«Աննա Հակոբյանի ծրագրին մասնակցելով կրթվեցի՞ք...Սրանից հետո բարձրագույն պաշտոնների համար բացառապես էդ հանդիպումներին մասնակցողներին եք առաջադրելու՞»․ Քրիստինե Վարդանյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին
«Իշխող ուժն անգամ իր համար է նոր նշաձող սահմանել. ԲԴԽ-ի թեկնածու է բերել մեկին, ով այնպիսի հայտարարություններ է արել, որ չենք էլ կարող կարդալ՝ ցույց տալու համար իր արժեհամակարգը, որովհետև ոչ ցենզուրային լեքսիկոն չենք օգտագործում»,- ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Պատգամավորը, դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին, հարց ուղղեց. «Աննա Հակոբյանի կրթական ծրագրին որ մասնակցում էիք, կրթվեցի՞ք: Բարձրագույն պաշտոնների համար բացառապես այդ հանդիպումներին մասնակցողներին եք առաջադրելո՞ւ: Դուք ներկայացնում եք այն արժեհամակարգը, որով առաջնորդվում է ՔՊ-ն»: Վարդանյանը համոզմունք հայտնեց որ բոլոր նրանք, ովքեր կողմ են քվեարկելու Ալեքսանդր Սիրունյանին, կիսում են նրա արած արտահայտությունների պատասխանատվությունը:
***
«Մի քանի գնահատականներից ելնելով՝ այսօրվա ԲԴԽ անդամի թեկնածուն չի համապատասխանում, անընդունելի, անհամատեղելի է նրա՝ ԲԴԽ-ում գտնվելը»,- Աժ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին նա կուսակցության անդամ է և, դատական խորհրդի անդամ լինելով, չի կարող կուսակցության, իշխանության տված ցուցումները չկատարել: «Պարոն Սիրունյանը քաղաքացիական զսպվածության պահպանման մեջ մեծ թերություններ ունի. անհատական պահվածքը՝ ատելություն սերմանելը, գրառումները»,- նշեց Օհանյանը և խոսք ուղղեց Սիրունյանին. «Պարոն Սիրունյան, դուք ասում եք, որ կոլեկտիվ էջ ունեք, էդ կոլեկտիվ էջում գլուխ էիք պահո՞ւմ: Ինչո՞ւ չէիք վերահսկում: Իրականում տարբեր գրառումներ ապացուցում են, որ ատելության խոսքը դուք իրականացրել եք: Դուք ձեզ հակասում եք. մի կողմից նույն ազգամիջյան՝ արցախյան և այլ հատվածներ, ատելություն սերմանելը, մյուս կողմից ասում եք, որ «իմ մայրը Արցախից է»: Այդ դեպքում ի՞նչ վիճակում եք եղել այդ գրառումները իրականացնելիս»: *** |
«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով ոչ միայն ատելության խոսքի հսկայական մի բարձր «պլանկա» է սահմանել, այլ նաև շարունակում է այդ վարքագիծը. ոչ մի զղջման խոսք»,- ԱԺ ամբիոնից ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին: «Այդքանից հետո, երբ որ ՔՊ-ն, ով հանդես է եկել առաջարկությամբ՝ թեկնածուին ներկայացնելու, շարունակում է պաշտպանել այս մարդուն»,-նշեց Մինասյանը և ընդգծեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է Սիրունյանի բարեվարքության եզրակացությունը: «Այդքանից հետո, եթե դուք շարունակում եք պնդել, նշանակում է ձեզ համար չկա ոչ մի անկախ կառույցի գնահատականի անհրաժեշտություն, ոչ մի հասարակական սեկտորի կողմից տրված տեսակետ: Ձեզ համար կա նեղ խմբային ինչ-որ հատվածի շահերը սպասարկելու բացառիկ ձգտում»,- ասաց Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին: |