▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդին Մորիկյան.Միջին հայի պատկերացումները

Այսօր հրապարակախոս, լրագրող Այդին Մորիկյանի ծննդյան օրն է. նա այսօր կդառնար 55 տարեկան: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք նրա խմբագրականը, որը տպագրվել է «Ժամանակ Երևան» թերթում, 2008թվականի  հուլիսի 24-ին:

«Խորաթափանց ընթերցողն, անշուշտ, միանգամից հասկացավ, որ սա «միջինացված» խմբագրական է: Այսինքն` միջին հայի պատկերացումները միջին հայի մասին և միջին հայի համար: Միջին, բայց` իսկական-բուն-ճիշտ հայի մասին: Դրա տարբերությունը բոլոր մնացած նորմալ մարդկանցից` կարծում եմ, ակնհայտ է բոլորի համար: Եվ ոչ միայն էսօրվա ֆոնին և օրինակի վրա: Խորենացուց էլ առաջ: Թե չէ Խորենացին էդպիսի բաներ չէր գրի:

Էդ էն միջին հայն է, որը մարտի 9-ին ուրախանում է, որ մարտի 8-ն անցել է, ապրիլի 8-ին` որ ապրիլի 7-ն է անցել, թեև, մեր մեջ ասած, իրեն ոչ դրանց նախորդ օրը, ոչ էլ նախորդող օրերին չի կոտորել բնավ: Չէր էլ պատրաստվում: Ու չի էլ պատրաստվում:

Էդ էն միջին հայն է, որը զզվելով-զզվում է Նոր տարի կոչվող միջոցառումների պարտադիր շարքից ու էդ զզվանքով էլ պատրաստվում է դրան, կազմակերպում դրանք, մասնակցում դրանց` ամեն տարի իր բախտն անիծելով ու որոշելով հաջորդ տարի անպայման այլ վայրում դիմավորել: Շատ լավ իմանալով, որ չի անելու ու մի տարի հետո էլի զզվելով...տես` վերը:

Էդ էն միջին հայն է, որը հստակ գիտի, որ ինչ-որ բաների պետք է հավատալ, իսկ ինչ-որ բաների էլ` ոչ. բայց չգիտի` ինչին հավատա, ինչին` ոչ: Ու շատ հաճախ կամ էլ գրեթե միշտ` դրանց տեղերը խառնում է: Հավատալ-չհավատալու, վստահել-չվստահելու: Ով ումի տեղերն էլ:

Հենց էդ է միջին հայը փաստորեն:

Նորմալ մարդու դեպքում ո՞նց է. երբ ինչ-որ բան ես հանձնարարում` նա ջանում է այդ հանձնարարությունը կատարել-իրականացնելու միջոցները փնտրել-գտնել: Իսկ միջին հայը մտածում է` ոնց «ցրի» էդ գործը: Բայց ընենց` որ դու մեղավորը դառնաս: Հանձնարարողը:

Այ էս հայի մասին է խմբագրականը-նրա համար-և տալիս է նրա պատկերացումները:

Էնպես որ` գաղափարական բաներ ասածներիս մեջ մի փնտրեք:

Հա, ուրեմն էդ միջին հայը էսօր էսպես է մտածում. ախր գոնե մեր նախագահը «կրող» նախագահ ըլնի:

Թե չէ:

Ինչի նման է:

Կազինոների, մոնտեկառլոների, լասվեգասների ու էլի հազարումի բանի ու տեղի մասին խոսվում է, բայց անընդհատ «էսքան կրվեց-էնքան կրվեց»-ով: Միայն: «Սրան կանչեց, որ փակվի-նրան կանչեց, որ փակվի»: Ու ոչ մի անգամ ոչ մի խոսք էն մասին, որ կրել է: Գոնե մի անգամ: Ընտրությունը` հասկացանք: Չէր էլ կարող:

Բա էդ կազինո՞ն:

Գոնե մի անգամ:

Ու եթե էդքան վատ է խաղում` ինչի է շարունակում խաղալ:

Անընդհատ տարվելով` մինչև ուր:

Օբիդնի ա:

Ահա այսպես է մտածում միջին հայը, որը չի խորանում գաղափարական-քաղաքական-կամ էլ` բարոյական ինչ-որ ենթաշերտերում ու պարզապես ուզում է «կրող» նախագահ ունենալ:

Ոչ թե կրվող:

Ամեն ինչ:

Երկիր, պաշտոն, փող, ընտրություն, հեղինակություն, արժանապատվություն, քաջություն...

Ու կարևոր էլ չի` որից ինչքան-որտեղ-ինչու:

Կրող նախագահ է պետք:

Այդպես է մտածում միջին վիճակագրական հայը:

Էդպես է ուզում:

Ու, թեկուզև ոչ շատ ակտիվ, բայց պայքարում է հանուն դրա:

Երկրի, ընտրության, արժանապատվության:

Հաղթանակի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more