ր են այդ երգերը, Տիգրանուհի ջան: Լավ, ենթադրենք ուրիշներին նվիրած երգերդ դժվար գտնենք, բայց քո երգածներն ո՞ւր են: Ցավոք, անպատասխան հարցերի շարան... Զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ:

Սա Հայաստանն է, երկիր, որը միջազգային մրցույթում ներկայացնում է մեկը, ում Հայաստանում ճանաչում են միայն իր ընտանիքի անդամներն ու ընկերները, կամ էլ ինչն ավելի վատ է ինչ-որ մեկի անտաղանդ երեխան, ով դեռ 4 տարեկանից է մեր լսողությունը բռնաբարում: Այնպես որ, երևի ընտրենք չարյաց փոքրագույնը, երբ ինչ-որ մեկի անտաղանդ երեխան ուշ է ի հայտ գալիս ու միանգամից Հայաստանը ներկայացնում որևէ մրցույթում, քան թե այդ «չափից դուրս տաղանդավորին» տեսնենք երկար տարիներ...

Լուսինե Ավագյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more