▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցավորությունն աճում է, ՆԳՆ-ն «գլուխ է գովում»

«Իշխանություն» լրատվականը գրում է․ 2026 թվականի փետրվարի 18-ին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հնչեցին կրակոցներ։ Օրը ցերեկով տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվեց, վեցը՝ ծանր վիրավորվեցին։ Սա առանձին դեպք չէ, այլ վերջին ամիսներին տեղի ունեցած հանցագործությունների շղթայի մի մաս է։ Փետրվարի 16-ին կրկին սպանություն տեղօ ունեցավ Երեւանի մերձակայքում։ Փետրվարի 21-ին Սեւանում դանակահարությամբ սպանված 19-ամյա զինծառայող։ Մի քանի օրում՝ երեք ծանր հանցագործություն։

ՆԳՆ-ում այս դեպքերից հետո պաշտոնանկություններ տեղի ունեցան, աշխատանքից ազատվեցին ոստիկանության երեք տեղակալները։ Իշխանությունն այս քայլով ընդունեց մեղքը՝ համակարգը «պարտվել» է հանցավորության դեմ պայքարում։ Սակայն մի կարեւոր հանգամանք կա՝ խնդիրը ոչ թե անձանց մեջ է, այլ հանցավորության դեմ պայքարի մեթոդաբանության։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին սպանությունները աճել են 11 տոկոսով։ Հասարակական անվտանգության դեմ հանցագործությունները՝ 8.6 տոկոսով։

Միաժամանակ աճել են նաեւ ապօրինի զենքի շրջանառության բացահայտումները՝ 244 դեպքով, թմրամիջոցների գործերը՝ 685-ով, առգրավված զենքը՝ 42.2 տոկոսով։ Սա «արդյունավետ պայքար» չէ։ Սա ցույց է տալիս, որ զենքն ու հանցավորությունը պարզապես ավելի շատ են դարձել, իսկ դրա իրական պատճառը այլ տեղում է։ Իրավապահ համակարգը վաղուց շեղված է իր հիմնական գործառույթից։

Այն զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով, ընդդիմադիրների նկատմամբ ճնշում գործադրելով, ոչ թե հանցավորության դեմ համակարգային պայքարով, ինչի հետեւանքով «փողոցը» մնացել է վերահսկողությունից դուրս։ ՆԳՆ-ն կարող է խոսել նոր մեթոդաբանությունից, հաշվառման փոփոխություններից, բայց իրականությունը չի փոխվում։ Իրականությունը փողոցում է՝ կրակոցների, սպանությունների եւ աճող բռնության տեսքով։ 2026 թվականը նոր է սկսվել, բայց արդեն պարզ է՝ հանցավորության դեմ պայքարում կրկին ձախողել են, հանցագործությունները ոչ միայն չեն նվազում, այլեւ դառնում են առօրյայի մաս։

info@asekose.am/095519696
Հասարակություն more