▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ասել Բագրատ Սրբազանը՝ միջազգային լրատվականներին

Հատվածներ Բագրատ Սրբազանի հարցազրույցից միջազգային լրատվականներին

Ինչպես հայտնել էինք, նախօրեին Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տվել միջազգային մոտ 50 լրատվամիջոցի։ Համացանցում տարածվել է ասուլիսի տեսանյութը։

«Բավականին լայն աջակցություն ունի այս շարժումը, մեր գործողությունները միտված են նրան, որ լայն զանգվածների ներկայությունն, ի վերջո, ավելի զգալի դառնա»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։ Հարցին՝ երբ ստանձնեք ՀՀ ղեկը, ի՞նչ փոփոխություններ կարվեն սահմանագծման գործընթացում, ասել է․ «Իրական սահմանազատման ու սահմանագծման գործընթաց գոյություն չունի, տեղի է ունենում միակողմանի պարտադրանքներով զիջման քաղաքականություն՝ ուժի սպառնալիքի ներքո։ Մեր խնդիրն է փոխել ամբողջ տրամաբանությունն ու իրական բանակցությունների հասնել։ Միակողմանի զիջման, պարտադրանքի, սպառնալիքի ներքո խաղաղություն չի կարող լինել»։

***

«Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը, սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է ու մեզ համար իշխանության հասնելու ձգտումը չէ, այլ ավելին՝ ընդհանուր կյանքի փոփոխությունը»,- առցանց ասուլիսի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի գործընթացներն ընթանան իրավական ճանապարհով․ «Հարգելով օրենքի ուժը՝ հաճախ իրավունքի ուժն ավելին է, քան օրենքի ուժը․ սա ժողովրդի շարժում է ու շարժումն ինքն էլ ամբողջ չափանիշներով կհասցնի տրամաբանական ավարտին»։

***

«Մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին, միանշանակ այդպես է, բայց այսօր գոյություն ունեն իրավապայմանագրային երկուստեք հարաբերություններ ու դրանք պետք է կարգավորվեն։ Այսինքն՝ հարցերը պետք է լուծվեն փոխադարձ հասկացվածության ու երկխոսության մակարդակում»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Առհասարակ, բոլոր հարաբերությունների առանցքը պետք է լինի հայկական օրակարգը, ՀՀ շահը»։

***

Լրագրողի՝ առանց արտաքին քաղաքական աջակցության, հնարավո՞ր է հասնել իշխանափոխության հարցին, Բագրատ Սրբազանն այսպես պատասխանեց․ «Եթե հնարավոր չլիներ, հրապարակում չէինք գտնվի։ Մենք չպիտի քննարկենք հնարավոր լինել-չլինելը, այլ՝ անհրաժեշտ լինել-չլինելը, և այդ անհրաժեշտությունն է, որ թելադրում է, որպեսզի օր առաջ այս իշխանությունները հեռանան։ Ցանկալի կլիներ, որ այսքանից հետո իրենք հեռանային ու խնդիրը չհասներ այս օրին, բայց մեր գոյության իրավունք է սեղանի վրա դրված։ Մենք ընթանում ենք մեր ներքին ուժերին ապավինած, մաքուր հայկական օրակարգով, ներսի խնդիրները լուծելով․ սա իշխանափոխությունից ավելին է»։

***

Առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, Բագրատ Սրբազանն ասել է․ «Այսօր այդ երկրի հետ հարաբերություններ գոյություն չունեն, ոչ էլ բանակցություններ։ Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք ու դրանք պետք է տեղի ունենան իրական մարդկանց ու իրական հարաբերությունների մեջ, ոչ թե իմիտացիոն սկզբունքով։ Բանակցությունները պետք է տեղի ունենան նաև երաշխավորների առկայությամբ, որի լավագույն հարթակն աշխարհն արդեն իսկ ստեղծել է, դա ԵԱՀԿ խումբն է»։

***

Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ առցանց ասուլիսի ժամանակ կրկին անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում, եթե չասեմ՝ վատագույն օրերն են ապրում։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց նաև ունենք իրավապայմանագրային կարգավորումներ, հարաբերություններ, մակարդակ ու բոլոր հարցադրումները պետք է տեղի ունեն փոխադարձ հասկացողության, փոխվստահության, կառուցողական, դրական մակարդակի վրա։ Հարաբերությունները բոլորի հետ պետք է լինեն կայուն, երկարաժամկետ»։

***

«Արդեն 4 տարի է՝ մենք գերիներ ունենք, մինչդեռ այս կառավարությունը խոստացել էր ամիսների ընթացքում բոլորին վերադարձնել»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Հայաստանում գերի գոյություն չունի, մինչդեռ մյուս կողմում մեր տղաներն են։ Եթե բարեմտություն գոյություն ունի, առանցքային կետերից մեկը գերիների վերադարձն է՝ առանց նախապայմանների։ Ամեն ինչ պայմանավորված է, թե իրական բանակցությունների սեղանին ինչ հարցեր պետք է դնել։ Գերիների վերադարձը, այլ հարցերի լուծումը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ։ Ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձը, երբ, օրինակ, սահմանազատումը տեղի է ունենում թելադրանքով, երբ ամեն ինչ կախված է Ադրբեջանի քմահաճույքից»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more