▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ի վերաբերյալ գործով դատական առաջին նիստը․ Ինֆորմացիան թարմացվում է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

️Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց, դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Դատական նիստն անցկացվեց դռնփակ և սկսվելուց մոտ 20 րոպե անց ավարտվեց։

***

Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում հայտնեց, որ սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հարցը։

«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ 

Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, իմ անձնական կարծիքով, դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։

Դատավորի քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,-ասաց Զոհրաբյանը։

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի «գործով» դատալսման այս փուլը կանցկացվի դռնփակ

Նման որոշում կայացրեց դատավոր Հակոբ Մանուկյանը, քանի որ, ըստ նրա, կան մասնավոր կյանքին վերաբերող հանգամանքներ։

***

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու հետ կապված դատական ակտի կատարմանը ենթադրյալ խոչընդոտելուն։

***

«Հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին, հեռացնելու ընթացակարգ չկա։ Աշխարհիկ մարդը չի կարող հեռացնել։ Եկեղեցին առանձին է, պետությունն առանձին»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։ «Երբ որ դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզենաս, կարաս անես»,- հավելեց նա։

***

Լրագրողի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք այս դատարանից, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հույս ունեմ, որ բանականությունը և պատասխանատվությունը պետության, ազգի ու եկեղեցու հանդեպ, կգերիշխեն քաղաքական պատվերին»։

Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը և հայկական արժեքները։ Դուք տեսել եք, թե իրար հաջորդականությամբ ինչքան են ոտնահարվում կառույցները և ամեն տեղ ուզում են իրենց ձեռքը դնել՝ իրենց նպատակներին հասնելու համար,լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Սարկավագը։

«Ինչքան էլ հորինվածքներ դնեն, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անել, բացառվում է բարենորոգումը, երբ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ թվացյալ բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Հրայր Սարկավագը։

***

«Վեհափառ Հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորությունը իրականացնելու համար և սա, բնականաբար, ակնհայտ անօրինական և քաղաքական գործընթաց է նրա նկատմամբ»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

***

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։

Քաղաքական-հասարակական մի շարք գործիչներ, հավատացյալ հանրությունը հավաքվել է դատարանի բակում՝ հաջակցություն Կաթողիկոսի։

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էջմիածնում այսօր 16։00 կկայանա Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների դատավարությունը։ Ազգային ամոթի և խայտառակության օր։ 15:00 է, մեքենաների խցանումը Արգավանդից մինչև Մայր Աթոռ է։ ՀԱՅԵՐԸ գնում են սատարելու իրենց Հայրապետին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more