▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանցի ատամնաբույժները հնարավոր է գործադուլ հայտարարեն

Այսօր Ամերիկյան համալսարանի շենքը լի էր ատամնաբույժներով. այստեղ հավաքվել էր  շուրջ 1500 մասնագետ: Պատճառը` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն են, որոնք չեն գոհացրել ոլորտի աշխատողներին: Ըստ  հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի` ատամնաբույժները պարտավոր են վճարել աթոռահարկ՝ 60-80  հազար դրամ` կախված այն հանգամանքից, թե ատամնաբուժարանը քաղաքի որ հատվածում է գտնվում:

Սակայն, ատամնաբույժները հավաստիացնում են, որ այդ օրենքն ընդունելիս ոչ-ոք հաշվի չի առել իրենց կարծիքը, և վերջիններս պահանջում են վերանայել օրենքը, քանզի նման օրենքի ընդունումն իրենք անօրինական են համարում: Արդեն իսկ տասնյակ անհատ ստոմատոլոգներ դադարեցրել են իրենց գործունեությունը:

Այս հարցի առնչությամբ`  հունվարի 8-ին ձևավորվել է 10 անդամներից բաղկացած ատամնաբույժների խումբ, որոնք մշակել են համապարփակ վերլուծական փաստաթուղթ, որում ներառված են օրենքը մեղմացնող կետեր: Փատաթղթում մասնավորապես նշվում է.  վերանայել արտոնագրային վճարի դրույքաչափերը և սահմանել 30000 ՀՀ դրամ դրույքաչափ 1-ին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար:  Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիսանում հիմնավորված առանձին ծառայություն՝ դրամական անկախ հոսքերով: Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա՝ համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել աթոռ, որը ենթակա չէ հարկման: Փաթեթում առկա են նաև և այլ կետեր: Փաստաթուղթը վերանայելուց հետո կներկայացվի ԱԺ:

Համաժողովին ներկա ատամնաբույժները հանդես եկան զեկույցներով` մեկ անգամ ևս փաստելով, որ օրենքի ընդունումը անտեղի է: Առաջինը ելույթ է ունեցել  ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանը, ով իր մասնավորապես նշել է. «Օրենքն ընդունելիս մեզ հետ չեն խորհրդակցել և Առողջապահության նախարարությունը հետևողական է այս հարցում` հանձին առողջապահության նախարարի»: Սակայն, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով ևս հրավիրված էր հավաքին, ներկա չէր: Ներկա չէին նաև պետական այլ մարմիններ, որոնց ատամնաբույժները պետք է հղեին իրենց հարցերը:

Իսկ Ստոմատոլոգների ասոցացիայի նախագահ Աշոտ Գևորգյանն իր ելույթում նշել է. «Մենք գտնում ենք, որ նման օրենք ընդունելով` նպատակ են հետապնդում, որպեսզի փոքր ու միջին ատամնաբուժարանները դադարեցնեն իրենց գործունեությունը»:

Նա նաև հավելել է, որ ԱԺ-ն  միայն մարտի սկզբին կսկսի աշխատել օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, այդ պատճառով էլ ենթադրվում է, որ առաջիկա 3 ամիսների համար Կառավարությունը կընդունի համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, որոնք կթեթևացնեն այդ 3 ամսվա հարկային բեռը: «Սակայն ոչ մի պատասխան դեռ չենք ստացել»,- ասել է  Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը:

Թե ինչ կանեն մինչ այդ ստոմատոլոգները, դեռևս հստակ հայտնի չէ. միգուցե հարկային փոփոխությունների առկախման համար անգամ ստիպված լինեն դիմել գործադուլի, թեպետ նախաձեռնող խմբի անդամները հակված են հարցը կարգավորել իրավական ճանապարհով:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more