▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն. Բագրատ Սրբազանը՝ Վանաձորում

Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն։ Այս պուրակը կոչվում է Արցախ պուրակ, սակայն Արցախն այլևս չկա։Նրանք նահատակ տղաների նկարների առջև գլուխ են խոնարհում, հաջորդ պահին մոռանում՝ ինչու են այս պուրակը Արցախ կոչել։

Բագրատ Սրբազանը՝ Վանաձորում

***

«Գործարարներից մեկը հանկարծ սխալվի, էս շարժման մեջից մեկին բարևի: Ինձ էլ չէ, մեկ ուրիշին: Հաջորդ օրը նրա տանն են: Վստահ եմ` Վանաձորում էլ է այդպես: Մենք այսպիսի՞ հայրենիք ենք երազել»,- Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Անխնա է վերաբերմունքը հատկապես մեր արցախցիների նկատմամբ: Օր չկա, որ ինչ որ ձևով չփորձեն ճնշում գործադրել: Հազար ու մի ձևով փորձում են իրավական ինչ-որ բան գտնել: Ո՞ւմ վրա գտնեք իրավական խնդիրը, նրանց վրա, որոնց տնազրկել եք, հայրենազրկել եք, երկիրը բնաջնջել եք: Այո, ու դա դուք եք արել, Հայաստանի իշխանություն և ստախոս ղեկավար: Ոչ մեկի մի մեղադրեք, դուք չուզեիք, չէր լինի: Այո, դուք չուզեիք, չէր լինի, անկախ նրանից` ադրբեջանցին, ռուսը, թուրքը, եվրոպացին, ամերիկացին ինչ արեցին, դուք չուզեիք, չէր լինի, անկարելի էր, որ լիներ: Եվ այսօր էլ, որ այդ մարդկանց հայրենազրկել եք, հիմա էլ Հայաստանում եք նրանց նկատմամբ ճնշումներ բանեցնում: Երեկ Սամվել Շահրամանյանի նկատմամբ էին ինչ-որ բաներ անում: Անգամ այս շարժման հետ կապ չունեցող արցախցիներին են ճնշում` ասելով` ձեզ հյուրի պես պահեք: Սա ես չեմ մոռանա: Գնացել եք, այդ մարդկանց հյուրընկալությունն եք վայելել, կերել եք, խմել եք ամենավերջին աստիճանի, գլուխ եք գովացել ուրիշների ստեղծածով ու կյանքի հաշվին կերտածով: Եվ հիմա այդ նույն մարդկանց հալածում եք տարբեր պատրվակներով»,- անդրադառնալով արցախցիներին հետապնդումների տարբեր դեպքերին, արձագանքեց Բագրատ Սրբազանը:

***

«Էս մարդիկ պատրաստ են մի ամսից խաղաղության պայմանագիր կնքել, երբ դեռ մեր ռազմագերիներն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում են,- Վանաձորում ընթացող հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը:

«Ի՞նչ է խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որևէ մեկդ տեղյա՞կ եք, գիտե՞ք, ոչ մեկդ տեղյակ չեք: Այսինքն, սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել մեր գլխին, ՀՀ-ի վրա և սա չիմանալն ու չզգալը մեղք է մեզ համար: Ամեն ինչ պետք է ներդնենք, որ այս մարդիկ ժամ առաջ հեռանան և այդ օրը մոտ է, ժողովուրդ, դուք եք մոտեցրել այդ օրերը: Մենք ուղղակիորեն հասել ենք այս հանգրվանին, իրավունք չունենք մեր ձեռքից բաց թողնելու ազատագրման այս վերջին արարը, վերջին ակտը»,- նշեց նա:

***

«Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մտել, և պարզ է, որ իշխանությունները ձեռքները ծալած չեն նստելու, ինֆորմացիոն տեղեկատվական դաշտում այս երկու ամիս տվայտվում են` ինչ-որ բաներ անելու, չի ստացվում: Նույնիսկ նրանցից մեկը նախորդ օրն ասել է, որ ԱԱԾ-ն չի կարող որոշել` ով է գործակալ. տաղա՛նդ: Էն մյուսին դատական գործընթացներով ինչ-որ բան են պարտադրում, ասում է` դատարանը չի կարող ինձ ինչ-որ բան պարտադրել: 30-40 հոգով մարդ են ծեծում-ջարդում, ոչ մի բան, երեխայի երեսին ոստիկանի կոշիկի հետքն են դաջում, էլի ոչ մի բան: Եվ սա վերստին հաստատում է, որ մեր երկրում գործում է մեկ հոգու քմահաճույքը և նա պետք է հեռանա և քանի որ չի ուզում հեռանա, պետք է հեռացվի և հեռացվելու է»,- Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց, որ հունիսի 9-ը ոչ թե վերջին, այլ ամենակարևոր ու առանցքային օրն է։ Այս մասին այսօր Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով Երևանում հունիսի 9-ին կայանալիք հանրահավաքի մասին:

«Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք։ Չասեմ` որքան կտևի, բայց հասնելու ենք այդ մարդու հեռացմանը։ Մենք կարճ ժամանակ ունենք դրա համար։

Այդ մարդն անոնսն արդեն արել է՝ մեկ ամիս։ Հայտարարել է, որ մեկ ամսից պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքելու։ Հայտարարել է, որ ինչ ուզում ես, ասա, մենք էլ կանենք, քո սուրը, մեր պարանոցը, դու տեր, մենք էլ ծառա։ Սա է այս մարդու ասածը։

Հետևաբար, սիրելի ժողովուրդ, կիրակի երեկոյան 18․30 լինելու ենք Հանրապետական հրապարակում վերջնական գործողություններ իրականացնելու համար: Ոչ թե Բագրատ Սրբազանին վարչապետ կարգելու, այլ այս մարդուն հեռացնելու համար»,- նշեց Բագրատ Սրբազանը:

***

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Դիտեք նաև՝

Վանաձորում հանրահավաքի ժամանակ իր ելույթի սկզբում Բագրատ Սրբազանը նշեց, որ 88-ի շարժումից ի վեր ամենաակտիվ մասնակիցներից մեկն են եղել վանաձորցիները: «Վանաձորն ու Գուգարաց աշխարհը մեծ նահատակությամբ են անցել։ Բազմաթիվ տղաներ ունենք մասնակցած ոչ միայն 44-օրյա, այլ նաև Արցախյան առաջին պատերազմին։ Անգամ Նախիջևանում գերի ընկածներ ենք ունեցել»,- նշեց նա:

***

Վանաձորում հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջարկությամբ ծափահերով ու բացականչություններով ողջունեցին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ով այս պահին անազատության մեջ է:

Ավելի վաղ, մինչ Վանաձոր հասնելը Բագրատ Սրբազանն ասել էր. «Ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուն պես ողջունել Մամիկոն Ասլանյանին՝ ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին, որը արդեն 2 տարի է, ինչ առանց մեղադրանքի գտնվում է կալանքի տակ: Ո՛չ մեղադրանք կա, ոչ մի բան չկա, պարզապես կալանքի տակ է մարդը։ Այսօրվա «ժողովրդավար» Հայաստանի դեմքը սա է։

Այս իշխանություններն առավոտից գիշեր աղաղակում են՝ ասելով՝ «լեգիտիմ ընտրվել ենք»։ Իսկ ի՞նչ է, Վանաձորի քաղաքապետը լեռգիտիմ չի ընտրվե՞լ, ինչո՞ւ է կալանքի տակ»:

***

Վանաձորի Արցախ պուրակն անգամ երկերեսանիության ապացույց է, ելույթ ունենալով Վանաձորի Արցախ պուրակում, նշեց Բագրատ Սրբազանը:

«Այս պուրակը կոչվում ք Արցախ պուրակ, բա ինչո՞ւ է Արցախ պուրակ, եթե Արցախ չկա` գոնե հիմա: Այստեղ բերում են, ծաղկեպսակ են դնում, գլուխ են խոնարհում, դա երկերեսանիություն է: Ես ինքս տեսել եմ այդ գլուխ խոնարհողներին` ճարպակալած աչքերով, որ հաջորդ վայրկյանին անգամ մոռանում են` ինչու համար էր այդ ամենը: Բա ի՞նչ իմաստ ունի, եթե դուք մեծ իմաստով չեք հավատում այդ արժեքեներին, ի՞նչ իմաստ ունի մնացածը: Էս մարդիկ մեկ հավատ ունեն` փող, շատ փող, դյուրին հասանելի փող, որ կարողանան ծառայեցնել իրենց քմահաճույքներին, մարդկանց ռեպրեսիաների ենթարկեն, ուսուցիչներին, գործարարներին, բոլորին լռեցնեն»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more