▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատ–հատ կանչում են ու հարցեր տալիս. «Փաշինյանի պատարագներին մասնակցո՞ւմ եք»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների «քննության» փուլը։ 380 թեկնածուին մինչեւ ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա` ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ` դո՞ւրս թողնել մրցակցությունից, թե՞ գրանցել՝ հնարավորություն տալով ընտրություններին մասնակցելու: Կամ՝ քասթինգում լավ հանդես եկածներին ինչպես բարձր հորիզոնականներում տեղավորել, որ հին թիմը չնեղանա, եւ այլն։

Նախօրեին ՔՊ վարչությունը` քննական հանձնաժողովը, առաջին խմբին է ընդունել, հատ-հատ կանչել են ամբիոնի մոտ, հարցեր տվել: Շարքային կուսակցականներին, պասիվ պատգամավորներին հարցրել են՝ ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ, ի՞նչն եք փոխելու, ի՞նչն այնպես կանեք կամ չեք անի, եթե դառնաք պատգամավոր, եւ նման այլ պարզ հարցեր:

Հետաքրքրվում են նաեւ՝ ով որտեղ է աշխատում կամ աշխատել: Սակայն առավել ուշագրավ է եղել ՔՊ խմբակցության երեկվա պատգամավորների «քննությունը»: Մեզ պատմեցին, որ երկրորդ «սռոկից» առաջ նրանցից հավելյալ հավատարմության երդումներ են փորձում ստանալ, օրինակ, հարցնում են՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եկեղեցու նկատմամբ գործընթացներին, Փաշինյանի պատարագներին մասնակցո՞ւմ եք:

Մի խոսքով՝ իսկական հավատաքննիչներ, որոնք չնայած 5 տարի այդ պատգամավորների հետ ճանապարհ են անցել, սակայն հիմա իբրեւ թե նոր են ծանոթանում այս մարդկանց` որոշ հարցերում հավատարմության երդումներ են կորզում, որ հետո ոչ մեկը չարդարանա, թե համաձայն չէր ՔՊ-ի վարվող կուրսին։

Փորձեցինք նախօրեի քասթինգին մասնակցած մի քանի պատգամավորի հետ զրուցել, սակայն նրանք վախվորած հրաժարվեցին մեկնաբանություն տալ։

***

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակից դուրս են թռնելու այնպիսի ՔՊ-ականներ, որոնք փորձել են շեֆից ավելի խելացի երեւալու, ինչպես ասում են, շառից-փորձանքից հեռու խաղալ:

«Ձեր աստղայինին հաջող ասեք, հերիք ա՝ ձրիակերի նման վայելեք 400 հազարանոց մանդատը»,- ըստ ՔՊ-ականների, օրերս կուսակցական ժողովի ժամանակ վրդովված հայտարարել է Նիկոլ Փաշինյանը»։

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ «հարցաքննել»:

Նախօրեին կայացած ՔՊ վարչության նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներին: ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ վարչության 20 անձից բաղկացած ցուցակի հավակնորդներին «հարցաքննել» են. «Կապ չունի՝ դու այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ես, թե ոչ: Պետք է պատասխանես Նիկոլ Փաշինյանի ու վարչության անդամների հարցերին, ներկայացնես ինքնակենսագրական ու բացատրես, թե ինչու ես առաջադրվել, ինչ նպատակով ու ամենակարեւորը՝ ինչ վարկանիշ ունես», – հայտնեց մեր աղբյուրը:

Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի կին պատգամավոր եւս ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել՝ իրենց ընտրվելու դեպքում անելիքների մասին: Նրանց թվում են եղել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանն ու Լիլիթ Ստեփանյանը:

Այժմյան 383 հոգանոց ՔՊ ցուցակը պետք է մոտ 200 դառնա՝ ԿԸՀ ներկայացվելու համար: Իսկ թե ովքեր պետք է առաջնորդեն եւ լինեն առաջին տասնյակում կամ քսանյակում, կպարզվի մարտին կայանալիք փրայմերիզի ժամանակ: ՔՊ պատգամավորները պետք է ձայներ հավաքեն քաղաքացիներից՝ տուն-տուն մտնելով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more