▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կուսակցությունները «ընդդեմ մնացածների» սկզբունքով հավաքագրված խմբավորումներ են դարձել

Պետության ներքաղաքական կյանքի ազատականության աստիճանը բնութագրելու համար կարևոր չէ, թե երկրում քանի կուսակցություն կա՝ այս առումով շատ ավելի կարևոր ու խոսուն ցուցիչ է կուսակցությունների ներսում դրանց անդամների ներկուսակցական բանավեճին և որոշումների կայացմանը մասնակցելու իրական հնարավորությունն ու այդ հնարավորությունից իսկապես օգտվելու ցանկության առկայությունը: Հայաստանը առաջնորդական երկիր է այսօր և այստեղ առաջնորդի առկայությունն անհատ քաղաքացու իրական անազատության վառ արտահայտված հավաստումն է: Մարդիկ դառնում են կուռքի, դրամի կամ իշխանական լծակի կուսակիցը, իսկ կուսակցություններն առայժմ ոչ թե համախոհ անհատների միավորումներ են, այլ «ընդդեմ մնացածների» սկզբունքով հավաքագրված խմբավորումներ: Մեր աչքի առաջ կան բազմաթիվ օրինակներն այն երևույթի, երբ կուսակցական առաջնորդը պարզապես տեղյակ է պահում իր կողմից կայացված որոշման մասին ու կուսակցական վերնախավ կոչվածը վատագույն դեպքում լռելյայն հնազանդվում է, բայց սովորաբար բուռն ծափահարություններով ողջունում է իր կամքից անկախ ընդունված այդ որոշումը: Սրանք են մեր կուսակցությունները: Հիմա էլ դրանց կարկառունները պահանջ են ներկայացնում ամբողջությամբ կուսակցականացնել մեր հանրային ու քաղաքական կյանքը՝ այսինքն ամբողջովին դիմազրկել, կամազրկել ու ստրկացնել, թայֆայի, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցական կուռքերի ստրուկը դարձնել անհատին, քաղաքացուն: Ռուսաստանում արեցին դա ու հիմա հետողորմյա են անում՝ երևի հասկացել են, որ Խորհրդային Միությունից ելած քաղաքացին նախ պետք է ներքուստ իր անհատական ազատության իրավունքը նվաճի, պաշտպանի ու գնահատի, ապա հետո նոր կկարողանա կազմել ոչ թե թայֆա-խմբավորումներ, այլ հավասարապես հարգված ձայնի իրավունք ունեցող համախոհների միավորումներ՝ կուսակցություններ բուն իմաստով:

 

Արման Մելիքյանի գրառումը  

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more