Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
ՀԺ-ն գրում է․ «Օրերս մամուլում լուրեր հայտնվեցին, որ մարտի 6-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։10-ի սահմաններում տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս դեպքի հետ կապված «Հայկական ժամանակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ադամյանն է, իսկ նրան սպանողը՝ Ուզբեկստանի քաղաքացի, որը ազգությամբ տաջիկ է:
Ուզբեկստանի քաղաքացին քայլելու ընթացքում Ռուբեն Ա.-ին ասել է, որ ինքը Քրիստոսն է։ Ռուբեն Ա.-ն նրան ասել է, որ այդպիսի բան հնարավոր չէ։ Դրանից հետո Ուզբեկստանի քաղաքացին գրպանից դանակ է հանել և հարվածել Ռուբեն Ա.-ի որովայնին:
Մեր տեղեկություններով՝ Ուզբեկստանի քաղաքացին հայտնել է, որ սպանելու նպատակ չի ունեցել, պարզապես կարծել է, թե տվյալ անձի մեջ սատանա կա, և ցանկացել Է այդ եղանակով դուրս բերել, սակայն սպանելու նպատակ չի ունեցել։
Վերջինս նաև հայտնել է, որ ինքը Քրիստոսն է, որին ուղարկել է Ալլահը, և կոչ է անում բոլոր ազգերին ու ժողովուրդներին ընդունել իսլամ, որպեսզի նրանք ազատություն ստանան։
«Եթե մարդիկ ընդունեն Քրիստոսի կոչը և գնան Ալլահի մոտ, կլինեն ճիշտ ուղու վրա, կստանան ազատություն և հաջորդ կյանքում դատաստանի ժամանակ կհայտնվեն դրախտում»,- ասել է նա»:


