▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ Նորվեգիայում

Ավանդույթի համաձայն Նորվեգիայի փոքրաթիվ հայկական համայնքը այս օրերին կազմակերպել է միջոցառումներ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցելու հայ ազգի մեծ բարեկամներ նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենին և Բուդիլ Բյորնին:  

Ս.թ. ապրիլի 24-ին Օսլոյից ոչ հեռու կտնվող Օս քաղաքի բնագիտական համալսարանում կկայանա մեծ հայասեր և մարդասեր, Նորվեգացի միսսիոներ Բուդիլ Բյորնի մասին ԻՆՁ ԿՈՉՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԻԿ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Նույն օրը Ագդերի Համալսարանում կկայանա դասական համերգ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին երաժիշտներ Տիգրան Բերկելյանի, Նարեկ Դարբինյանի, Մարիամ Խառատյանի, Մարիտ Բիրկեդալ Աասի, Սոնդրե Ռինգսեվյենի մասնակցությամբ:

Ս.թ. ապրիլի 28-ին Նորվեգիայում Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ` Օսլոյի և մերձական բնակավայրերի հայերը կայցելեն Բաերում համայնքում գտնվոգ Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածք, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի Ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասեր ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր: Նրա գերեզմանին ոգեկոչման ճառեր կասվեն, ծաղիկներ կդրվեն և կկատարվի մոմավառություն: Հիշատակի միջոցառման ավարտին Նանսենի տան բակում կլինի հյուրասիրություն: 

Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բերգենում կա Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված և Հայոց Ցեղասպանությունը ոգեկոչող խաչքար, որը տեղադրվել է 2007թ. ապրիլին: Տեղի հայերը ամեն տարի այս օրերին հավաքվում են խաչքարի մոտ ոգեկոչման միջոցառումներ կազմակերպում: 

Օրվա խորհրդի հետ կապված` ս.թ. ապրիլի 21-ին Amatøren ուսանողական միությունը, հայկական նախաձեռնություններից անկախ` կազմակերպել էր Ատոմ Էգոյանի հանրահայտ ԱՐԱՐԱՏ ֆիլմի ցուցադրություն:

Նորվեգիայի հայկական համայնքը տարբերվում է Եվրոպայի դասական հայկական համայնքներից, քանի որ այն համեմատաբար փոքրաթիվ է ու նոր: Համայնքը հիմնականում բաղկացած է Միջին Արևելքից, Իրանից և Հայաստանից ոչ վաղ անցյալում ներգաղթած հայերից: Հայերը սփռված են Նորվեգիայի տարբեր մարզերով և չկայ հայաշատ ավաններ կամ թաղամասեր: 

 

 

Էրիկ Գրիգորյան

Օսլո, Նորվեգիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more