▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի բացառվում, որ ԱԳ նախարար հանդես եկող անձն անցել է թշնամու կողմը»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահազանգ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն և պատկան իրավապահ մարմիններ:
ՀՀ ԱԳ նախարար հանդես եկող Արարատ Միրզոյան անուն-ազգանունով մի անձի՝ այսօր ԱԺ-ում հայտարարություններից պարզվել է, որ նշված անձը
- շեղվել է ՀՀ ազգային անվտանգության գործող ռազմավարության մեջ տեղ գտած Նիկոլ Փաշինյանի ուղերձից,
- նույն փաստաթղթի կարևոր դրույթներից,
- շեղվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից ու միջոցառումների ծրագրից և չի՛ կատարում դրանք,
- ակնհայտորեն կրկնում է թշնամի երկրի առաջնորդին:
Ըստ այդմ՝ ամենևին չի բացառվում, որ ՀՀ վարչապետին, ԱԱ ռազմավարության ու կառավարության ծրագրին դեմ դուրս եկած նշված անձը անցել է թշնամու կողմը և գործում է ՀՀ-ի դեմ՝ խաթարելով Հայաստանի անվտանգության երաշխիքների ամրապնդմանը։
Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել վերոնշյալ անձի` պետության դեմ ուղղված գործողությունները չեզոքացնելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Իրեղեն ապացույցները՝ ստորև.
«2005 թվականին ես նամակ գրեցի այն ժամանակվա Հայաստանի նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, որտեղ ասացի, որ դա մի հարց է, որի ուսումնասիրմամբ պատմաբանները պետք է զբաղվեն, ոչ թե մեզ նման քաղաքական գործիչները։ Թուրքական արխիվներում այդ հարցի շուրջ միլիոնավոր փաստաթղթեր կան, որոնցից ավելի քան մեկ միլիոնը ուսումնասիրվել են` Քոչարյանին ուղարկված իմ նամակից հետո։ Ես գրել էի նրան` «եթե ձեր երկրում էլ կան արխվներ, բացեք դրանք, եթե պատմաբանները չեն կարող բավարար չափով լույս սփռել տեղի ունեցած իրադարձությունների վրա, թող նրանց ջանքերին միանան իրավաբանները, քաղաքագետներն ու հնէաբանները»։
Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ, 2010 թ., մարտի 29
«Պատմության անցքերը, ողբերգական, Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չի»:
Արարատ Միրզոյան
Մեջբերում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձից (ԳՈՐԾՈՂ փաստաթուղթն ընդունվել է 2020 թ.)
«Ազգային նպատակներ
Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը»:
Մեջբերում նույն՝ ԳՈՐԾՈՂ փաստաթղթից.
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
5.13 Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է: Այն իր արտահայտությունն է գտնում թե՛ տարածաշրջանային անվտանգության և թե՛ միջազգային համագործակցության ուղղություններով Հայաստանի ռազմավարական մոտեցման տրամաբանության մեջ:
5.14 Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը մեր արտաքին և պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է:
5.15 Ցեղասպանության կանխարգելումը միջազգային ասպարեզում մեզ համար ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը և նրա կողմից ստեղծված պետությունը հանձնառու են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի և նրանց անդամների կյանքի իրավունքի պաշտպանությանը:
5.16 Համաշխարհային մակարդակով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է այս հանձնառությունը միջազգային համագործակցության միջոցով և հանդես է գալիս այդ համագործակցության առաջատարի դիրքերից՝ հիմնվելով ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վրա:
5.17 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մեծ ավանդ է ներդնում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
5.18 Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը հարգելը Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության մասն է կազմում:
5.19 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (2021-2026 ԹԹ.) Ծ Ր Ա Գ Ի Ր (մեջբերում ԳՈՐԾՈՂ փաստաթղթից).
«Արտաքին քաղաքականություն
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Ծ Ր Ա Գ Ի Ր
(մեջբերում ԳՈՐԾՈՂ փաստաթղթից).
«Արտաքին գործերի նախարարություն
3.2 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղում՝ ուղղված Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը:
Ակնկալվող արդյունք
Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության առաջմղում»:

***

«ՀՀ ԱԳ նախարարը ՀՀ ԱԺ-ի շենքում հայտարարում է, որ ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգային առաջնահերթություն չի։ Դրան կարող է հետևել ինչ ասես»,-ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությանը։ Մամիջանյանը նշեց, որ մինչ այդ հայտարարությունն էլ իրենք ցեղասպանության ճանաչման հետ կապված ոչ մի բան չեն արել։ «Վերջին 6 տարում ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Հայ Դատի, ազգային կուսակցությունների, անհատների աշխատանքի շնորհիվ։ Իրենք ոչ մի բան չէին էլ անում։ Ուղղակի հայտարարել, որ չեն էլ անելու, դա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ Դա մի նոտա չէ, արդեն երգ է։ Երգը կոչվում է թուրքական շվիի տակ պարել։ Խնդիրը էն մեսիջն է, որ փոխանցվում է Թուրքիային»,-ասաց Մամիջանյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more